ՎԱՐՉԱՊԵՏԸ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մի շարք համայնքներում համայնքապետի լիազորությունները կատարող պաշտոնակատարներ է նշանակել: Խոսքն այն համայնքների մասին է, որտեղ համայնքապետի լիազորությունների ժամկետն ավարտվել է: Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանի գնահատմամբ՝ դա ոչ այլ ինչ է, քան վարչական լծակների չարաշահմամբ տեղական իշխանության ուզուրպացիա: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համայնքապետի պարտականությունները կատարող անձն անգամ պետք է ավագանու ընտրված անդամներից լինի:

 

-Պարո՛ն Խաժակյան, մի շարք համայնքներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համայնքապետերի պաշտոնակատարներ է նշանակում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

-Բոլոր այն համայնքներում, որտեղ ընտրակարգը համամասնական է, այսինքն՝ համայնքի ղեկավարը ավագանու անդամ է, ընտրվել է ավագանու կազմից կամ որպես ավագանու անդամ նշանակվել է քաղաքապետ, վարչապետը կամ որեւէ կենտրոնական իշխանության ներկայացուցիչ իրավունք չունի նշանակելու: Առաջին հերթին դա խախտում է ՏԻՄ մարմնի ինքնավարության սկզբունքը, ապա պարտադիր պահանջ է, որպեսզի այդ համայնքներում համայնքի ղեկավարը հանդիսանա ավագանու անդամ: Եվ իրավասություն ունի հրավիրելու ավագանու նիստ եւ իրականացնելու համայնքի ղեկավարի լիազորությունները: Այն, ինչ անում է այսօր կառավարությունը, իրավաչափ չէ եւ ՏԻՄ մարմնի անկախության նկատմամբ ոտնձգություն է:

-Կարո՞ղ ենք փաստել, որ վարչապետը երկու կետով օրենք է խախտում: Նախ՝ ներկայացված մարդիկ ավագանու անդամներ չեն, եւ ապա՝ նա լիազորություն չունի մարդկանց նշանակելու:

-Այո, համամասնական ընտրակարգում իրավունք չունի՝ ի տարբերություն մյուս համայնքների, որտեղ քաղաքապետը ընտրվում է առանձին, չի հանդիսանում ավագանու անդամ ու, ըստ էության, իր լիազորությունների ժամկետի սպառման պես, եթե ընտրություն չի նշանակվում, վարչապետը օրենքով սահմանված կարգով իրավունք ունի նշանակել, բայց նախ եկեք  հասկանանք, որ այսքան ծավալի չնշանակում ժամկետից ուշ դեռեւս  չի եղել: Սա վարչապետն ու այս իշխանությունը օգտագործում են իրենց հարմար տեղական իշխանություն ձեւավորելու համար: Նրանք չարաշահում են իրենց ունեցած վարչական ռեսուրսը:

-Իրենց հարմար պա՞հն են  օգտագործում, թե՞ ականջի հետեւ են գցել ու մոռացել, որ պետք է ընտրություններ իրականացնեն:

-Միանշանակ իրենց հարմար պահն են օգտագործում: Հիշեցնեմ, որ անգամ  2020թ. ակզբին, երբ մենք դեռեւս չունեինք արտակարգ դրություն՝ ո՛չ կորոնավիրուսով պայմանավորված, ո՛չ պատերազմով, Իջեւանի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցին, նշանակվեց համայնքի նոր ղեկավար, եւ այդպես էլ ընտրություն չնշանակվեց: Իջեւանն առ այսօր խոշորացված չէ, եւ ընտրրություն նշանակված չէ: Միանշանակ է, որ նպատակահարմարության հարցն է, որը չի բխում որեւէ ՏԻՄ սկզբունքից:

-Ի՞նչ է փորձում անել իշխանությունը: Այսինքն՝ Դուք է՞լ եք կիսում այն տեսակետը, որ բոլոր համայնքներում ցանկանում է ունենալ իր համայնքապետը եւ բոլոր օղակներում իշխանությունն իրենով անել:

-Այո, նպատակը դա է, բայց  իրականացվում է ո՛չ արդար, ո՛չ իրավաչափ գործիքներով: Համոզված եմ, որ միջազգային այն կառույցները, որոնք ՏԻՄ անկախության սկզբունքներին են հետեւում, այս կամ այն կերպ կարձագանքեն եւ գնահատական կտան օբյեկտիվության դեպքում, բայց միանշանակ է, որ այն, ինչ նախկին իշխանությունների օրոք էր տեղի ունենում, երբ այս կամ այն վարչական լծակներով ՏԻՄ մարմիններ էին ձեւավորվում, հիմա էլ նույնն այլ մեթոդներով իրականացնում է գործող իշխանությունը:

-Քանի որ Վանաձորում էլ է նշանակվել ՏԻՄ պարտականություններ կատարող, եւ տեղյակ եմ, որ «Լուսավոր Հայաստան»-ի համար Վանաձորը անկյունաքարային համայնք է, Ձեր տրամադրություններն ինչպիսի՞նն են Վանաձորում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում:

-Քննարկումներ ենք ծավալում եւ մոտ ժամանակներս որոշում կկայացնենք: Ամեն ինչ կախված է իրավիճակից: Գնահատենք,  որ հնարավոր կլինի Վանաձորում որոշակի փոփոխություններ իրականացնել, եւ ամեն չէ, որ կանխորոշված է: Առաջիկայում ամեն ինչի մասին կհայտարարենք:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է փոփոխություններ կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ հանդես է եկել օրենսդրական նախաձեռնութամբ: Նա առաջարկում է ամրագրել, որ մեկ անձից գնումներ կատարելու դեպքում առավելագույն թույլատրելի սահմանաչափը լինի 25 մլն դրամը` բացառությամբ առողջության եւ պաշտպանության նպատակով իրականացվող գնումների: Այդ առաջարկով մնացած պայմաններում նյութատեխնիկական ապահովվածության, որեւէ ծառայության կամ ապրանքի պատվիրման համար խիստ անհրաժեշտ է հստակ թույլատրելի շեմի սահմանում, որը, մի կողմից, չի սահմանափակի մրցութային կարգով գնումների անցկացումը, կնպաստի առավել բարենպաստ մրցակցային համակարգի եւ առհասարակ գնումների ընթացակարգի կայացմանը, մյուս կողմից էլ՝ հնարավորինս կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:

 

 

ՓԵՍԱՅԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ

Գագիկ Ջհանգիրյանի փեսային ազատել են Երեւան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնից: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ջհանգիրյանի փեսան՝ Անրի Վարդանյանը, նշանակվել է մեկ այլ պաշտոնի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ: Հոկտեմբերի 12-ին Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը հրամաններ է ստորագրել։ Ա. Քարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Վարդանյանը նշանակվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ։ Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հրամանով Մ. Վարդանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Ա. Քարամյանի մեկ այլ հրամանով նշված պաշտոնում է նշանակվել Անրի Վարդանյանը, որը մինչ այդ աշխատում էր որպես Երեւան քաղաքի քննչական վարչության պետ:

 

 

 

Ի՞ՆՉ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ԿԱՆ ԼԱՎՐՈՎԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՇՈՒՐՋ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:

 

Լավրովի խոսքով՝ իրանական կողմն այս գաղափարի նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում եւ Թուրքիայում: Այսպիսով, ի՞նչ արձագանքներ կան Լավրովի հայտարարությունից վեց օր անց. չնայած Ռուսաստանի հետ տարաձայնություններին՝ Թբիլիսին պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի «3+3» ձեւաչափում. ասել է Վրաստանի արտգործնախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Դավիդ Զալկալիանին փաստել է՝ օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի հետ միեւնույն հարթակում աշխատելը հեշտ չէ, մյուս կողմից` հորդորել հանրությանը մտածել՝ իսկ ինչ կշահի Վրաստանը, եթե դուրս մնա տարածաշրջանային ենթակառուցվածքների նախագծերից։

Նոր ձեւաչափի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Անկարան ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անց նախագահ Էրդողանն առաջարկեց տարածաշրջանի հեռանակարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների եւ նրանց երեք մեծ հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին, Իրան կատարած այցի ժամանակ պատասխանելով «ԻՌՆԱ» գործակալության հարցին, ասել էր՝ նոր ձեւաչափը պետք է հիմնվի ներգրավված բոլոր պետությունների փոխհարաբերություններում դրական միտումներ մատնանշող զարգացումների վրա: «Հակառակ պարագայում այն կարող է հանգեցնել պետությունների երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների տեղափոխմանը բազմակողմ ձեւաչափ»,- ասել էր Միրզոյանը՝ առանց հավելյալ մանրամասների։

Նման ֆորմատն այնքան էլ իրատեսական  չի համարում ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, թե այդ ֆորմատում ներառվելիք երկրների խնդիրները կարող են խանգարել դրա կայացմանը:

Եվ չնայած գրեթե մեկ տարի է՝ այս ֆորմատի շուրջ քննարկումներ են առկա, սակայն վերջնական որոշում դեռ չկա:

Ն. Հ.

 

 




Լրահոս