ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՎԱՌԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տանը կամ բակում շուն եւ կատու պահող Երեւանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառեն իրենց կենդանիներին։ Երեւանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ եւ ինչպես է արվելու հաշվառումը:  «Կանոնների մեջ սահմանվել է մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների եւ կենդանիների անվտանգության հետ, եւ 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,-մանրամասնել է Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանը:

 

«Նոր փոփոխություններով՝ խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին եւ կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ՝ կենդանու՝ փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնականը նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,-ասել է Երեւանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:

Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու եւ հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անանսանաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների եւ նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:

Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաեւ թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։ Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու եւ հաշվառելու համար քաղաքացիներից որեւէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի՝ ո՛չ այս, ո՛չ էլ հաջորդ տարի: Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել տուգանք:

«Մեր նպատակը ոչ թե գումարներ հավաքելն է քաղաքացիներից, այլ հաշվառման տվյալների ձեռքբերումն է: Կարեւոր է, որ մարդիկ հասկանան, որ կենդանի պահելը պատասխանատվություն է, ոչ միայն կենդանու, այլեւ շրջապատի առջեւ»,-ընդգծում է Գեւորգ Նազարյանը: Ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաեւ, որ իրենք կարող են եւ չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե, օրինակ, ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն: Այս ամենն արվում է ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ, իհարկե, կենդանիների համար: Այժմ խորհրդարանում է նաեւ օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը: Համայնքն իր հերթին նաեւ տարբեր ծրագրեր է նախաձեռնում, որոնց շնորհիվ քաղաքում ձեւավորվում են կենդանիներ պահելու նոր մոտեցումներ, եւ ստեղծվում նոր հարմարություններ:

Ն. Պ.

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՉԻ ՆՇԱՆԱԿՎՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքը  եւ  այդ տարածաշրջանի սահմանամերձ 8 գյուղերը միավորող Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները կայացել են 2016թ. սեպտեմբերի 18-ին։ Նույն  օրը տեղի են ունեցել  նաեւ Այրում քաղաքը եւ Դեբեդի հովտի յոթ գյուղերը միավորող Այրում խոշոր համայնքի ղեկավարի  եւ ավագանու, Կողբ եւ Զորական գյուղերն ընդգրկող Կողբ խոշոր համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ։ Նոյեմբերյան խոշոր համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի պաշտոնեական լիազորությունների ժամկետն ավարտվել  է 2021թ. սեպտեմբերի 18-ին, Այրում խոշոր  համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի, Կողբ  խոշոր համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի պաշտոնեական լիազորություների ժամկետը՝ 2021թ. սեպտեմբերի 24-ին։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին որոշումներ է ընդունել Կարեն Աբազյանին եւ Արայիկ Պարանյանին Նոյեմբերյան եւ Այրում համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ նշանակելու մասին, սակայն Կողբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար դեռեւս չի նշանակել, ինչը «ՏԻՄ  մասին» օրենքի 27 հոդվածի 2.1 մասի  խախտում է։ Դեկտեմբերի 5-ին տեղի կունենան Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում խոշոր  համայնքները միավորող Նոյեմբերյան համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։

 

ԱՐՔԱՅԻ ՈՉ

ԱՐՔԱՅԱՎԱՅԵԼ ԱՐԱՐՔՆԵՐԸ

Օգոստոսի 27-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում ընթանում է Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Արքա Կորյունի Պետրոսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մեկ միասնական դիտավորությամբ  ընդհանուր 7,5 լիտր կոնյակ հափշտակելու նպատակով  2019թ. դեկտեմբեր ամսից մինչեւ 2021թ. հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով  «Իջեւանի  գինու-կոնյակի գործարան»  ՓԲ ընկերության  բանվոր, տասնհինգ անգամ նույն  ընկերությունից գաղտնի  հափշտակել է 7 լիտր 15 տարվա հնեցման եւ 0,5 լիտր 7 տարվա հնեցման կոյակներ, ինչի հետեւանքով նշված ընկերությանը  պատճառվել է  220 հազար դրամի վնաս։  Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով («Գողությունը, որը կատարվել է զգալի չափերով»): Սույն արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։ Արքա Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒ ԿՆՈՋ

ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարագրում նշված է, որ ունի անհատական բնակելի 2 տուն, երկուսն էլ՝ Երեւանի կենտրոնում: Բացի այս, նախագահը նախորդ տարի մեկ բնակարան է վաճառել. այն գտնվել է Երեւանի կենտրոն վարչական շրջանում: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագահ Սարգսյանն ունի 2014 թվականի արտադրության Range Rover մակնիշի ավտոմեքենա, որը գնել է հենց թողարկման տարեթվին՝ 2014-ին: 2020 թվականի վերջին առկա ավանդի չափը կազմել է մոտ 1 մլն 400 հազար դրամ: Բանկային հաշիվներին Սարգսյանն ունեցել է 4.2 մլն եվրո, 300 հազար դոլար, 201 հազար ռուսական ռուբլի, 7 մլն 327 հազար դրամ, 95 հազար ֆունտ ստեռլինգ: Հայաստանի նախագահի կանխիկ գումարը կազմել է 105 հազար եվրո: Նախագահի ամսական աշխատավարձը գերազանցում է 1 մլն դրամը, այն կազմել է 1 մլն 17 հազար 556 դրամ: Բացի այս, նախագահը «ՎՏԲ Հայաստան» բանկից ստացել է 116 հազար դրամ, որը ձեւակերպված է որպես «այլ եկամուտ»: Իսկ, ահա, նախագահի կինը՝ Նունուֆար Սարգսյանը, ունի մեկ բնակարան, որը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում. նախագահի կինն այն ժառանգություն է ստացել: Թվով 3 ավտոմեքենա ունի՝ «Cadillac»: Բանկային հաշիվներին Նունուֆար Սարգսյանն ունեցել է 125 հազար եվրո, 15 հազար ֆունտ ստեռլինգ, 220 հազար դոլար: Կանխիկ ունեցել է 3 հազար եվրո:

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ

ԳՈՐԾԸ ՄՏԱՎ ԴԱՏԱՐԱՆ

Գորիսի քաղաքպետի տեղակալի գործը մտավ դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը քննելու է դատավոր Բորիս Բախշիյանը: Ըստ նախաքննական մարմնի՝ Մենուա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ եւ կառավարչական գործառույթներով, ծառայողական կախվածությունը եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով, հարկադրել է նախընտրական քարոզչությանը ապահովել 80 անձի մասնակցություն: Բացի այդ, Մենուա Հովսեփյանը՝ որպես ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, միեւնույն ժամանակ հանդիսանալով տեղական ինքակառավարման մարմնում առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառությներ իրականացնող պաշտոնատար անձ, այն է՝ հանդիսանալով Գորիսի համայնքապետարանի սոցիալական եւ բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ, նույն համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող Իրինա Յոլյանի, հանձնաժողովի անդամներ Արմինե Չոփչունցի եւ Սուսաննա Մկրտչյանի հետ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում Գորիս համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի՝ 3200000 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Մենուա Հովսեփյանը՝ որպես ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի տեղակալին վերապահված կարգադրիչ եւ կառավարչական գործառույթներով, պաշտոնեական դիրքը օգտագործմամբ առերեւույթ կատարել է իրեն վստահված համայնքի բյուջետային միջոցներից զգալի չափերի՝ 100000 ՀՀ դրամի վատնում: Մենուա Հովսեփյանի հետ միասին մեղադրյալի աթոռին են հայտնվել Իրինա Յոլյանը, Արմինե Չոփչունցը, Սուսաննա Մկրտչյանը:

 

 




Լրահոս