ԴՈՆ ՊԻՊՈՅԻ ՔԵՆԱԿԱԼԻ ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախաքննական մարմինը գործարար Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի քենակալ (բաջանաղ) Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրել, որ նա խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով Արթուր Ասատրյանի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու միասնական դիտավորությամբ 2018թ. նոյեմբերի 23-ին մեկնել է ՌԴ Մոսկվա քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել Արթուր Ասատրյանի հետ եւ իր կողմից առաջարկած ու համատեղ մշակված բիզնես ծրագիր իրագործելու, Արմավիրի մարզում հողատարածքներ ձեռք բերելու, դրանցում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաեւ դեղձի այգիներ հիմնելու, կոնյակի գործարան կառուցելու, դեղձի կոնյակ արտադրելու պատրվակով պահանջել եւ Մոսկվա քաղաքի Արթուր Ասատրյանի գրասենյակում վերջինիս ցուցումով գրասենյակի հաշվապահ Իշխան Միքայելի Սաֆարյանից ստացել է 96.894.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար, սակայն վախենալով այդ գումարն օդանավով բերել ՀՀ՝ այն փոխադարձ համաձայնությամբ թողել է հիշյալ գրասենյակում՝ պայմանավորվածություն ձեռք բերելով այն ստանալ ՀՀ-ում, եւ 2018թ. նոյեմբերի 24-ին վերադարձել է ՀՀ, ինչից հետո՝ 2018թ. նոյեմբերի 25-ին, Իշխան Սաֆարյանը ժամանել է Երեւան «Զվարթնոց» օդանավակայան` իր հետ բերելով նշված գումարը, որտեղ էլ Արթուր Ասատրյանի աշխատակիցներ Վլադիմիր Վլադիմիրի Կատուշկինի ու Դմիտրի Իգորի Օլխովատովի ուղեկցությամբ օդանավակայան եկած Վազգեն Հարությունյանն իր ավտոմեքենայի մեջ Իշխան Սաֆարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերի` 96.894.000 ՀՀ դրամին համարժեք 200.000 ԱՄՆ դոլար գումար եւ իրագործելով իր հանցավոր մտադրությունը` խարդախությամբ հափշտակել է այն` բիզնես ծրագրով նախատեսված որեւէ գործարքներ եւ ծախսեր չկատարելով:

 

Այնուհետեւ, Վազգեն Հարությունյանը, շարունակելով իրագործել իր հանցավոր դիտավորությունը, 2018թ. դեկտեմբեր ամսին՝ գործով չպարզված օրը, հիշյալ բիզնես ծրագրի իրականացման համար աշխատանքները շարունակելու պատրվակով Արթուր Ասատրյանից պահանջել է եւս 95000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո Արթուր Ասատրյանի քեռու որդու՝ Հովհաննես Մարատի Կարապետյանի կինը` Անուշ Հովհաննեսի Մալխասյանը, Արթուր Ասատրյանի ցուցումով Մոսկվա քաղաքի վերջինիս գրասենյակից վերցրել է 45.961.950 ՀՀ դրամին համարծեք 95.000 ԱՄՆ դոլար գումար եւ 2018թ. դեկտեմբերի 25-ին ժամանել է ՀՀ ու գումարը փոխանցել է ամուսնուն, որն էլ հաջորդ օրը Էջմիածին քաղաքում գտնվող նրանց տանը այդ գումարը փոխանցել է Վազգեն Հարությունյանին, որը, ստանալով հիշյալ գումարը, Արթուր Ասատրյանին խաբելով եւ նրա վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է այն` կրկին բիզնես ծրագրով նախատեսված որեւէ գործարքներ եւ ծախսեր չկատարելով:

Այնուհետեւ Վազգեն Հարությունյանը, շարունակելով իրագործել իր հանցավոր դիտավորությունը, 2019թ. փետրվար ամսին՝ գործով չպարզված օրը, հիշյալ բիզնես ծրագրի իրականացման համար աշխատանքները շարունակելու պատրվակով Արթուր Ասատրյանից պահանջել է գումար, որից հետո Արթուր Ասատրյանի ցուցումով 2019թ. փետրվարի 11-ին վերջինիս որդու ընկերը` Զհեննան Ջինգը, Միացյալ Թագավորությունից Վազգեն Հարությունյանի «Էյչ-Էս-ԲԻ-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում բացված դոլարային հաշվին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով` 62.225.044 ՀՀ դրամին համարժեք 127.330.3 ԱՄՆ դոլար գումար, որը տարբեր ժամանակահատվածներում ամբողջությամբ կանխիկացվել է Վազգեն Հարությունյանի կողմից, արդյունքում Արթուր Ասատրյանին խաբելով ու նրա վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է այն` կրկին բիզնես ծրագրով նախատեսված որեւէ գործարքներ եւ ծախսեր չկատարելով: Վազգեն Հարությունյանը, շարունակելով իրագործել իր հանցավոր դիտավորությունը, 2019թ. մայիս ամսին՝ գործով չպարզված օրը, Արթուր Ասատրյանի վստահությունը չարաշահելու նպատակով նրա տանը վերջինիս է տվել անշարժ գույքի գրանցման վկայականներ` խաբելով, թե, իբր, դրանք ձեռք է բերել այլ անձանցից բիզնես ծրագրի իրագործման համար այգիներ հիմնելու նպատակով, որից հետո՝ հաջորդ օրը, կրկին խաբելով Արթուր Ասատրյանին, որ բիզնես ծրագրում ծախսեր կատարելու նպատակով այդ անշարժ գույքերի գրավադրմամբ վարկեր պետք է ստանա բանկերից, վերջինիցս հետ է պահանջել ու ստացել հիշյալ վկայականները, ինչից հետո` 2019թ. Մայիսի 29-ին, Արթուր Ասատրյանի համաձայնությամբ՝ կնոջ Վարդուհի Վարդանի Հարությունյանի անվամբ 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով գրանցվել է «Արթուր Ասատրյան ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ, որի տնօրեն գրանցվել է ինքը եւ դեղձից կոնյակ ստանալու հեղինակային իրավունքը «Արթուր Ասատրյան ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ անվամբ գրանցելու հետ կապված վճարումներ կատարելու պատրվակով 2019թ. հունիս ամսին` չպարզված օրը, Արթուր Ասատրյանին խաբելով ու նրա վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել եւ անձամբ առձեռն նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 11.280.000 ՀՀ դրամին համարժեք 23.500 ԱՄՆ դոլար գումար, խարդախությամբ հափշտակել է այն` ընկերության անունով հեղինակային իրավունք գրանցելու համար որեւէ ծախս չկատարելով:

Այսինքն՝ Վազգեն Շիրազի Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով: Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործը ուղարկվել է դատարան:

Ք. Մ.

 

 

ԿԵՂԾ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ չպատվաստվելու կեղծ սերտիֆիկատների տրամադրման գործով կալանավորվել է 3 կին, մեկ տղամարդ: Նշենք, որ նախաքննական մարմինները մի շարք պոլիկլինիկաների եւ բժշկական կենտրոնների աշխատակիցներին կալանավորելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան: Կալանավորվել են Երեւանի պալիկլինիկային երեք կին աշխատակից եւ կալանավորված է նաեւ Նորք-Մարաշ պալիկլինիկայի վիրաբույժ Արմեն Չախոյանը: Նշենք, որ կալանավորումները այսքանով չեն ավարտվի, եւ դատելով իրավիճակից՝ 2 տասնյակից ավելի բուժաշխատողներ կտեղափոխվեն բանտեր: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային աշխատակիցների գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, ըստ որի՝ առողջապահության ոլորտում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող, Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021թ. ապրիլ ամսից մինչեւ օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձեւակերպված եւ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ՀՀ այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով եւ դեղաչափերով, փոխարենը կազմել եւ հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:  Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են: Քրեական գործի նախաքննությամբ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել եւ առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, որոնք փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ: Ձերբակալվել են նույն բժշկական հաստատության թվով վեց աշխատակիցներ, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների եւ փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:

Ք.Մ.

 

 

«ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ»

Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը երեկ  ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ պարզաբանել է, թե Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության ինչ նմուշներ են հասցրել տարհանել:

 

«Հոկտեմբերի 19-ին տարհանումներ եղել են, տարհանել ենք Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանի ամենաարժեքավոր ֆոնդը, որովհետեւ շենքը վթարային է. եթե մոտ տարածքում որեւէ հրթիռ ընկներ, ապա այդ շենքն ամբողջության կփլուզվեր: Նախապատվությունն այդ պահին տվել ենք այդ թանգարանին նրա համար, որ շենքը վթարային էր»,- ասել է նախարարը: Ղարախանյանն այդ օրը հեռախոսով զրուցել է նաեւ Շուշիի գորգերի թանգարանի տնօրենի, Շուշիի պատմության թանգարանի տնօրենի հետ, ասել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տարհանում են կազմակերպում: Նախարարի խոսքով՝ Գորգերի թանգարանի տնօրենը սկզբում չի համաձայնել, ասել է, որ Շուշիում ապահով է, սակայն հետո տարհանվել է գորգերի էքսպոզիցիան. հոկտեմբերի 30-ին Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը զանգել է եւ ցանկություն հայտնել տարհանել թանգարանը: Տարհանվել են նաեւ Քաշաթաղի շրջանի Գերենի դամբարանադաշտի ցուցանմուշները, Տիգրանակերտի թանգարանը: Ղարախանյանը շեշտել է, որ ոչ մեկը թող չխոսի արժեքներ նվիրելու մասին՝ ընդունելով, սակայն, որ թերացում, խուճապ եղել է: Նա միեւնույն ժամանակ վստահեցրել է, որ Շուշիի թանգարանների ՊՈԱԿ տնօրենը խնամքով փաթեթավորել եւ ռմբապաստարաններում թաքցրել էր ամենաարժեքավոր ցուցանմուշները:

«Բայց հոկտեմբերի 30-ին, երբ արդեն մենք մտածեցինք, որ իրական վտանգ կա, շատ խիստ վտանգավոր էր այնտեղ մարդ ուղարկելը: Այսինքն՝ մենք կարող էինք ունենալ մարդկային զոհեր: Խիստ վտանգավոր պայմաններում են տարհանվել գորգերը: Հետո մենք տարհանել ենք Բերձորի պատմաերկրագիտական թանգարանն ամբողջությամբ, Շահումյանի եւ Քաշաթաղի շրջանի հիշատակության արժանի խաչքարերը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ պատերազմից սերտ համագործակցում են ՄԻՊ-ի եւ ԱԳՆ-ի հետ, հղել են ամենակարեւոր նամակները միջազգային հայտնի հեղինակավոր կառույցներին: «Կարծում եմ՝ վերջերս ԵԽԽՎ-ի բանաձեւում ֆիքսված ալբանացման մասին, Դադիվանքի մասին, Նախիջեւանի մասին, խաչքարերի հիշատակությունը հաջողություն է: Իհարկե, բանաձեւում որպես վրիպում կա «Ղզնչի» եւ «Շուշա» բառերը: Մենք քայլեր ենք ձեռնարկում, որ այդ վրիպակները մաքրվեն բանաձեւից»,- ասել է Ղարախանյանը: Արցախի մշակութային ժառանգությունը անձնագրավորված է: Հայկական կողմն այդ ամենն ունի՝ վիդեոների, լուսանկարների տարբերակով: «Մեր բոլոր հուշարձաններն անձնագրավորված ունենք: Եվ մենք պայքարելու ենք»,- վստահեցրել է նախարարը:

Ն. Պ.




Լրահոս