Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ Երեւան քաղաքի Սեբաստիա 141 շենքի բակում հպարտության ու մեծարման երեկո էր: Շենքի բակում տեղի ունեցավ այդ բակում ծնված եւ այնտեղից զինվորական ծառայության մեկնած Դավիթ Հակոբյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողություն:
Հուշաքարի բացումը իրականացրել են հերոսի հայրը՝ Արմեն Հակոբյանը, եւ նրա մանկության ընկերը՝ Արթուրը։ Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Զաքարի կողմից օծվեց հուշարձանը, ապա հնչեցվեց Տերունական աղոթք:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որ դեպքում կարող է 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողն օգտվել ուսման վարձի զեղչից:
Մանուշակ Պողոսյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Պողոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե, տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի եւ ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված, առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են պահանջվում ամուսնալուծության պետական գրանցման համար:
Ամալյա Միրզոյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը հետեւյալն է՝
1) ամուսնալուծվողի (ամուսնալուծվողների) անձը հաստատող փաստաթղթերը կամ դրանց պատճենը,
2) ամուսնության պետական գրանցման վկայականը՝ առկայության դեպքում, կամ ամուսնության պետական գրանցման մասին տվյալներ՝ գրանցող մարմինը, վայրը եւ ժամանակը,
3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անհայտ բացակայող ճանաչելու մասին,
4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին անգործունակ ճանաչելու մասին,
5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ դրա քաղվածքը՝ ամուսիններից մեկին ազատազրկման դատապարտելու վերաբերյալ,
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծությունը գրանցելու մասին,
7) անգործունակ անձի նկատմամբ օրինական ներկայացուցիչ նշանակվելու մասին իրավասու մարմնի որոշման պատճենը,
- ամուսնալուծության պետական գրանցման դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում նաեւ ներկայացվում է անձի լրացրած եւ սահմանված տեղեկությունները պարունակող դիմումը՝ հաստատված նոտարական կարգով:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո: Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է վեց ամսվա ընթացքում: