ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ՝ ՕԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարի՝ այս օրերին, պարզ դարձավ, որ մենք պատերազմական իրավիճակում ապաստարաններ չունենք: Մասնավորապես, 44-օրյա պատերազմի օրերին, երբ Արցախի բնակչությունը հիմնականում ռմբապաստարաններում էր պատսպարվում, պարզ դարձավ, որ մայրաքաղաք Երեւանի բնակելի շենքերի նկուղները հիմնականում հարմարեցված չեն վտանգի ժամանակ այդ տեղերում ապրելու ու գոյատեւելու համար: Նկուղներում մարդիկ հաճախ ստիպված էին լինում առնետների հետ հարեւանությամբ ապրել, դե իսկ կենցաղային ու սանիտարահիգիենիկ պայմանների մասին խոսելն անգամ ավելորդ է: Պատերազմի ժամանակ երեւանաբնակները նույնպես հետաքրքրվում ու բարձրաձայնում էին, թե մայրաքաղաքի բնակելի շենքերի քանիսի նկուղներն են համրարեցված ապաստարանային պայմաններին: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն, ռմբապաստարանների մասին խոսակցությունները երկրորդ պլան մղվեցին: «Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետարան հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու համար, թե մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքի բնակելի շենքերի նկուղներից քանիսն են ապաստարանի վերածվել: Քաղաքապետարանը, սակայն, որեւէ հստակ թիվ ու կոնկերտ պատասխան չի տվել՝ չմանրամասնելով նաեւ, թե մեկ տարվա ընթացքում ինչ աշխատանքներ են տարվել այդ կարեւորագույն խնդրի ուղղությամբ: «Պաշտպանական կառույցների նախապես պլանավորման, նախագծման, պահպանման, շահագործման ու վերանորոգման միջոցառումների նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը հետեւողականորեն իրականացնում է ապաստարանների եւ պարզագույն թաքստոցների պահպանմանն ուղղված լայնածավալ միջոցառումներ: Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի՝ Երեւանի քաղաքապետարանը չի կարող տրամադրել առավել տեղեկատվություն, քանի որ դրանում առկա են գաղտնիության տարրեր»,- ասված է քաղաքապետարանի ուղարկած պաշտոնական պատասխանի մեջ: Ստացվում է՝ ոչ միայն տվյալներ չեն տրամադրվում, այլ նաեւ չի հստակեցվում՝ ապաստարանների համար նախատեսված տարածքները կարգի են բերվել, թե ոչ: Ու այս ամենն արվում է գաղտնիության ֆոնով պարուրված, որը խորհրդավորություն, իհարկե, հաղորդում է Հայկ Մարությանի աշխատանքին, բայց արդյունավետություն՝ հազիվ թե:

 

 

Կառավարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին հայրենի իշխանությունը քննարկում է հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան գնալ-չգնալու հարցը: Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը հայրենի խորհրդարանում պետք է կայանա հանձնաժողովների համատեղ նիստ, որը կազդարարի 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի հենց այդ համատեղ նիստում անձամբ ներկայացնել բյուջեի նախագիծը, այնուհետ «պաս տալ» ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին, որն այդ ոլորտում դեռեւս նոր է ու անփորձ: Հարցը դեռեւս քննարկումների փուլում է, ու վերջնական պատասխան չկա: Հայտնի է նաեւ, որ խորհրդարանում կլինեն նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը. ամեն մեկը պետք է ներկայացնի իր ոլորտի հետ կապված ծախսերը, լուծումները տարբեր հարցերում: Ի դեպ, նշենք, որ նախարար Մկրտչյանն էլ իր ոլորտում է անփորձ ու առաջին անգամ պետք է խորհրդարանի «դատին» ներկայանա նախարարի կարգավիճակում: Ինչպես հայտնի է, Նարեկ Մկրտչյանը մինչեւ այս եղել է իմքայլական պատգամավոր, ու բոլորի համար անհասկանալի է, թե նա ինչպես պետք է այդ հսկայական նախարարության ծախսերը ներկայացնի: Մենք տեղեկացանք նաեւ, որ հոկտեմբերի 25-ին՝ բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո, հանձնաժողովներում քննարկումները կվերսկսեն նոյեմբերի 1-ից, քանի որ հայրենի խորհրդարանում հոկտեմբերի 26-ին մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչները Երեւանում աղմկահարույց սպանությունների գործով հայտնվել են փակուղու առջեւ եւ նոր բացահայտումներ չեն կարողանում իրականացնել։ Այսինքն՝ նրանք չեն կարողանում ենթադրյալ սպանություն կատարած անձանց գտնել եւ ամբողջովին բացահայտել դեպքերը։ Մասնավորապես, խոսքը հունիսի երկուսին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության մասին է։ Ճիշտ է, այստեղ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնի է, եւ հետախուզում է հայտարարված, սակայն նրան այդպես էլ չեն գտել։ Նման իրավիճակ է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու մասնակցությամբ միջադեպի եւ «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի սպանությունների գործերով։ Ստացվում է՝ վերջերս ավելացել են կրակոցները, հարցերը այդկերպ լուծելու տարբերակը, սակայն դրա հետ մեկտեղ այդ գործերը դժվար են բացահայտվում, կամ, ինչպես այս դեպքերում է, միայն հետախուզում է հայտարարվում, իսկ ենթադրյալ հանցագործներն արդեն անհասանելի են լինում։

 

 

Մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կամաց-կամաց հավասարվում է դոլարի փոխարժեքին։ Այն, նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ, ավելի բարձր գնով է վաճառվում։ «Ժողովուրդ»  օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ այսօր երեւանյան սուպերմարկետներում կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը 330-550 դրամի է հասնում։ Որոշ բանջարեղենային խանութներում այն տատանվում է 280-300 դրամի սահմաններում։ Նախորդ տարվա այս ամիսներին կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը տատանվում էր մինչեւ 150 դրամի սահմաններում։ Ըստ գյուղատնտեսների՝ ձմռան ամիսներին կարտոֆիլի գինն է՛լ ավելի է բարձրանալու, նախորդ տարվա համեմատ՝ ավելի թանկ է լինելու։ Նրանց խոսքերով՝ պատճառը ոռոգման ջրի պակասն է, որի մասին գյուղացիները բարձրաձայնում էին դեռ տարեսկզբին։ Բավարար քանակությամբ ջուր չունենալու պատճառով կարտոֆիլի բերք այս տարի սպասվածից քիչ է հավաքվել, ինչի արդյունքում կարտոֆիլի գինը բարձրացել է։ Բարձր գնի պատճառով շատ գյուղացիներ կարտոֆիլի բերքահավաքը ժամանակից շուտ էին սկսել, եւ հենց դաշտից նրանք թանկ գնով վաճառել են։ Սակայն նկատենք, որ այս ամենից ավելի շատ օգտվում են վերավաճառողները, որոնք գյուղացիներից ցածր գնով ձեռք են բերում կարտոֆիլ ու այն ավելի թանկ վաճառում են։ Ոչ մի աշխատանք չանելով՝ նրանք ավելի շատ են եկամուտ ստանում, քան գյուղացին, որն օր ու գիշեր շոգին եւ ցրտին տանջվում, հող է մշակում եւ վերջում կոպեկներով իրացնում բերքը:




Լրահոս