ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների միջազգային դատարանը քննում է Հայաստանի եւ Ադրբեջանի հայցերը միմյանց դեմ: Այս փուլում Հաագայի դատարանը կանդրադառնա հրատապ միջոցի ապահովմանը։ Երեւանը, մասնավորապես, միջազգային այս կառույցից պահանջում է մինչեւ բուն դատաքննությունը միջոցներ ձեռնարկել, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի գերիներին, քաղաքացիական անձանց, փակի Բաքվի կենտրոնում բացված «Ռազմավարի պուրակը», որտեղ ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից գրաված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում։

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայցը ներկայացնելիս հեղինակավոր ատյանին ասաց, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ, ազգային ատելություն է հրահրում:

«Այս դիմումով Հայաստանը ձգտում է կանխել ու հատուցում ստանալ հայերի նկատմամբ կատարված պարբերական բռնությունների ու ատելության դրսեւորումների դիմաց։ Հրատապ միջոց կիրառելու միջնորդությամբ Հայաստանը շտապ փորձում է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները նրանց սպառնացող անփոխհատուցելի վնասից», – նշեց նա` հավելելով, որ դիմումը եւ հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը հիմնված են «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի վրա։

Գերիներին Ադրբեջանը համարում է հանցագործներ՝ պնդելով, որ նրանք հրադադարի համաձայնությունից հետո են հայտնվել Ադրբեջանի տարածքում՝ որպես դիվերսանտներ։ Ի պատասխան «Ռազմավարի պուրակի» վերաբերյալ քննադատություններին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ այն «ագրեսորի նկատմամբ իրավունքի եւ արդարության հաղթանակի խորհրդանիշ է»:

Պատերազմից հետո էլ Ադրբեջանը շարունակում է հայատյացությունը. Հաագայի դատարանում ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը. «Ադրբեջանը գերեվարել, խոշտանգել, կամայական ձերբակալել է բազմաթիվ հայ զինծառայողների եւ խաղաղ բնակիչների եւ այժմ էլ շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունն ու կրոնական վայրերը կամ ժխտում դրանց հայկական լինելը»:

Հայկական կողմն իր հայցում պահանջում է դադարեցնել պատմամշակութային ժառանգության վանդալիզմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Հայաստանի դեմ հակընդդեմ հայցում Ադրբեջանը ռասայական խտրականության մասին է բարձրաձայնում: Իլհամ Ալիեւը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ անցած 30 տարում 7 շրջաններում Հայաստանը «հիմնահատակ վերացրել է ադրբեջանական հետքը՝ մշակութային ժառանգությունից մինչեւ նյութական ունեցվածք»։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերելու են Հայաստանի ներկայացրած նախնական միջոցների կիրառման պահանջին»: Հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին:

«Համաճարակի կապակցությամբ հանդիպումները կանցկացվեն հիբրիդային ձեւաչափով, – նշել է դատարանը՝ մանրամասնելով:- Որոշ դատավորներ անձամբ կմասնակցեն նիստերին, իսկ մյուսները` տեսակապի միջոցով: Կողմերի ներկայացուցիչները նույնպես կարող են լսումներին մասնակցել անձամբ կամ տեսակապով»:

Հայաստանը սեպտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանում դատական գործընթաց սկսեց՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման միջազգային կոնվենցիայի համաձայն: Ադրբեջանին Հայաստանը մեղադրում է ռասայական խտրականության մեջ, որը շարունակվել է տասնամյակներ շարունակ եւ սրվել է 2020 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած հակամարտության ընթացքում:

Ադրբեջանը սեպտեմբերի 24-ին հակընդդեմ հայց ներկայացրեց` պնդելով, թե Հայաստանն է իրականացրել եւ իրականացնում մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային եւ էթնիկ ծագման հիման վրա: Երկու կողմերն էլ պահանջել են վնասի փոխհատուցում եւ ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում, որոնք նախատեսված են վարույթի ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար:

Ն.Հ.

 

 

ՄԱՆԴԱՏ ՉԻ ՄՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Ռուս խաղաղապահների տեղակայումից մոտ մեկ տարի անց Բաքուն, չնայած դրական է գնահատում նրանց գործունեությունը, սակայն նաեւ հարցեր է բարձրաձայնում: Նախ նկատենք, որ Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել եւ լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ: Ստացվում է՝ խաղաղապահներն այս պահին Ղարաբաղում են՝ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն: Նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է հինգ տարի ժամկետով, որը եւս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որեւէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Իսկ, ահա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցեր է բարձրացնում նրանց գործունեության ու լիազորությունների վերաբերյալ։ «Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք խաղաղապահներից, բայց կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն»,- իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի հետ հարցազրույցում ասել է Իլհամ Ալիեւը՝ մանրամասնելով. «Օրինակ, կա խնդիր օտարերկրացիների հետ, որոնք պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան, որպեսզի մուտք գործեն մեր տարածք»։ Մոտ մեկ ամիս առաջ էլ այս մասին Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւն էր խոսել։ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր»,- ասել էր նա BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում՝ հավելելով. «Կողմերի միջեւ դեռ քննարկումներ են ընթանում խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններ ձեռք բերելու համար»։ Եվ, չնայած այս ամենին, ռուսական կողմից հնչում են հայտարարություններ, թե խաղաղապահների ժամկետը եւս հինգ տարով կերկարաձգվի:

 

 

ԳՈՒՄԱՐ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի վեց համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման համար: Խոսքը շուրջ 48 մլն դրամի մասին է: Տեղեկացնենք, որ այս տարվա հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ ու Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Մեզ հայտնի դարձավ, որ այդ գումարն անհրաժեշտ է դրանց կազմակերպման եւ անցկացման` քվեարկության օրվա, տեղի եւ ժամանակի մասին ընտրողների ծանուցագրերի պատրաստման, տպագրման եւ առաքման համար:

 

 

ԲԱՎԱՐԱՐ ԵՆ

Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար. ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: «Ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձեւավորմանը»,- ասել է Սիդորովը:

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է

«Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:  Ըստ նրա՝ Ադրբեջանը կոչ է անում սկսել սահմագծման եւ սահմանազատման գործընթացը։ Բայրամովը նաեւ համոզմունք է հայտնել, որ հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին եւ կուժեղացնի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում։

 

 

ԻՐԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է

Պաշտոնական Թեհրանը հերքում է իրանցի երկու վարորդների ազատ արձակվելու մասին տեղեկությունները: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրանական բեռնատարների՝ մեկ ամիս առաջ ձերբակալված երկու վարորդների ազատ արձակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Նա պարզաբանել է. «Իրանի հետ խորհրդակցություններից հետո երկու իրանցի բանտարկյալներ Ադրբեջանից կտեղափոխվեն Իսլամական Հանրապետություն՝ պատժի մնացած մասը կրելու համար»: «Այս երկու անձինք ոչ մի կապ չունեն ձերբակալված վարորդների հետ»,-ընդգծել է Խաթիբզադեն՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են: Հիշեցնենք, որ  Fars գործակալությունը հայտնել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել իրանական բեռնատարների երկու վարորդներին, որոնք մեկ ամիս առաջ ձերբակալվել են ադրբեջանցի սահմանապահների կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածում:

 

 

ԿՈՂՄ Է

Մոսկվան կողմ է եռակողմ համաձայնությունների բոլոր կետերի անշեղորեն իրականացմանը, որոնք 2020-ի նոյեմբերի 9-ին եւ 2021-ի հունվարի 11-ին ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջեւ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք գտնում ենք, որ այդպիսով կստեղծվեն նշանակալից հնարավորություններ Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար, այդ թվում՝ երկկողմ բարդ հարցերում», – ասել է Զախարովան։




Լրահոս