Թբիլիսիում սկսվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հանրահավաքը՝ վերջինիս ազատ արձակելու պահանջով: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հանրահավաքը կազմակերպել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը», որը հիմնադրել է պետության նախկին ղեկավարը: Նշվում է, որ ակցիային մասնակցում են հազարավոր մարդիկ:
Կազմակերպիչները բեմից ողջունել են հավաքվածներին: Էկրաններին ցուցադրվել է Սաակաշվիլիի լուսանկարը: Հանրահավաքը մարդաշատ է, մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը լցված է մարդկանցով, շարունակում են ժամանել քաղաքական գործչի կողմնակիցները: Տարբեր տարիքի մարդիկ, ոմանք՝ փոքր երեխաներ, եկել են աջակցելու Սաակաշվիլիին և պահանջում են ազատ արձակել նրան, հայտնում է գործակալությունը:
Իրավապահները փակել են երթևեկությունը Ազատության հրապարակի հարակից բոլոր փողոցներում, այդ թվում՝ Շոթա Ռուսթավելի պողոտայում, Պուշկինի և Լեոնիձեի փողոցներում: Միեւնույն ժամանակ, բոլորը կարող են անարգել ոտքով գնալ:
«Протесты в мире» տելեգրամյան ալիքը նշել է, որ ցույցին մասնակցում է մոտ 50 հազար մարդ: