Հոկտեմբերի 6-ին արցախյան պատերազմի հերոս, թշնամու երեք տանկ խոցած Նարեկ Բադալյանը կդառնար 20 տարեկան: ArmLur.am-ը ներկա է գտնվել Նարեկ Բադալյանի ծննդյան եւ հիշատակի արարողությանը, որտեղ նրա ծնունդը շնորհավորելու էին եկել նրա ընկերներն ու հարազատները:
Մերօրյա ծաղկալանջցի հերոս Նարեկ Բադալյանի 20-ամյակի առթիվ, որը գյուղի միակ հերոսն է, բացվել է պանթեոն:
ArmLur.am-ի հետ զրույցում հերոսի քույրը՝ Գայանե Բադալյանը, պատմում է, որ Նարեկը Շուշիում ոտքից վիրավոր է եղել, եւ իմանալով, որ հայտնվել են թշնամու շրջափակման մեջ, եւ դուրս գալու ելքեր, չկան զանգահարել է հորեղբոր որդուն, վերջին անգամ խոսել է նրա հետ եւ հրաժեշտ տվել:
«Նարեկս մեր լույսն էր, մեր հույսն էր, ամբողջ գյուղի սիրելի Նարեկն էր, բոլորի կողմից սիրված եւ հարգված էր, չկա մի մարդ, ով Նարեկիս մահը չսգա՝ ճանաչելով նրա մարդկային բարձր որակները, հայրենասեր տեսակը: Միշտ զանգում էր, իրենից, բացի լավից, ուրիշ բան չէր պատմում, մենակ մեզանից էր հարցնում: Հորեղբայրս նույնպես դեռ 90-ականներին մասնակցել է արցախյան գոյամարտերին, այս պատերազմին էլ կամավորագրվել էր եւ մեկնել ռազմաճակատ, բայց միմյանց այդպես էլ չեն հադիպել, քանի որ տարբեր վայրերում են կռվել»,- հուզմունքով ասում է քույրը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Նարեկը տան ավագ որդին էր, ունի փոքր եղայր եւ քույր, որոնք ամեն օր սպասում են Նարեկի զանգին եւ չեն ուզում հավատալ, որ րենց ավագ եղբայրն այլեւս միայն վերեւից է իրենց հետ լինելու եւ ջերմացնելու:
Նշենք, որ մերօրյա հերոսը ծնվել է 2001-ին Էջմիածնի Ծաղկալանջ գյուղում: Սկզբում ծառայել է Գյումրիում, այնուհետեւ սերժանտ Նարեկ Բադալյանը տեղափոխվել է Արցախ: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում Նարեկը եղել է թեժ կետերում՝ Հադրութում, Շուշիում՝ Քարինտակում:
«Եղբայրս Նարեկիս ասել է. «Կարո՞ղ ես դուրս գալ»: Ասել է. «Ցավդ տանեմ, ո՞նց դուրս գամ, դեմն իրենք են, հետեւն իրենք»: Նարեկս կոկորդից կրակել է ինքն իրեն, ինքնասպան է եղել, որ թշնամում գերի չընկնի: Մենք հպարտանում ենք մեր Նարեկի սխրագործություններով, իր խիզախ եւ հայրենասեր տեսակով: Հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց մեր սրտերում են: Բոլորը մեզ համար հերոսներ են»,- նշում է Գայանեն:
Վերջին անգամ նոյեմբերի 7-ին խոսել է իր հորեղբոր տղայի եւ ընկերոջ հետ եւ հայտնվելով թշնամու շրջափակման մեջ՝ ինքնասպանան է եղել, որպեսզի գերի չընկնի, սակայն մինչեւ նոյեմբերի 16-ը ընտանիքը ոչ մի լուր չի ունեցել Նարեկից: Հերոսի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ իր ծնողների ամուսնության 20-րդ հոբելյանի օրը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ը ԱՄՓՈՓԵԼ Է ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին, որը 2021-ին անցկացվեց հոկտեմբերի 3-10-ը, ցուցադրվել է ավելի քան 60 կինոնկար: Փառատոնն իր հարկի տակ է համախմբել ավելի քան 50 հյուրի:
Փառատոնի ժյուրիի անդամների խոսքով՝ նրանք գոհ են ներկայացված ֆիլմերից, փառատոնի լավ կազմակերպված լինելուց, շեշտեցին՝ իրենց համար շատ դժվար է եղել ընտրություն կատարելը, քանի որ բոլոր կինոնկարները բարձրորակ էին: Նրանք խոստովանեցին՝ մեծ բավականություն են ստացել ոչ միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասը կազմելուց, այլեւ Երեւանում հյուրընկալվելուց, քանի որ քաղաքն ուրախ է եւ ջերմ:
Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, Կրակովի միջազգային կինոփառատոնի տնօրեն Քշիշտոֆ Գերատի համոզմամբ՝ ծրագիրն ուժեղ էր: «Կար տասը ֆիլմ, որոնցից առնվազն հինգը կարող էին հաղթել: Առաջին մրցանակին արժանացավ Հնդկաստանի ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակը վավերագրական կինոնկարը շահեց: Մրցութային ֆիլմերը լուրջ պատմություններ էին ու կարեւոր սոցիալական խնդիրներ էին բարձրաձայնում»,- շեշտել է նա՝ հավելելով, որ «Ոսկե ծիրանից» հետաքրքիր ու գեղեցիկ գաղափարներ կարելի է տանել:
«Կորիզ» կարճամետրաժ տարածաշրջանային ֆիլմերի մրցութային ժյուրիի անդամ Ֆիլիպ Ժալալդոն առաջին անգամ է որպես ժյուրի գնահատում կարճամետրաժ կինոնկարները: Նա վստահ է՝ կարճամետրաժ կինոն մեր ապագան է, որովհետեւ հենց այդ ֆիլմերի երիտասարդ ռեժիսորներն են հետագայում խաղարկային եւ այլ կինոնկարներ նկարահանում:
Անդրադառնալով «Ոսկե ծիրանի» եւ «Արծաթե ծիրանի» արժանացած մրցանակակիրներին՝ նա ասել է, որ դրանք հիանալի, տարբերվող կինոնկարներ էին թե՛ սցենարային, թե՛ այլ առումներով:
Նշենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երեւանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից է: Հիմնվել է 2004 թվականին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների եւ կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը։
Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: