60.000 ԴՐԱՄ` ՉԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԸ ՀՍԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարությունը ցանկանում է բարձրացնել այն զինծառայողների աշխատավարձը, որոնք նոր՝ պետարազմից հետո ձեւավորված ու դեռեւս չկահավորված բնագծերում մարտական հերթապահություն կիրականացնեն: Նախագիծը e-draft համակարգում արդեն իսկ շրջանառվել է: Ըստ առաջարկվող փաթեթի՝ օրական 12 ժամից պակաս հերթապահությունը չի հաշվարկվի: Հավելավճարը չի տարածվի պարտադիր զինվորական ծառայություն իրականացնողների ու կրտսեր սպայական անձնակազմի վրա:

 

Թե կոնկրետ որ մարտական դիրքերում ու գոտիներում ծառայություն իրականացնելու համար զինվորականները հավելյալ աշխատավարձ կստանան, դա հաստատելու է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացրած լիազոր մարմինը:

44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի պետական սահմանը երկարել է մոտ 200 կմ-ով: Նոր ձեւավորված բնագծերի մեծ մասը, ցավոք, մինչ օրս կահավորված չէ: Խնդրի մասին դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել:

Չկահավորված բնագծերի ու դիտակետերի համար արդարացում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր գտել՝ ասելով, թե ձմեռ էր, ձյուն էր, ու կահավորել չեն հասցրել: «Ձմեռն ու ձյունը ոչ թե հիմնավոր պատճառ, այլ սոսկ պատրվակ է չարածներն արդարացնելու համար»,- հակադարձելով Գրիգորյանի պնդումներին՝՝ ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Նրա համար անընդունելի է, որ պատկան մարմինների համար անվատնգության երաշխիքը գումարն է: Ավելին՝ անտրամաբանական է նախագծի այն կետը, ըստ որի՝ զինծառայողները զրկվելու են հավելավճարից, եթե չկահավորված բնագծում նվազագույն կահավորում հայտնվի: Հովսեփյանը մտավախություն ունի, որ նվագազգույն կահավորումը, ըստ Պաշտպանության նախարարության, կարող է, օրինակ, մեկ վրանը կամ անձրեւանոցը լինել: Չկահավորված բնագծերի մասով ArmLur.am-ի հետ զրույցում մտահոգություն էր հայտնել նաեւ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը: Նշենք, որ եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա չկահավորված բնագծերում հերթապահություն իրականացնելու համար զինվորականները մինչեւ 60 հազար դրամ հավելավճար կստանան:

Հիշեցնենք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը սահմանի չկահավորման մասով գործընթաց է սկսել եւ անգամ դատախազության գործողությունների մասով դիմել է դատարան: ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբանը ներկայացրեց, թե ինչ դիմում է հասցեագրել Գլխավոր դատախազությանը սահմանային իրավիճակի մասով, որից հետո ստանալով պատասխանը՝ դիմել է դատարան:

ArmLur.am-ը գրել էր նաեւ, որ  իրավապահ մարմիններն ուսումնասիրում են նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի մայիսի 3-ի հայտարարությունը: Բանն այն է, որ մայիսի 3-ին՝ խորհրդարանում վարչապետի ընտրության առաջին փորձի ժամանակ, անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը սահմանների անվտանգության մասին հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն, սփոփող պատասխանի փոխարեն, Փաշինյանն ինքնավստահ հայտարարություններ արեց եւ, ավելին, պատգամավորին մեղադրեց գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելու համար:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼ Է

Դեռ երեկ՝ հոկտեմբերի 12-ին, հայտնեցինք, որ,  վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել են մի շարք համայնքապետերի ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց թվում էր նաեւ  Ալբերտ Մարգարյանը, որը  նշանակվեց Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Ըստ մեր հավաստի աղբյուրների՝  Ալբերտ Մարգարյանը Շիրակի գործող մարզպետ, Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածու Հովհաննես Հարությունյանի մտերիմն է եւ համայնքապետի պաշտոնակատար նշանակվելուց հաշված ժամեր անց  քաղաքապետարանում լծվել է   ակտիվ  քարոզարշավի՝ բնականաբար ի օգուտ Հովհաննես Հարությունյանի։ Այսպիսով, իշխանությունները, հին ու բարի խնամի-ծանոթ-բարեկամ ընթացակարգով պետական բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելով, փորձում են ամեն կերպ վերահսկել հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ընտրությունների ընթացքը։ Իսկ հաշվի առնելով ընտրություններին մասնակցող ընդդիմադիրների պասիվ կեցվածքն ու թվացող անտարբերությունը՝ կարելի է ենթադրել, որ գրեթե բոլորն արդեն հաշտվել են ընտրություններում իշխանական թեկնածուի հաղթանակի հետ։

 

ԾԱՎԱԼՆԵՐԸ

ՊԱԿԱՍԵԼ ԵՆ

Առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալներն են պակասել։ ArmLur.am-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 174 հազար 788 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 179 հազար 341 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.5 տոկոսով է նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով՝ արտադրության ծավալները։ Ավելի տխուր պատկեր արձանագրվել է ալյուրի արտադրության ոլորտում. այստեղ անկումը կազմել է 23 տոկոս։ Օրինակ՝ այս տարվա ութ ամիսներին Հայաստանում արտադրվել է 95 հազար 288 տոննա ալյուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 123 հազար 766 տոննա։ Տեղեկացնենք, որ Ռուսաստանից Հայաստան քիչ է ներկրվել ցորեն, բացի այս, այս եւ հաջորդ տարիներին խնդիր ենք ունենալու. Արցախից ցորեն չի ներմուծվելու։ Բանն այն է, որ ռազմական դրության հետեւանքով ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ այս տարի հնարավոր չի եղել ապահովել դեպի Հայաստան արտահանման ծավալները։ Բացի այս, ՀՀ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով ընթացիկ տարում արդեն ունենք նաեւ անասնակերի ապահովման խնդիր:

 

 

ԵՐԱՇԽԻՔ ՉԻ

ՏԱԼԻՍ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է. «Հարց էի ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ճշգրտելու, թե արդյոք երաշխավորում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման շրջանակներում Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհի այնպիսի երթուղի չի հաստատվի, որի պայմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սուս եւ Աղավնո գյուղերը, ինչպես նաեւ Շուշիի շրջանի Լիսագոր, Եղծահող, Հին շեն, Մեծ շեն, Կանաչ Թալա, Տասը Վերստ գյուղերը որեւէ կարգավիճակով չեն հայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ օրը Փաշինյանը պատճառաբանեց, թե ձեռքի տակ քարտեզ չկա: Գրությամբ հարցն ուղարկել եմ Փաշինյանին, որտեղ հստակ ձեւակերպված էր հարցն ու կոնկրետ բնակավայրերը։ Պատասխանը ստացվել է, բայց ոչ թե Փաշինյանից, այլ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանից, ով միայն նշել է, որ «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի 2-րդ ենթակետի շուրջ բանակցություններ չեն ընթացել»։ Ստացվում է, որ իշխանությունը կա՛մ արդեն պայմանավորվել է այդ տարածքների կամ դրա մի մասի հանձնման հետ, կա՛մ չունի վստահություն, որ հետագա բանակցություններում կարողանալու է այդ համայնքների շուրջ արդյունավետ բանակցություններ վարել, դրանք պահել հայկական վերահսկողության ներքո»։

 

 

ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները երեկ չեն մասնակցել Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին, որի ընթացքում թվով 7-րդ անգամ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը չի ընտրվել  հանձնաժողովի փոխնախագահ։ Արթուր Ղազինյանի խոսքով՝ հանձնաժողովը անգործության է մատնված, միայն տեղակալի ընտրության օրակարգով է 7 անգամ արտահերթ նիստ հրավիրել, ոչ մի այլ հարցով նիստ չի եղել, հերթական նիստ էլ մինչեւ այժմ չի եղել։ Ըստ նրա՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստին չեն մասնակցում, քանի որ նախորդող նիստերին,  հատկապես՝ առաջին երեք, բոլոր հարցերը հնչել են, տրվել են պատասխաններ։ «Որեւէ մոտիվացիա՝ քվեարկելու «կողմ» կամ «դեմ», փոխելու հնարավորություն չկա, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը որդեգրել է կոշտ դիրքորոշում այս հարցում, հետեւաբար մասնակցությունը համարել ենք աննպատակահարմար»,- ասել է նա։

 

 

ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ թեստի բացասական պատասխան չունեցող անձինք շուտով չեն կարողանա մուտք գործել Ազգային ժողովի շենք: Այս մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Այն մարդիկ, որոնք պատվաստված չեն կամ չունեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ԱԺ շենք մուտք չեն գործի»,-ասել է նա:

 




Լրահոս