
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Դանվերս քաղաքում ամերիկացի ընտանեկան զույգը երեխաների հետ մոլորվել է եգիպտացորենի լաբիրինթոսում,- հաղորդում է Associated Press-ը: Ընտանիքի անդամները որոշել են զբոսնել լաբիրինթոսում, սակայն շուտով հասկացել են, որ չեն կարողանում ինքնուրույն գտնել դուրս գալու ճանապարհը: Երբ սկսել է մթնել, նրանք խուճապի են մատնվել և զանգահարել են փրկարար ծառայություններ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները շների օգնությամբ 10 րոպե անց փրկել են ընտանիքին: Պարզվել է, որ նրանք եղել են լաբիրինթոսի մուտքից 8 մետր հեռավորության վրա: Եգիպտացորենի լաբիրինթոսը Հյուսիսային Ամերիկայում բավական հայտնի ատրակցիոն է: Ամենամեծ լաբիրինթոսը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Դիքսոն քաղաքում. նրա տարածքը կազմում է 180 հազար քառակուսի մետր: