Հոկտեմբերի 11-ին երգչուհի Լիանա Ալավերդյանը նշել է ծննդյան 41-րդ տարեդարձը: Երգչուհին ArmLur.am-ի հետ խոսել է ծննդյան մանրամասների եւ մեծ խնջույք չկազմակերպելու մասին:
«Անկեղծ, մեծ խնջույք տարեդարձիս կապակցությամբ չեմ կազմակերպել, փոխարենը նշել եմ շատ նեղ՝ ամենամտերիմ եւ ամենահարազատ մարդկանց միջավայրում, ցավոք նրանցից շատերն էլ երկրում չլինելու պատճառով չկարողացան ինձ հետ լինել: Ես տեսակով այնպիսի մարդ եմ, որ չեմ սիրում ինձ հետ կապված իրադարձությունները հանրայնացնել. դրա պատճառներից մեկն էլ այն է, որ պատերազմից հետո դեռ ինչ-որ մի առիթ տոնելու տրամադրություն եւ սիրտ չունեմ: Ունեցել եմ շատ ջերմ մաղթանքներ, շնորհավորանքներ իմ ընկերների կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»,- պատմեց նա:
Երգչուհու խոսքով՝ անակնկալ նվերներ եղել են ինչպես ամուսնու, այնպես էլ որդու կողմից, ինչն էլ մեծ ուրախություն է պատճառել նրան. «Ինձ համար կարեւոր նվերների շարքում է հենց ինքս ինձ համար արված նվերը: Որդուս համար գնել եմ բնակարան եւ կարծում եմ, որ դրանից լավ նվեր ինձ համար չէր էլ կարող լինել: Ամուսնուս կողմից ստացած նվերները նույնպես շատ հաճելի էին, եւ հիմա չեմ ուզում պարզապես գովազդով զբաղվել: Եղել են նվերներ նաեւ անծանոթ մարդկանց կողմից, ովքեր պարզապես սիրում են իմ երաժշտությունը: Ունեցել եմ շատ ջերմ մաղթանքներ, շնորհավորանքներ իմ ընկերների կողմից, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց»:
Լիանան մեզ հետ զրույցում ընդգծում է, որ տարիքի հետ կապված բարդույթներ չունի, քանի որ ամեն տարիք է՛լ ավելի գեղեցիկ եւ գրավիչ է դարձնում կնոջը:
«Ես սիրում եմ ժամանակի հետ ընկերություն անել: Ես ավելի շատ տրամադրության մարդ եմ, նույնը նաեւ ստեղծագորական կյանքում: Կարող է մի որոշ ժամանակ չկարողանամ որեւէ գործ ձեռնարկել, որեւէ երգ ձայնագրել ընդհուպ միչեւ մի քանի տարի, եւ, հակառակը, կարող է ակտիվ ստեղծագործական գործունեություն ծավալեմ, այնպես որ, սիրում եմ, որ ամեն բան ինձ հետ լինի համահունչ եւ ներդաշնակ»,- հավելեց երգչուհին:
Նշենք, որ Լիանա Ալավերդյանը ծնվել է 1980թ. հոկտեմբերի 11-ին Երեւանում: 1997թ. ավարտել է Երեւանի թիվ 176 միջնակարգ դպրոցը: 1998-2002թթ. սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: 1996թ. մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին, որից հետո ընդունվել է «Հայեր» համույթ` որպես մեներգչուհի: 1997-2001թթ աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում` որպես մեներգչուհի: 2000-2003թթ. մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների եւ փառատոների, արժանացել առաջատար մրցանակների` Դոնեցկի «Զոլոտոյ սկիֆ», Բելոռուսի «Զոլոտոյ շլյագեր», Բուլղարիայի «Դիսքովերի», Բելոռուսի «Սլավյանսկի բազար» եւ այլն: «Զոլոտոյ սկիֆ»-ից հետո, ռուս երգիչ Իոսիֆ Կոբզոնի հրավերով, մեկնել է Կիեւ եւ ուղիղ եթերով երգել փառատոնի բացմանը, հետագայում նաեւ Ի. Կոբզոնի հրավերով երգել է Մոսկվայում կայացած «Դոմբասի օրեր» փառատոնին: Ունեցել է բազմաթիվ համերգներ աշխարհի տարբեր երկրներում եւ Հայաստանում: 2006թ. թողարկել է «Եկել եմ նորից» ձայնասկավառակը: Նկարահանել է շուրջ 15 տեսահոլովակ:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՆՎԱՃՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում անցկացվող ամենամյա «BOZTORGAI» XXII երեխաների եւ պատանի կատարողների արվեստի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի ուսանողները տարբեր տարիքային խմբերում եւ անվանակարգերում զբաղեցրել են մրցանակային տեղեր:
«Երգեցողություն» անվանակարգում ժողովրդական, դասական, էստրադային-ջազային ժանրերում առաջին մրցանակի են արժանացել Արման Գրիգորյանը, Սուրեն Խաչատրյանը եւ Մարիա Խանդանյանը, իսկ Գարիկ Սիմոնյանը, Դավիթ Ավետիսյանը եւ Էմիլիա Սիմոնյանը՝ երկրորդ մրցանակի:
«Պարարվեստ» անվանակարգում ԵՄԱՊՔ-ի պարային համույթն արժանացել է երկրորդ մրցանակի:
Մրցույթի կազմկոմիտեն ԵՄԱՊՔ-ի տնօրեն Վրեժ Կիրակոսյանին ու քոլեջի դասախոսներին հատուկ շնորհակալական դիպլոմներ է հանձնել՝ մրցույթին լավագույն մասնակիցներ պատրաստելու համար:
Օրերս ԵՄԱՊՔ-ում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողությունը: Երեւանի մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը մրցույթին առցանց մասնակցած ուսանողներին ու դասախոսներին է փոխանցել մրցանակային դիպլոմներն ու շնորհակալագրերը: Տնօրենը, կարեւորելով դասախոսների նվիրումով աշխատանքը, շեշտել է, որ դրա արդյունքը միջազգային մրցույթում սաների մրցանակային բարձր հորիզոնականներն են ու գրանցած հաջողությունները:
Ղազախստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպվող եւ Ալմա Աթա քաղաքի հիմնադրման տոնակատարություններին նվիրված մեծ համերգին, որին մասնակցել են տեղի եւ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված ճանաչված եւ սիրված երաժիշտներ, հանդես է եկել նաեւ ԵՄԱՊՔ տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, որն ընդգրկված է եղել մրցույթի ժյուրիի կազմում:
«BOZTORGAI» XXII երեխաների եւ պատանի կատարողների արվեստի ամենամյա միջազգային մրցույթին մասնակցել են 120 կատարողներ, պարային համույթներ՝ աշխարհի 20 երկրներից՝ առկա եւ առցանց:
ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կերկարաձգի պայմանագիրը թիմի դարպասապահ Մանուել Նոյերի հետ. հաղորդում է գերմանական Sport1.de-ն։ Կողմերն արդեն բանակցում են նոր պայմանագրի վերաբերյալ։ 35-ամյա գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Նոյերը մյունխենյան ակումբում հադես է գալիս 2011 թվականից։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, բաց թողել նույնքան գոլ։
ՀՐԱՎԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի առաջատարներից Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի ոսկե մեդալակիր Արթուր Դալալոյանը «50 հարց» հաղորդմանը պատմել է, որ երբեւէ Հայաստանից հրավեր չի ստացել: «Իմ հայրենակիցների եւ երկրպագուների մասին Հայաստանից իմացա միայն խոշոր մրցաշարերում հաղթանակներիցս հետո։ Ցավոք, երբ նոր էի անցնում այս ծանր ուղին, հաղթահարում դժվարություններ, հայրենակիցներիս կողմից որեւէ աջակցություն չեմ ունեցել։ Չեմ կարող ասել, որ ինձ երբեւէ հրավիրել են Հայաստան։ Ոչ մի անգամ չեմ եղել Հայաստանում»,- ասել է Արթուր Դալալոյանը։ Ռուսաստանցի մարզիկը ծնվել է 1996 թվականի մերձդնեստրյան Տիրասպոլ քաղաքում։
ՄԻԽԱՅԻԼ ՊԼԵՏՆՅՈՎԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին Երեւանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։ Նա հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ. հայտնում է նվագախումբը։ Միխայիլ Պլետնյովը մեր ժամանակների ամենաինքնատիպ երաժիշտներից է, որի մեջ ներդաշնակվում են դաշնակահարի, դիրիժորի եւ կոմպոզիտորի տաղանդները։ Նա Ռուսաստանի ազգային նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Միջազգային վարկանիշների համաձայն՝ այս նվագախումբն իր պատվավոր տեղն ունի աշխարհի լավագույն 20 նվագախմբերի ցանկում։
Միխայիլ Պլետնյովը պետական պարգեւների եւ միջազգային մրցանակների դափնեկիր է: 2007 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» շքանշան: Նա «Գրեմմի»-ի մրցանակակիր է։