ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատվաստվելու կեղծ սերտիֆիկատների գործով ԱԱԾ-ն երեք անձ է կալանավորել. Գյումրիի պոլիկլինիկայի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատների քրեական գործով կա երեք կալանավորված: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով մի շարք անձինք են ձերբակալվել, բայց ներկա պահին կա կալանավորված երեք անձ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:

Նշված ապօրինի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները, չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահանջները, պատշաճ կերպով չի ապահովվել բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը, վտանգի տակ է դրվել պետության կողմից երաշխավորված և համավարակից պաշտպանվելու այլ անձանց իրավունքները: Ընդ որում, պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Քնար Մանուկյան




Լրահոս