Ինչո՞վ է զբաղված Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ քաղաքացիների միջեւ մեքենայի կայանման շուրջ խնդիրը վերածվում է ծեծկռտուքի ու դանակահարության, որի հետեւանքով մարդիկ են սպանվում: Երեկ Երեւանում՝ Մալաթա-Սեբաստիա վարչական շրջանի փողոցներից մեկում, հարեւանները վիճաբանել էին մեքենայի կայանման հարցի շուրջ, ինչի հետեւանքով տեղի էր ունեցել դանակահարություն, եւ մեկ անձ սպանվել էր:
Նկատենք որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքացիները մեքենայի կայանման շուրջ վիճաբանում են, ու ըստ էության խնդրին լուծում տալու, հնարավոր հանցագործության դեպքերը բացառելու համար Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը պետք է անհանգստանար եւ նախաձեռներ ստորգետնյա մեքենաների կայանատեղու ստեղծում, այլ ոչ թե հեռվից հետեւեր, թե ինչի հանցագործություններ են տեղի ունենում մայրաքաղաքում մեքենայի կայանման հարցի շուրջ: Խոսենք փաստերով. երեկ տեղի ունեցած դեպքից բացի, դատարաններում գտնվում են բազմաթիվ քրեական գործեր՝ դանակահարություն, ծեծկռտուք, որոնց պատճառներից մեկը մեքենայի կայանման հարցն է: Մասնավորապես՝ Շահեն Հունանյանին մեղադրանք է առաջադրվել. 2020 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցի 85-րդ հասցեում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց Շահեն Արմենակի Հունանյանը ավտոմեքենաների կայանման հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել Լիլիթ Ծատուրյանի հետ, որի ժամանակ Շ. Հունանյանը դիտավորությամբ իր բջջային հեռախոսով հարվածել է Լ. Ծատուրյանի պատկանող «Նիսան Ջուկ» մակնիշի 81 LN 081 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկին եւ վնասել է այն, որից հետո երբ Լ.Ծատուրյանն իր ավտոմեքենան վարել է եւ այն կայանել է Երեւան քաղաքի Վիլնյուսի փողոցի 77-րդ շենքի բակում եւ բարձրացել է իրենց բնակարան, նույն շենքի բակ է եկել Շ. Հունանյանը, որտեղ շարունակելով իր հանցավոր վարքագիծը՝ ոտքով հարվածել եւ վնասել է Լ.Ծատուրյանին պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով ընդհանուր 207.000 ՀՀ դրամ գույքային վնաս:
Արմինե Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել. Երեւան քաղաքի Եզնիկ Կողբացի 3-րդ շենքի դիմաց ավտոմեքենայի կայանման շուրջ ծագած վիճաբանության հետեւանքով վերջինս ծեծել է Արմենուհի Պողոսյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Արտակ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2010թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դեղատան փողոցի 13 հասցեի դիմաց ավտոմեքենայի կայանման վայրի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում իր մոտ եղած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածել է Արմեն Դավթյանի որովայնի ձախ շրջանին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս` ստամոքս-հաստաղիքային կապի վնասումով, այնուհետեւ նույն դանակով հարվածել է ձախ ազդրին` պատճառելով մարմնական ծակած-կտրած վնասվածք:
Այսպես կարելի է շարունակել մեքենայի կայանման հարցի շուրջ ծագած հանցավոր դեպքերը, իսկ, ահա, Երեւանի քաղաքապետարանը, մեղմ ասած, դեպքերին նայում է որպես հանդիսատես, ու գործուն քայլեր չեն իրականացվում իրավիճակը կարգավորելու համար:
Ք. Մ.
ԱՐՑԱԽԻՑ
ՎԵՐԱԲՆԱԿՆԵՐԸ՝
ՆԵՐՔԻՆ
ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐՈՒՄ
Հոկտեմբերի 11-ին Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կայացավ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սանասար գյուղից եւ Հադրութի շրջանի Հադրութ քաղաքից տեղահանված Արայիկ Խրշոյանի ու Սահակ Սահակյանի ընտանիքների համար «Հայկական վերաբնակեցման միության» ծրագրի ջանքերով ձեռք բերված, վերանորոգված, կահավորված առանձնատների բնակարանամուտի արարողությունը: Հայկական վերաբնակեցման միության» կազմում ներգրավված են ամերիկյան «Փարոս» հիմնադրամը, «Focus on Children Now – FCN» բարեգործական կազմակերպությունը, «Սահման» ՀԿ-ն եւ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը: Արարողությանը ներկա էին Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը, Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը, «Հայկական վերաբնակեցման միության» կազմում ներգրավված կազմակերպությունների ներկայացուցիչները, այլ հյուրեր:
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը բնակարանամուտի կապակցությամբ շնորհավորեց Խրշոյանների ընտանիքի անդամներին՝ մասնավորապես նշելով. «Մեր համայնքի բոլոր բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները ջերմ ու հյուրընկալ են: Համոզված եմ՝ շրջապատված կլինեք հարազատ մարդկանցով, սիրով ու ջերմությամբ, ինչը կնպաստի, որպեսզի կարճ ժամանակում դուրս գաք հյուրի կարգավիճակից»: Հարություն Մանուչարյանը նշեց, որ սահմանամերձ Բերդ համայնքի համար չէր կարող լինել ավելի արդյունավետ ծրագիր, քան Արցախից մեր հայրենակիցների վերաբնակեցումն էր, որի շնորհիվ Ներքին Կարմիրաղբյուրում լքված տները նորից բնակեցվել են, գյուղի երեխաների քանակն ավելացել է 29-ով։ Համայնքի ղեկավարն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր այն կազմակերպություններին, որոնց ներդրումների շնորհիվ իրականացվել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին առանձնատներով ապահովելու ծրագիրը: «Հայկական վերաբնակեցման միության» ծրագրի ջանքերով Ներքին Կարմիրաղբյուրում բնակություն է հաստատել Արցախից տեղահանված յոթ ընտանիք: Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանը նշեց, որ իրենց կողմից իրակականացված ծրագրով Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղում Արցախից վերաբնակվել է 4, Գորիսի Տեղ գյուղում՝ մեկ ընտանիք։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՊԱՏՐԱՍՏ Է
ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ
Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը ցանկանան, Եվրամիությունը պատրաստ է միջնորդ լինել Հայաստան-Ադրբեջան բանակցություններում։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հիշեցնում է՝ գործընթացը, բնականաբար, պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվրամիությունը պատրաստ է նաեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի դեպքում խնդիրներ ծագելիս միջնորդ լինել, եւ կրկին եթե Հայաստանն ու Ադրբեջանը տան իրենց համաձայնությունը։ Այն հարցին՝ արդյոք Եվրամիությանը չեն մտահոգում Սյունիքում տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված, դեսպանը պատասխանել է, որ չի կարող չմտահոգել, քանի որ այն վերաբերում է մարդկանց կյանքին։ Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը այցելել էր Սյունիքի մարզ՝ գնահատելու մարդասիրական իրավիճակը տեղում։
Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎԵԼ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հոկտեմբերի 12-ին գրեց, որ գիշերվա ընթացքում արցախաադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի ՊԲ-ն եւս գրեց, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Արցախի ՊԲ-ն հերքեց Հադրութը գրավելու մասին Բաքվի հայտարարությունը. «Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ, իբր, Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիեւի մերկապարանոց հայտարարությունը»: Դրան զուգահեռ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրեց, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:
Կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի ներկայացուցիչների հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հերթական ֆեյսբուքյան գրառումը իրավիճակի գրեթե առաջին սթափ գնահատականն էր. «Հարգելի՛ հայրենակիցներ, իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության եւ համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆՍԻՅԱՆ