Կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի Գորիս եւ Մեղրի խոշորացված համայնքներում:
ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանն անձամբ չի մասնակցել՝ հույս ունենալով, որ իր մերձավոր շրջապատը կկարողանա լուծել հաղթանակի հարցերն ավտոնոմ եղանակով, ինչը ոչ միայն չստացվեց, այլ միայնակ տապալվեցին:
Իսկ ովքեր տապալեցին Գորիսի ընտրությունները եւ պարտվեցին կալանավորված Առուշ Առուշանյանին: Կայացած ՏԻՄ ընտրությունների համար ՔՊ-ն դերաբաշխում էր կատարել եւ մարդկանց ուղարկել ինչպես Գյումրի, այնպես էլ Գորիս: Սյունիքի մարզում քարոզարշավի եւ հաղթանակ ապահովելու պատրաստակամությունն իր վրա էր վերցրել պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը եւ թերեւս նա գլխավոր պատասխանատուներից է: Սակայն Արմեն Խաչատրյանը միայնակ չի եղել. նրա հետ Գորիսում քարոզարշավ են իրականացրել մի քանի պատգամավորներ եւս՝ Արթուր Հովհաննիսյան, Հայկ Կոնջորյան, Գևորգ Պապոյան, Արփի Դավոյան, Կարեն Համբարձումյան, որը եւս սյունեցի է, Հռիփսիմե Գրիգորյան, Ռուստամ Բաքոյան, Հայկ Սարգսյան եւ այլք: Նրանք պետք է կարողանային հաղթանակ ապահովել առանց Փաշինյանի քարոզարշավի:
Սակայն պարզվեց, որ իրականում մինչեւ հիմա ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից այն կողմ ոչ մեկին չի տեսնում ու չի հավատում. բոլորը կախված են իրենից: