ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՉՈՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարական կաբինետի ներկայացուցիչների ու պատգամավորների բարեկեցիկ կյանքի մասին մտահոգվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, թե վերջին մեկ տարվա ընթացքում (2020-2021 թթ.) վարչապետը ինչքան պարգեւավճար է ստացել, վարչապետի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման վարչությունից պատասխանել են. «2018-ի մայիսից մինչ օրս վարչապետ Փաշինյանը պարգեւավճար չի ստացել»:

Տարօրինակ է, որ պարգեւավճարների մասին մշտապես դրական արտահայտվող ու դա պետական ոլորտի աշխատակիցների համար որպես արժանապատիվ վարձատրության ձեւ համարող Փաշինյանը 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պարգեւավճար չի ստացել: «Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաեւ ժողովրդի պատիվն է, քանի որ կարեւոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառայողին։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգեւավճարների կարիքն ունեն»,- բացատրում էր Փաշինյանը: Հարց է առաջանում՝ միայն աշխատավարձ ստանալով՝ այդ ինչպես է ինքն իրեն ըստ հավուր պատշաճի գնահատված ու արժեւորված զգում, եթե անձամբ է հայտարարում, որ պաշտոնյան աշխատավարձով միայն ոչ միայն ապրել, այլեւ ներկայացուցչական հարցեր լուծել չի կարող: Բացի այդ, պարգեւավճար չստացող Փաշինյանն ի՞նչ միջոցներով է նոր կոստյումներ, ժամացույցներ կամ փողկապներ ձեռք բերում, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, այդքան էլ էժանագին չեն: Ստացվում է՝ երկրի առաջնորդը մի կողմից ողջունում է պարգեւավճարի ու բարձր վարձրատրության ինստիտուտը, մյուս կողմից ցանկանում ցույց տալ, թե ինքն է միակը, որ հերոսաբար հրաժարվում է դրանից: Ու մեծ հարց է մնում, թե ինչպես է տեղավորվում ամսական  1 միլիոն 36 հազար դրամ վարչապետի աշխատավարձի մեջ եւ ինչպես է հոգում իր բազմազավակ ընտանիքի հոգսերը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են Գյումրի քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ:  Իշխանության թեկնածուն Հովհաննես Հարությունյանն է, որը Շիրակի արդեն նախկին մարզպետն է: Այս օրերին ՔՊ-ականներից մի քանիսը, հատկապես՝ Շիրակի մարզի պատգամավորները, օրուգիշեր Գյումրիում են: Քանի որ ընտրություններին հաշված օրեր են մնացել, որոշել են Երեւան չվերադառնալ, այլ առավոտից երեկո քարոզչություն իրականացնել, մարդկանց հանդիպել, խոստումներ տալ… Հավելենք, որ այս ամբողջ գործընթացը վերահսկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ իշխանությունների համար այս հաղթանակը կարեւոր է լինելու եւ երաշխիք է մյուս համայնքներում եւս հաղթելու համար: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանն ինքն  է որոշում՝ ովքեր պետք է զբաղվեն քարոզչության հարցերով, ինչ պետք է անեն: Այս օրերին ՔՊ-ականները Հովհաննես Հարությունյանի հետ ներկա են լինում փակ եւ բաց հանդիպումներին:

 

Այսօրվանից սկսած՝ աշխատողները կա՛մ պետք է պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանը հավաստող փաստաթուղթ։  Կառավարության հոկտեմբերի յոթի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր խիստ լինել,  ձերբակալել եւ կալանավորել այն մարդկանց, որոնք խոչընդոտում են պատրաստման ընթացքին եւ  պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկանք տրամադրում։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աննախադեպ օպերացիա են սկսել. երեկ  անակնկալ կերպով մուտք են գործել բժշկական հաստատություններ, հատկապես՝ մարզային։ Նրանց նպատակը կեղծ թղթեր տրամադրողներին գտնելն է։  Երեկվա դրությամբ 3 անձ ձերբակալվել  են Երեւանում, 3 անձ՝ Շիրակի  մարզում:

 

 

 

Հայաստանում ավտոմեքենաների առեւտրի ոլորտում դրական տեղաշարժ կա. 2019 թվականին Հայաստան ներկրված ավտոմեքենաները սկսել են կամաց-կամաց վաճառվել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-օգոստոսին ավտոմեքենաների առեւտրի ծավալները կազմել են 64 մլրդ 431 մլն 800 դրամ: «Ժողովուրդ»  օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 0.4 տոկոսով ավելացել է: Միայն օգոստոս ամսին ավտոմեքենաների առեւտրի ծավալները կազմել են 11 մլրդ 25 մլն 300 հազար դրամ: Իսկ մինչ այս, տեղեկացնենք, որ Հայաստանի ավտոմեքենաների վաճառքով զբաղվող առեւտրականները լուրջ խնդրի առաջ էին կանգնած. տեւական ժամանակ է, ինչ չէին կարողանում 2019 թվականին ներկրած մեծ քանակությամբ ավտոմեքենաները վաճառել: Ի դեպ, «Ժողովուրդ»  օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան ներկրվել է 2900 ավտոմեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 17 հազար 800: Բացի կորոնավիրուսից, նախորդ տարվա հունվարի սկզբից ղազախներն ու ռուսները Հայաստանից ավտոմեքենա չեն գնում: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք նաեւ, որ այս տարվա հունվար-օգոստոսին մանրածախ առեւտրի շրջանառությունը եւս ավելացել է` կազմելով 1.8 տոկոս: Ի դեպ, մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 8 ամիսներին աճել է 12.3 տոկոսով:

 




Լրահոս