Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում, արագ արձագանքում ու բացահայտում, ինչպես և աչալուրջ հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։
Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 3, առանց վարորդական վկայականի՝ 2, ժամկետանց վարորդական վկայականով՝ 2 անձ, 11 անձ էլ մեքենան վարել է՝ չունենալով տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար համապատասխան կարգ։ 1 տրանսպորտային միջոց շահագործվել է փոխարինված համարանիշերով, 7-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Հայտնաբերվել է ստանդարտին չհամապատասխանող լուսային ու ձայնային ազդանշաններով 2 մեքենա։
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք, հայտնաբերել մահակներ ու դանակներ, ինչպես և հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 10-ից ավելի անձի։
Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։