Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծնունդով սյունեցի Աննա Գրիգորյանն այն համոզմանն է, որ գորիսեցիները հասկացան՝ ինչ վտանգ է կախված Սյունիքի գլխին, ու իրենց ձայնը Առուշ Առուշանյանին վստահեցին: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ լիահույս է՝ առաջիկայում Կապանում անցկացվելիք ընտրություններում նույնպես իշխանությունը պարտություն կկրի:
-Գորիսում Առուշ Առուշանյանը վերընտրվել է համայնքապետ, եւ դա՝ այն ֆոնին, երբ ամիսներ առաջ գործող իշխանությունը հաղթանակ տարավ եւ ընտրվեց: Այս պրոցեսն ինչպե՞ս կբացատրեք:
-Սա Առուշ Առուշանյանի հաղթանակն էր՝ պայմանավորված նրա՝ տարիներ շարունակ կատարած աշխատանքով: Իշխանությունները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի թե՛ Առուշանյանը, թե՛ նրա տեղակալները անազատության մեջ լինեն, եւ քաղաքական հետապնդման արդյունքում Լիլիա Հովսեփյանն ընդամենը երկու օր առաջ է դուրս եկել, իսկ Առուշ Առուշանյանը դեռեւս շարունակում է կալայնքի տակ լինել: Մեր հայրենակիցները Գորիսում, միեւնույնն է, սատարեցին այն մարդկանց եւ ուժին, որոնք իրենց կողքին էին թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ խաղաղ պայմաններում: Մարդիկ ըստ արժանվույնս գնահատեցին Առուշանյանի կատարած աշխատանքը վերջին մի քանի տարիների ընթացքում: Եվ, ի վերջո, չմոռանանք, որ Գորիսն այն համայնքն է, որն ամենաշատն է տուժել հենց պատերազմի հետեւանքով, այսինքն՝ ավելի ճիշտ կլինի ասել՝ տուժել է իշխանությունների կայացրած որոշումների արդյունքում: Մինչեւ այսօր Գորիս-Կապան ճանապարհին որոշակի հատվածի վերահսկողությունն իրականացնում են ադրբեջանցիները: Այս համատեքստում գորիսեցիներն իրենց արժանապատիվ ընտրությունը կատարեցին, եւ ես այս առումով ոչ միայն «Առուշանյան» դաշինքին եմ շնորհավորում, այլ նաեւ գորիսեցիներին՝ իրենց կատարած ընտրության համար:
-Սա ազդակ կարո՞ղ եք համարել ամբողջ հայ ազգին:
-Իհարկե: Եթե Փաշինյանն անընդհատ ասում էր, որ ինքը ստացել է մանդատ, որպեսզի սկսի խաղաղության գործընթացներ, բայց այդ կեղծ խաղաղասիրական լոզունգների ներքո հերթական զիջումներին է գնում ամեն օր, հիմա գոնե Գորիսում մարդիկ կանգնեցին եւ ասացին, որ այդ խաղաղասիրությունը, որ տանում է նոր զիջումների, պարտության ու կապիտուլիացիայի, իրենց համար անընդունելի է: Ես կարծում եմ, որ այս գործընթացը լինելու է շարունակական, եւ առաջիկայում Կապանում են լինելու ընտրություններ: Տեսաք, որ Հայաստանի 2-րդ խոշոր քաղաք Գյումրիում եւս ՔՊ-ն պարտություն կրեց: Կարելի է ասել, որ ժողովուրդը ընտրությունից հետո հստակ գիտակցում է, թե ինչ քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը, եւ իր հստակ դիրքորոշումն է հայտնում այս առումով:
-Ինչպե՞ս եք մեկնաբանում, տեղացիները հասկացե՞լ են պետության գլխին կախված վտանգը. մի քանի ամսվա տարբերությամբ՝ հակադիր ընտրություն են կատարում:
-Իհարկե: Նախ՝ եկեք արձանագրենք մի բան. վստահությամբ կարող եմ պնդել, որ Սյունիքում պառլամենտական ընտրություներում հաղթանակն հնարավոր եղավ ՔՊ-ի ի կողմից արձանագրել բացառապես զինվորականների քվեարկությամբ, ինչպես նաեւ ոստիկանության ուժերի քվեարկության ու շրջիկ խմբերի եւ վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
ՀՔԾ ՏԵՂԱՓՈԽՎԵԼԸ ԽՈՐԸ ԱՐՄԱՏՆԵՐ ՈՒՆԻ
ՀՔԾ պետի նորանշանակ տեղակալ Մուշեղ Բաբայանին կրկին ՀՔԾ տեղափոխելը խորը արմատներ ունի: Բան այն է, որ նրան առաջիկայում նշանակելու են Հակակոռուպցիոն կոմիտեում նոր պաշտոնի, իսկ, ահա, Սասուն Խաչատրյանի մյուս տեղակալ Հովհաննես Ենոքյանին կրկին կտանեն Հակակոռուպցիոն կոմիտե եւ կնշանակեն Սասուն Խաչատրյանի խորհրդական: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, որը նման պատասխանատվություն էր ստանձնել նաեւ «Սասնա ծռերի» գործով: Հակոբյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, հրաժարվել էր որեւէ բան հայտնելուց: Նաեւ լուրեր են շրջանառվում, որ քննչական խմբի ղեկավարը փոխվել է, եւ նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը:
Իսկ թե ինչու են գաղտնի պահում, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշել էր, որ այդ քայլին գնում են անձին ավելորդ ուշադրությունից զերծ պահելու համար. «Ո՛չ Էդիկ Հակոբյանն է, ո՛չ էլ Մուշեղ Բաբայանը: Գաղտնիքի խնդիր չկա, մեր ծառայության քննիչներից մեկն է, ավելորդ ուշադրությունից նրան զերծ պահելու համար անունը չի հրապարակվում»:
Այս հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն»: Տարօրինակ է, բայց փաստ, որ հենց Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օրը ՀՔԾ պետի տեղակալը ազատման դիմում է գրում:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր վերջինիս հետ՝ հասկանալու համար, թե իր ազատումը ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության հետ:
-Պարո՛ն Բաբայան, Ձեր հրաժարականը կապվա՞ծ է եղել այն բանի հետ, որ Դուք հրաժարվել եք հարցաքննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով, ինչի արդյունքում Ձեզ ասել են` դիմում գրեք ազատման մասին:
-Ես որոշել եմ այլ աշխատանքով ծառայել հայրենիքիս, ազատման դիմումն այլ աշխատանքի տեղափոխվելու նկատառումով է, եւ բացարձակ իմ կամքով եմ գրել: Որեւէ քրեական գործի կամ որեւէ քննչական գործողության հետ կապված չէ որոշումս:
-Տարօրինակ չէ՞, որ Դուք դիմում եք գրում այն օրը, երբ պետք է հարցաքննեն Ռոբերտ Քոչարյանին:
-Դիմումը վաղուց էր գրած:
-Իսկ եթե գաղտնիք չէ, կասե՞ք՝ ուր եք տեղափոխվում այլ աշխատանքի, մեկ այլ համակա՞րգ եք գնում, թե՞….
-Հիմա դա չեմ կարող ասել, կներեք:
Ազատումից երկու տարի անց Բաբայանին բերեցին ՀՔԾ, որ հետագայում տանեն նոր ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտե՝ նոր պաշտոնի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԼՈԼԻԿ ԿԱՃԵՑՆԵՆ
Հայաստանյան դպրոցներում հնարավոր է առաջիկայում լոլիկ աճեցնել եւ վաճառել: Այո, ճիշտ հասկացաք. հայկական դպրոցներում կաճեցվեն լոլիկ, վարունգ, կարտոֆիլ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում հանրակրթական դպրոցներն իրավունք կստանան իրականացնել գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն եւ իրացում: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ նաեւ, որ դպրոցների կողմից ջերմոցային, հիդրոպոնիկ կամ այլ եղանակով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունն ու իրացումը կիրականացվի ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Դպրոցական ջերմոցներ, բանջարանոցներ, այգիներ» նախաձեռնության շրջանակներում: Այս մասին որոշման նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը քիչ առաջ է ներկայացրել հանրային քննարկման: Այս նախարարությունում հույս ունեն, որ հայկական դպրոցները կկարողանան աճեցրած գյուղմթերքով ոչ միայն ֆինանսական հարցեր լուծել, այլեւ աշակերտները սննդով կապահովվեն։ Բայց մի խնդիր. հանրակրթական դպրոցի գործունեության առարկան եւ նպատակը ներկայումս չեն ներառում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը եւ իրացումը, այս պատճառով նախարարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ: Արդյոք դպրոցների՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու վերաբերյալ ծրագիրը պտղաբեր կլինի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց այս թեմայի շուրջ որոշ մասնագետներ արդեն սկսել են անհանգստանալ. նրանք մտահոգված են, որ սա չդառնա փողերի լվացման հերթական ծրագրերից մեկը:
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ
Դիլիջանի ոլորաններում ներկայումս ասֆալտապատում են անում: Ջերմաստիճանը հիմա +4 է՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, մինչդեռ ասֆալտապատում անում են նվազագույնը 6 աստիճան ջերմության պայմաններում, որ ասֆալտը կպչի։ Վարչապետ Նիկոլ Փաշիկյանը հայտարարել է, որ իրենք ասֆալտ շատ են սիրում. ավելի ճիշտ կլինի, որ ասֆալտն ամռանը սիրեն, ոչ թե աշնան կեսին։
ԹԱՓԱՌՈՂ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԸ
Դիլիջան այցելած զբոսաշրջիկները զարմացած են քաղաքի ամենակենտրոնում թափառող նախիրից։ Դիլիջանում կովերը թափառում են նաեւ պետական հիմնարկների առաջ, քաղաքային գերեզմանատանը։ Հոկտմբերի 17-ին տեղ կունենան Դիլիջան քաղաքն ու հարակից 6 գյուղերն ընդգրկող Դիլիջան խոշոր համայնքի ավագանու համամասնական ընտրություններ։ 2021թ. փետրվարի 26-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի միջնոդությամբ Դիլիջան համայնքի ղեկավար նշանակվեց Դիլիջանի պետական քոլեջն ավարտած, իր անձնական փաստաթղթերում իր սեռի վերաբերյալ «արու» գրած, այժմ Հայաստանի Եվրոպական համալսարանի 37-ամյա ուսանող Դավիթ Սարգսյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 35 թեկնածուից բաղկացած ցուցակ է ներկայացրել Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ