ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական դպրոցներում հնարավոր է առաջիկայում լոլիկ աճեցնել եւ վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան դպրոցներում հնարավոր է առաջիկայում լոլիկ աճեցնել եւ վաճառել: Այո, ճիշտ հասկացաք. հայկական դպրոցներում կաճեցվեն լոլիկ, վարունգ, կարտոֆիլ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում հանրակրթական դպրոցներն իրավունք կստանան իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դպրոցների կողմից ջերմոցային, հիդրոպոնիկ կամ այլ եղանակով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն ու իրացումը կիրականացվի ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական ջերմոցներ, բանջարանոցներ, այգիներ» նախաձեռնության շրջանակներում:

Այս մասին որոշման նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քիչ առաջ է ներկայացրել հանրային քննարկման: Այս նախարարությունում հույս ունեն, որ հայկական դպրոցները կկարողանան աճեցրած գյուղմթերքով ոչ միայն ֆինանսական հարցեր լուծել, այլեւ՝ աշակերտները սննդով կապահովվեն։

Բայց մի խնդիր, հանրակրթական դպրոցի գործունեության առարկան և նպատակը ներկայումս չեն ներառում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը և իրացումը։ Այս պատճառով, նախարարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ:

Արդյոք դպրոցների գյուղատնտեսությամբ զբաղվելու վերաբերյալ ծրագիրը պտղաբեր կլինի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց այս թեմայի շուրջ որոշ մասնագետներ արդեն սկսել են անհանգստանալ. նրանք մտահոգված են, որ սա չդառնա փողերի լվացման հերթական ծրագրերից մեկը:

Ս.Հ.




Լրահոս