Հոկտեմբերի 18-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցով պատրաստվում է նիստ հրավիրել: ArmLur.am-ը դեռ օրեր առաջ էր գրել, որ այդ պաշտոնում իշխանականները ցանկանում են նախկին պատգամավոր Եղիշե Սողոմոնյանին առաջադրել: Մեզ հետ զրույցում Սողոմոնյանը նշեց, որ իր թեկնածությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն է առաջադրել: Նշեց նաեւ, որ որպես պատգամավոր լիազորությունները դադարեցնելուն պես դուրս է եկել նաեւ «Առաքելություն» կուսակցությունից:
-Պարո՛ն Սողոմոնյան, ինչպե՞ս է առաջադրվել Ձեր թեկնածությունը Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության համար: Մի փոքր մանրամասնե՞ք:
-Հաշվեքննիչ պալատում իմ թեկնածությունն առաջադրվել է, որը պետք է օրենքով սահմանված ընթացակարգեր անցնի, նախ՝ հանձնաժողովի կողմից դրական եզրակացոթյուն ստացվի, ապա՝ ներկայացնի ու հավանությանն արժանանա: Կառավարության կողմից առաջարկ է եղել սեպտեմբեր ամսին: Եթե ինչ-որ բանով կարող եմ իմ երկրին օգնել, կօգնեմ:
-Դուք հանդիպում ունեցե՞լ եք իշխանության բարձր էշելոնի ներկայացուցիչների հետ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հետ:
-Ոչ, առաջարկ անողը եղել է հանձնաժողովի նախագահը:
-Իսկ Դուք շարունակո՞ւմ եք «Առաքելություն» կուսակցության անդամ մնալ: Մենք լուր ունենք, որ լքել եք կուսակցության շարքերը:
-Ես կուսակցական դարձել եմ ընտրություններից առաջ, երբ ցուցակներ էին մուտքագրում: Երբ դադարեցվեց 7-րդ գումարման Ազգային Ժողովը, որոշեցի, որ այլեւս քաղաքականությամբ չպետք է զբաղվեմ, բայց բոլորն իմ ընկերներն են:
-Այսինքն՝ դուրս եկա՞ք:
-Այո, դուրս եկա ու, կարելի է ասել, այդ էջը փակեցի, որովհետեւ ինձ համար հարազատ չի եղել: Կուսակցության անդամների հետ իմ ընկերությունը շատ վաղուց է գալիս, բայց այլեւս չէի ուզում քաղաքականությամբ զբաղվել: Հետո՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո, առաջարկ ստացա՝ մասնակցեմ երկրի կայացման եւ խնդիրների լուծման գործընթացին. պետք է ցուցակներում լինեի, այսինքն՝ լինեի օրենսդիրում, հետո գնայի գործադիր:
-Պատրաստվո՞ւմ եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցել, թե՞ քաղաքականությունից իսկապես հրաժարվել եք:
-Ոչ, ոչ: Մոտակա երկար ժամանակներս չեմ վերադառնալու քաղաքականություն: Չեմ լինի որեւէ կուսակցության կազմում: Գործադիրի անդամ չեմ, Հաշվեքննիչ պալատը ապաքաղաքական մարմին է, ես այս ոլորտում 17 տարվա փորձ ունեմ: Լավ գիտեմ բոլոր խնդիրները, ամեն ինչին ծանոթ եմ, կարող եմ օգտակար լինել երկրին:
-Հանդիպումներ ունեցե՞լ եք խորհրդարանական խմբակցությունների հետ: Ի՞նչ եք կարծում, նրանք ի՞նչ դիրքորոշում կունենան Ձեր ընտրության ժամանակ:
-Հանդիպումներ դեռ չեմ ունեցել:
-Բայց ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի նրանց տրամադրվածությունը Ձեր հանդեպ:
-Չեմ կարող ասել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՅԱՆՔԸ ԿՊԱՐԱԼԻԶԱՑՎԻ
Հայաստանում շարունակվող ՏԻՄ ընտրությունները հիմնականում անցնում են «աննկատ» ու նվազ հետաքրքրության պայմաններում:
Համեմատության կարգով ուշադրություն են գրավում Գյումրին՝ որպես երկրորդ քաղաք, եւ Սյունիքի համայնքները, քանզի այնտեղ խոշոր համայնքների ղեկավարների դեմ հարուցված են քրեական գործեր, մի մասն էլ ազատազրկված են: Օրինակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը որը նաեւ համայնքի ղեկավարի թեկնածու է, գտնվում է անազատության մեջ, եւ, Գորիսում շրջանառվող լուրերի համաձայն, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով կարողանա վերընտրվել, դա դեռ չի նշանակում, որ կհայտնվի ազատության մեջ ու կկարողանա ղեկավարել համայնքը:
Գորիսեցիների շրջանում մտահոգություն կա, որ դեպքերի նման զարգացման դեպքում կտուժի համայնքը, դրա զարգացումը. նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Համայնքի ղեկավարը պետք է լինի իշխանությունների մարդը, որ կարողանա փող, ծրագիր ու նոր հնարավորություններ բերի մեր քաղաքին, ընդդիմանալով կենտրոնական իշխանության դեմ` ոչինչ դեպի լավը չի գնա, ու կտուժենք մենք ու մեր երեխաները»: Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ հոգնել են ներքաղաքական կյանքի մասին խոսելուց ու ցանկանում են իրական փոփոխություններ, ցանկանում են, որպեսզի իրենց երեխաների համար ստեղծվեն կյանքի, կրթության այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան մայրաքաղաքում, ու շատերը դրանց բացակայությունը շարունակում են կապել նախկին իշխանությունների՝ տարիների անգործության հետ, իսկ, ահա, նորերը բարեկարգում են տարիներով քանդված փողոցներն ու մայրուղիները, ինչը ստիպում է մարդկանց աչք փակել նորահայտ շատ խնդիրերի առաջ:
Գրեթե նույն իրավիճակն է նաեւ Սյունիքի մյուս համայնքներում. այստեղ ենթագիտակցորեն մարդիկ ձգտում են փոփոխությունների՝ համարելով, որ իրենց նախկին ղեկավարները, լինելով նախկին իշխանությունների հետ սերտաճած մարդիկ, պետք է այն ժամանակ այսպիսի ջանասիրությամբ պայքարեին իրենց համայնքների զարգացման համար, եթե պետք էր, այն ժամանակ ընդվզման կոչեր անեին, այլ ոչ թե երիտկոմերիտականների նման զգաստ կանգնեին, երբ Երեւանից ինչ-որ մեկը գալիս էր իրենց մոտ, ու երբ տարիներով նույնիսկ փողոց չէր ասֆալտապատվում, դպրոց չէր վերանորոգվում եւ այլն: Ինչպես ասում են, ամեն բան մի օր շուռ է գալիս:
Ն. Հ.
ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է օրերս Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակչի սպանության դեպքին։ «Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածի հարազատներին եւ մերձավորներին։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան հետաքննություն է անցկացնում՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։ Իրենց պատասխանատվության գոտում նման միջադեպերից զերծ մնալու ջանքերը համակարգելու համար ռուս խաղաղապահները անդադար կապ են պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շտաբերի հետ։ Տվյալ ողբերգական միջադեպն ապացուցում է երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրի բոլոր դրույթներն անշեղորեն կատարելու կարեւորությունը», -ասել է Զախարովան։ Դիվանագետը նաեւ նշել է, որ Մոսկվան երկու կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերացնել առկա փոխադարձ գրգռիչները մարդասիրական դաշտում, կատարել գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով եւ փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱԶԱՏՎՈՒՄ
ՊԱՀԱՆՋԻՑ
Մինչեւ 18 տարեկան աշխատողները, հակացուցում ունեցող աշխատողներն ու հղիները ազատված են ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատը ներկայացնելու պահանջից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ փոփոխություններ են կատարվել COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոններում, ըստ որոնց՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ չեն ներկայացնում նաեւ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված աշխատողները։ Բացի այս, նշված ցանկում ներառվել են նաեւ այն աշխատողները, որոնք նախկինում կորոնավիրուսով են հիվանդացել. նրանք կարող են թեստ հանձնել ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում: Ըստ Առողջապահության նախարարության՝ 90 օրը հաշվարկվում է հիվանդության ախտորոշման համար հիմք հանդիսացած առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Ի դեպ, եթե անձը հիվանդացել է COVID-19-ով ոչ առաջին անգամ, ապա 90 օրը հաշվարկվում է հիվանդության վերջին ախտորոշման համար հիմք հանդիսացող առաջին դրական ՊՇՌ հետազոտության արդյունքի օրվանից։ Սա դեռ ամենը չէ. պարզվում է, որ հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջեւ սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած եւ բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ։