Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության օրվանից անմիջապես հետո հանրային տիրույթ են բերվել մարդկանց խմբերի բաժանող, վիրավորանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունը զարգացնող նոր վտանգավոր դրսևորումներ:
Խոսքը հասարակության բևեռացումը խորացնող արհեստական բաժանումների մասին է, ընդ որում այդ արատավոր դիսկուրսի հիմքում են «նախկին ու նոր», «սև ու սպիտակ», «ժեխ», «զոմբի», «ծախված», «դավաճան» և այլ արտահայտություններով մարդկանց վիրավորելու դատապարտելի թեզերը:
Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական ուժերին, հանրային գործիչներին ու, առհասարակ, բոլորին կոչ է անում ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ դրան նպաստող բառապաշարից: Պետք է հաշվի առնել անգամ բառերի կամ արտահայտությունների փոխաբերական իմաստներն ու ընկալման հնարավորությունները հասարակությունում:
Կարևոր է լրագրողների ու լրատվամիջոցների դերը, որոնք պետք է առավել ուշադիր լինեն իրենց կողմից տարածվող տեղեկությունների բնույթի և նյութերի վերնագրերի նկատմամբ:
Մարդուն չի կարելի ենթարկել խտրականության քաղաքական հայացքների համար:
Ցանկացած գործընթաց պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության վրա, իսկ ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: