Ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին այսօրվա հանդիպումից: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը նկատում է՝ բանակցային օրակարգային հարցերից հանրությունը պետք է քիչ թե շատ տեղյակ լինի: Հիշեցնենք, որ վաղվա հանդիպումն արդեն չորրորդն է լինելու, եւ այս ընթացքում նրանք բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել:
-Այսօր տեղի կունենա Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հանդիպումը: Այս տարվա մեջ սա 4-րդ հանդիպումն է: Ի՞նչ ակնկալել հերթական հանդիպումից:
-Իրավացի եք՝ այս տարվա ընթացքում սա 4-րդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարին, որը հունվարի 11-ի եռակողմ հայտարարության ամփոփն էր: Մյուսն ապրիլին է տեղի ունեցել: Վարչապետ Փաշինյանը Մոսկվա է այցելել հունիսին՝ վարչապետի պաշտոնին վերընտրվելուց հետո, եւ սա թվով 4-րդ հանդիպումն է: Հանդիպման առաջարկը եղել է ռուսական կողմից: Կարող եմ ասել, որ թուրք ադրբեջանական տանդեմը խորանում է իր բոլոր վտանգավոր ռիսկերով: Եվ, իհարկե, այդ ֆոնին Փաշինյան-Պուտին հանդիպումը կարեւոր է: Կարեւոր է հասկանալ Արցախում հետագա զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առկա իրավիճակ պետք է հասկանալ եւ նաեւ առկախված հումանիտար խնդիրները, ինչպես նաեւ գերիների վերադարձը լուծելու հարցը:
-Նախաձեռնող կողմը Ռոսաստա՞նն է, եւ այսպիսի մի դիտարկում. հատկապես այս օրերին շատ է խոսվում 3+3 բանաձեւի մասին, որի մի մասն է կազմում նաեւ ճանապարհների ապաշրջափակումը, եւ այս կոնտեքստում նաեւ այն ճանապարհը կամ երկաթուղին, որը պետք է Ադրբեջանի մի տարածքով, Հայաստանով անցնի դեպի Նախիջեւան: Ըստ Ձեզ՝ այս հարցերը կարո՞ղ են լինել Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ:
-Ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր եւ ոչ միանշանակ իրավիճակ ունենք տարածաշրջանում, որովհետեւ յուրաքանչյուր կողմ ձեւաչափային իր առաջարկով է հանդես գալիս: Կա Մինսկի խմբի հայտնի ձեւաչափը. համախանագահող երկրներից մեկը վերջերս հայտարարեց, որ պատրաստակամ են կազմակերպելու Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպում: Մինչ այդ Նյու-Յորքում են հանդիպում կազմակերպել: Մինսկի խումբը պետք է մանդատ ունենա համապարփակ լուծման շուրջ բանակցություններ ուղղորդելու գործում, ինչը նաեւ վերաբերում է կարգավիճակի խնդրին եւ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիային: Մյուս ձեւաչափը, որն ակտիվորենն քննարկվում է, 3+3 ձեւաչափն էր, որի մասին Լավրովը քննարկեց նաեւ իրանցի գործընկերոջ հետ՝ նշելով որ այժմ աշխատանք է տարվում հայկական կողմի հետ: Սա իրականում ընկալվում է որպես թուրքական նախաձեռնություն, բայց սա ավելի շատ իրանական նախաձեռնություն է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանն առաջարկել է, որպեսզի խնդիրեները լուծեն Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա ձեւաչափի միջոցով, իհարկե, հասկանալի պատճառներով նաեւ իր դերակատարումն այդ իրավիճակում ներկայացնելու տեսանկյունից: Հիմա դա է ակտիվ քննարկվում: Իմ դատարկմամբ՝ կողմերն ունեն բավականին տարբերվող մեկնաբանություններ այս ձեւաչափի շուրջ: Թուրքական կողմի համար սա Մինկսի խումբը քանդելու ամենաարագ միջոցն է: Մյուս առումով հետաքրքիր է այն, որ կա եռակողմ ձեւաչափ՝ Բաքու-Մոսկվա-Երեւան, որը նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ձեւաչափն է: Այսինքն՝ մենք գործ ունենք մի քանի ձեւաչափերի հետ: Վստահ եմ, որ առկա իրավիճակն ու Իրան-Ադրբեջան լարվածության հիմք հանդիսացող «միջանցքի» մասին խոսակցություններն ու խնդիրները պետք է դառնան օրակարգի մաս:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՆՈՐ ԳՈՐԾ ԵՆ ԳՏԵԼ
Դեռեւս հոկտեմբերի 1-ին ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Եղիշե Սողոմոնյանին իշխանությունը նպատակ ունի «գործուղել» Հաշվեքննիչ պալատ: Մենք տեղեկացանք, որ հոկտեմբերի 18-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արդեն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցով պատրաստվում է նիստ հրավիրել: Հանձնաժողովը հենց այդ օրը պետք է կողմ քվեարկի Սողոմոնյանի թեկնածությանը, որպեսզի արդեն Աժ ամբիոնի մոտ վերջինս ներկայացնի իր ծրագրերը, ու կազմակերպվի ընտրությունը: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ Սողոմոնյանը իշխանության սրտով թեկնածու է, ու, կարծես թե, որեւէ խնդիր չի առաջանալու ընտրությունների հարցով: Հավելենք, որ ՀՅԴ-ական Արա Նռանյանի պալատի անդամության ժամկետը լրանալուց հետո տեղը «բաց» էր մնացել, ինչի համար որոշվել է Եղիշե Սողոմոնյանին այնտեղ տեղավորել աշխատանքի:
ՊԵՏԻ ՈՐԴԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դանակահարության դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ 14-ամյա Գոռ Ասատրյանին, որ թիվ 51 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ է, դանակահարել է Արաբկիր վարչական շրջանի 127 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վլադիմիր Եղիազարի Ավագյանը, որի հայրը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային -իրավական համագործակցության վարչության պետ: Ըստ լուրերի` իրավապահները փորձում են դեպքը փակել, քանի որ դանակահարված տղայի կյանքին վտանգ չի սպառնում, ուստի փորձում են տղայի ծնողներին համոզել բողոք չգրել դատախազի որդու դեմ: Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Տիգրանյան 5 շենքի բակի այգուց «կրծքավանդակի ձախ կեսի թիկունքային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան հիվանդանոց է տեղափոխվել մեկ երեխա: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 14-ամյա Գոռ Ա.-ն է: Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
ԴԱՏԱՐԱՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆԱ
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի ներկայանալու դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա այդպես էլ չի ստացել դատարանի ծանուցումը: Հիշեցնենք, որ նա հայտնել էր, որ դեռեւս ծանուցում չի ստացել, չստանալու դեպքում նա դատարան չի ներկայանա: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 14-ին Երեւան քաղաքի դատարան մուտքագրվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործը: Վերջինիս ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել ներկայումս ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի հիման վրա, թե Ռուբեն Վարդազարյանը, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:
Եվ, ահա, այս գործով նիստ նշանակվել է 2021 թվականի հոկտեմբերի 11-ին, սակայն Ռուբեն Վարդազարյանը դեռեւս դիմում չի ստացել: Ի դեպ, դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. դատավորները նիստ են հրավիրում, բայց գործով վկաներն ու մեղադրյալները ծանուցում չեն ստանում եւ դատարան չեն ներկայանում: Ավելին, նկատենք, որ այս գործով դատական նիստերը նշանակված են, ինչը ենթադրել է տալիս, որ Ավանի դատարան կներկայանա նաեւ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ուշագրավ դեպք են բացահայտել: Նարեկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ. ընթացքում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի տարածքում գտնվող «Փուչիկներ» կոչվող տեղանքի հենակետում անցկացված զորավարժությունների ընթացքում կորցրած դրամապանակը փնտրելու նպատակով 2021թ. մայիսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իրեն պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքից ուղեւորվել է դեպի Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի հիշյալ տարածք, որտեղ փնտրել է դրամապանակը, ապա, այն չգտնելով, տունդարձի ճանապարհին Փուչիկներ կոչվող տեղանքի հենակետի շենքից դեպի դաշտամիջյան տարածք գնալով, ծառի վրա նկատել է փաթաթված մալուխ, մեքենայից վերցրած հարթաշուրթով կտրել է մալուխի ծայրերը, որից հետո քաշել եւ իջեցրել է ՀՀ ՊՆ Ն զորամասի Փուչիկներ կոչվող տեղանքի հենակետի կապն ապահովող շուրջ 100 մետր Պ-270 տեսակի եւ էլեկտրաէներգիա ապահովող շուրջ 70 մետր մալուխները, տեղափոխել Վանաձոր քաղաք եւ հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ՝ զորամասին պատճառելով 190000 դրամի վնաս: