ՔՊ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «0» ՄՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն կրեց հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես նաեւ Սյունիքի մարզի Գորիս եւ Մեղրի խոշորացված համայնքներում: ՏԻՄ ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանն անձամբ չի մասնակցել՝ հույս ունենալով, որ իր մերձավոր շրջապատը կկարողանա լուծել հաղթանակի հարցերն ավտոնոմ եղանակով, ինչը ոչ միայն չստացվեց, այլ, ինչպես մեզ հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից մեկը խոստովանեց, միայնակ տապալվեցին: Իրականում մինչեւ հիմա ժողովուրդը Նիկոլ Փաշինյանից այն կողմ ոչ մեկին չի տեսնում ու չի հավատում. բոլորը կախված են իրենից: Որպես օրինակ՝ բանախոսը բերում է ընդամենը երկու-երեք ամիս առաջ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սյունիքում, որտեղ ՔՊ-ն բացարձակ հաղթանակ տարավ, քանի որ այնտեղ այցելել ու քարոզարշավին մասնակցել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հատկապես մեծ է դժգոհությունը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կատարած աշխատանքից, որը համակարգում էր ընտրությունները Սյունիքի մարզում, ու թիմի ներսում ընկալվում է որպես խիստ գոռոզացած, բայց իրականում ոչ կոմպետենտ մարդ:

Հետաքրքիր վիճակ է նաեւ Գյումրիի հետ կապված. մեզ ասացին, որ ՔՊ թեկնածուն, ՔՊ պատգամավորներն ու կուսակցական ակտիվն այնքան թույլ են այդ քաղաքում, նրանց բացարձակ մեծամասնության անցած ճանապարհն այնքան անհասկանալի, անընկալելի է գյումրեցիների համար, որ Սամվել Բալասանյանը, չլինելով Գյումրիում ու անհայտ պատճառներով բացակայելով երկրից, իր ազգանունը կրող դաշինքով հաղթանակ տարավ իշխանությունների նկատմամբ: Իհարկե, շատերը կարծում են, որ քաղաքապետի հարցում նախապես պայմանավորվածություն կար, ու ՔՊ թեկնածուն, այնուամենայնիվ, կընտրվի Գյումրու քաղաքապետ, սակայն փաստացի կունենա Անգլիայի թագուհու կարգավիճակ:

ՔՊ կուսակցության մեր աղբյուրները փոխանցում են, որ, այնուամենայնիվ, այս պարտությունները լավ էին. Նիկոլ Փաշինյանը տեսավ, թե իր մոտ մտնող ու մեծ-մեծ խոսողներն իրականում ինչի են ընդունակ` չբացառելով, որ վարչապետն իրականում թողեց այս պրոցեսներն ընթանան, որպեսի մեկ անգամ եւս սանձի ու տեղը դնի իր թիմակիցներին, որոնք սկսել են իրենց պահել լուրջ դեմքերի նման` չունենալով նման դեմք, այսինքն՝ համապատասխան կրթություն, փորձ ու գիտելիք:

 

 

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը նախարարության կարեւորագույն կադրերին նշանակում է Գեղարքունիքի մարզպետարանից եկածներին: Նախկին մարզպետը մարզպետարանի գրեթե ողջ կազմին` ընկեր, ծանոթ, հարազատներ, պաշտոնների է նշանակում ՏԿ նախարարությունում: Նա իրեն տեղակալ է նշանակել Նարեկ Մանուկյանին, որը Սանոսյանի հետ աշխատել է մարզպետարանում ու իր մտերիմ ընկերներից է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմա էլ մարզպետարանից պատրաստվում են նախարարության համար աշխատակազմի ղեկավար-քարտուղար բերել: Նախարարությունում սպասումների մեջ են, քանի որ Սանոսյանի բերած գրեթե բոլոր կադրերը անփորձ են ու անտեղյակ ոլորտից, իսկ նշված պաշտոնը շատ կարեւոր է բոլոր գերատեսչությունների համար: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ Սանոսյանն իր մտերիմ շրջապատում ասել է, որ նախարարությունում կադրային փոփոխությունները առաջիկայում շարունակելու է, քանի որ չի վստահում գործողներին: Մի խոսքով, Սանոսյանը առաջիկայում պատրաստվում է իր ղեկավարած գերատեսչությունը «մաքրել» թիմակից նախկիններից ու բերել իր համար հավատարիմներին:

 

 

«Ժողովուրդ»  օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մոսկվա»  կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքից։ Ինչպես հայտնի է, 2021թ. հունիսի 2-ին Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն էր տեղի ունեցել: Սպանվել էր Քյավառցի Ռաֆո մականունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահը՝ Հովաննես Վարդանյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Մարդոյանը դեպքից հետո իրավապահներին հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ ենթադրում է՝ դեպքը կապված է 6 տարի առաջ իր դեմ իրականացված մահափորձի հետ: Դատարանը հետախուզում է հայտարարել մի անձի նկատմամբ, որը 6 տարի առաջ դատարանի կողմից արդարացված է եղել Մարդոյանի դեմ մահափորձի գործով եւ հիմա գտնվում է արտերկրում: Սակայն Ռաֆայել Մարդոյանը իրավապահներին  անգամ անուն չի տվել, իրավապահներին չի օգնել ենթադրյալ հանցագործին գտնելու հարցում:

 

 

 

Հաջորդ տարվա հունվարի 1-ից Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեսուչը պետք է համազգեստ կրի, ծառայողական ռազմամթերք եւ ձեռնաշղթաներ ունենա: Նա նաեւ իրավունք կունենա ավտոմեքենա կանգնեցնել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը հնարավորություն կունենա վերահսկել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրմանը վերաբերող պահանջների պահպանումը: Ավելին՝ այդ ստուգումներն իրականացվելու են առանց տնտեսավարող սուբյեկտին նախնական ծանուցման: Ասել է թե՝ տեսչական մարմինը կօժտվի համապատասխան գործիքակազմով, որով պատշաճ վերահսկողություն կիրականցվի նաեւ այն կարգավորումների նկատմամբ, որոնք ներկայիս գործիքակազմով հնարավոր չէ ստուգել: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ ուժը կորցրած կճանաչվի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի մասին» օրենքը:Հուսանք՝ տեսչական մարմնի տեսուչները կստուգեն նաեւ տաքսիների ոլորտը, որովհետեւ այստեղ տարիներ շարունակ «բեսպրիդել» է: Տպավորություն է՝ մի կողմից ստուգողներն ու տեսուչները շատանում են, մյուս կողմից՝ անօրինականությունը խորանում է:

 




Լրահոս