ԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը ադեկվատ պատասխան կտա Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլի՝ կապված սահմանազատման եւ սահմանագծման հարցի հետ: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կատարցի պաշտոնակից Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպմանը:

 

«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը հետհակամարտային ժամանակաշրջանում՝ միջազգային իրավունքի հիման վրա: Չափազանց կարեւոր է հնարավորինս շուտ սկսել երկու երկրի պետական սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները եւ լուծել այդ հարցերը: Ադրբեջանն ուշադրությամբ հետեւում է այդ ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներին: Եվ այստեղ յուրաքանչյուրը կարող է վստահ լինել, որ հակառակ կողմից յուրաքանչյուր դրական քայլ մեր կողմից ադեկվատ արձագանք կստանա, եւ դրական քայլեր կձեռնարկվեն մեր կողմից»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններն են շարունակում լարված մնալ։

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ եւս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու մեջ: Ինչպես փոխանցում է «ԻՐՆԱ» գործակալությունը, Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջեւ երկխոսությունը դիվանագիտական ուղիներով եւ խուսափել բացասական հայտարարությունների»:

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ հարաբերություններն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ բնականոն ընթացք են ունեցել, սակայն հավելել է. «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի եւ չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»:

Հիշեցնենք, որ այս առնչությամբ Խաթիբզանդեն հայտարարություն էր արել օրեր առաջ՝ նշելով, որ Ալիեւի հայտարարություններն անհիմն են:

Հավանական է, որ Ադրբեջանի ձեռքով Իրանի դեմ լարվածություն ստեղծելով՝ փորձ է արվում նպաստավոր իրավիճակ ձեւավորել հենց միջուկային գործարքի բանակցությունների համար, եւ չի կարելի բացառել, որ նման փորձ կատարվում է Իսրայելի կողմից՝ հաշվի առնելով ինչպես Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների բնույթն ընդհանրապես, այլեւ դրանց կարգավիճակը պատերազմից հետո՝ հաշվի առնելով Իսրայելի ցուցաբերած աջակցությունը: Պատահական չէ, որ Թեհրանը տարբեր մակարդակներով վերջին օրերին շեշտում է իր սահմաններին «սիոնիստական վտանգի ակտիվացման մասին»: Իսկ այն, որ նման կոմբինացիա կարող է խաղարկվել Իսրայելի մասնակցությամբ, տրամաբանական է, որովհետեւ Իրանի կողմից ուրանի է՛լ ավելի հարստացման հեռանկարները Թել-Ավիվին չանհանգստացնել չեն կարող:

Իրան-Ադրբեջան լարվածությունը, միաժամանակ, այլ՝ ոչ պակաս կարեւոր շերտ նույնպես ունի: Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Լավրովը հայտարարեց, որ Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային «3+3» ձեւաչափի ստեղծումը, որին ենթադրվում է ոչ միայն Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, այլ նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը, իսկ նման ձեւաչափը, ըստ Լավրովի, պետք է զբաղվի նաեւ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով: Տարածաշրջանային նման ձեւաչափի ստեղծման առաջարկ դեռ 2020թ. հոկտեմբերի վերջին ներկայացրել էր Թեհրանը, երբ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին պատերազմը կանգնեցնելու նման նախաձեռնությամբ մեկնեց տարածաշրջանային երկրներ: Պատերազմի ավարտից հետո «3+3» ձեւաչափի ստեղծման մասին ակտիվ արտահայտվում էր Թուրքիան եւ պնդում դրա անհրաժեշտությունը: Այժմ, դատելով Լավրովի հայտարարությունից, Ռուսաստանը նման ձեւաչափ պատկերացնում է, եւ հատկանշական է նրա այն շեշտադրումը, որ հենց Ռուսաստանն է որոշիչ դեր ունեցել 2020թ. նոյեմբերին պատերազմը դադարեցնելու հարցում: Ռուսաստանը սրանով ակնարկում է այս տարածաշրջանում իր ունեցած առանցքային դերակատարումը, եւ որ նման ձեւաչափի ստեղծման դեպքում Մոսկվան իր ուրույն տեղն է ունենալու:

Ն.Հ.

 

 

ԿՐԱԿՈՂԸ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ

Նախօերին կրակոցներ էին հնչել Երեւանում. ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել: Պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները Դավիթաշեն 4-րդ թաղամասում գործող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր: Կրակոցի հետքեր են հայտնաբերվել նաեւ խաղասրահի մուտքի դռան, դռան ապակու, սրահում տեղադրված պաղպաղակի սարքի եւ բազալտե աստիճանի վրա: Երեւան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը: Կրակոցների հետեւանքով տուժածներ չկան, իսկ Ս. Գրիգորյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ, քննիչի որոշմամբ, ձերբակալվել է: Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթաշենում կրակոցներ արձակած անձը ոստիկանության աշխատակից է: Իսկ թե նա կրակոցներ արձակել է խաղասրահի մոտ մասնագիտական աշխատանք իրականացնելու ժամանակ, թե գտնվել է խաղասրահում, կպարզի քննությունը:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 եւ 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլաններում սահմանվել են նաեւ դպրոցականների արձակուրդների օրերը: ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ եւ այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների եւ սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաեւ ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչեւ ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու մասին լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

 

 

ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ի եւ Հայաստանի հարաբերությունները իսկապես դաշնակցային բնույթ են կրում, երկու երկրի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն եւ արդյունավետ համագործակցություն է ծավալվում տարբեր ոլորտներում: «Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա ավանդույթների եւ փոխադարձ հարգանքի վրա, իսկապես դաշնակցային բնույթ են կրում: Մեր երկրների միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է ծավալվում, ինչպես նաեւ արդյունավետ համագործակցություն՝ տարբեր ուղղություններով: Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման հարցում զգալի դերակատարություն ունի միջտարածաշրջանային համագործակցությունը, որը թույլ է տալիս փոխշահավետ նախագծեր իրականացնել տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար եւ շատ այլ ոլորտներում»,- «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Պուտինի՝ Ռուս-հայկական VIII միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին ուղղված խոսքում:

 

 

ԿԱՅՑԵԼԻ

Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երեւան, Թբիլիսի եւ Բաքու: Այս մասին գործիչը հայտնել է իր թվիթերյան էջում: «Կրկին թռիչք եւ հանդիպումներ Բաքվում, Թբիլիսիում եւ Երեւանում: ԵՄ-ն ներգրավված է Հարավային Կովկասում իր գործընկերների հետ աշխատանքներում»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը նկարագրելով որպես «բարգավաճ եւ խաղաղ»:

 

 

ԼՍՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում լսումներ են սկսվել Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած գործով: Ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը խոսել է Հայաստանի դեմ միջանյալ միջոցներ ընդունելու անհրաժեշտության մասին՝ մեղադրելով հայկական կողմին «էթնիկ զտումների մեջ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել էին «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն եւս մեկ անգամ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, որոնցով վերջինս, ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Իրանին մեղադրել էր Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու համար: Խափիբզադեն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել «թույլ տալ շարունակել երկու երկրի պաշտոնյաների միջեւ երկխոսությունը դիվանագիտական ուղիներով եւ խուսափել բացասական հայտարարություններից»: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ հարաբերություններն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ բնականոն ընթացք են ունեցել, սակայն հավելել է, որ «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է զգույշ լինի եւ չհայտնվի երրորդ երկրների ծուղակում»:

 




Լրահոս