ԵՐԿՈՒՍԻՑ ՄԵԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին  օրերին Սերժ Սարգսյանի  գործունեության վերաբերյալ  գնահատականներ հնչեցրին ինչպես ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այնպես էլ  քաղաքականություն վերադառնալ պատրաստվող Ռոբերտ Քոչարյանը: Անշուշտ, վերջինս բացահայտ կերպով չտվեց Սերժ Սարգսյանի անունը, սակայն նրա կողմից «երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության բարելավման բացակայության, եւ որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճի» մասին հիշատակումները, բնականաբար, ուղղված էին հենց Սերժ Սարգսյանին, ում գործունեության արդյունքում էլ ստեղծվել է այդ  իրավիճակը: Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանը բացահայտ եւ բավական կոշտ կերպով քննադատեց իր երբեմնի մտերմագույն համախոհին: Անշուշտ, ՀՀ երկրորդ նախագահը նախկինում էլ էր քննադատել Սերժ Սարգսյանի վարած տնտեսական եւ արտաքին քաղաքականությունը, սակայն այն ժամանակ շեշտադրումներն այլ էին, եւ Քոչարյանը չէր խոսում իր վերադարձի  անհրաժեշտության մասին: Ու թեեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի շուրթերով Սերժ Սարգսյանը փորձեց Քոչարյանին համերաշխության մեսիջներ փոխանցել, այդուամենայնիվ, անձամբ ձեռնպահ մնաց Քոչարյանի վերադարձի հետ կապված որեւէ հայտարարություն անելուց:  Սերժ Սարգսյանը չարձագանքեց նաեւ 1996թ. սեպտեմբերին 26-ի դեպքերի հետ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի  սկանդալային հայտարարությանը. «Այդ պահին, երբ նրանք բարձրացան ճաղերը եւ ներխուժեցին ԱԺ շենք, Սերժ Սարգսյանն իմ գրասենյակում մոտեցավ ինձ եւ ասաց` շե՛ֆ, պետք ա կրակել… Ես մի պահ մտածեցի եւ ասեցի` միայն օդ»: Փաստորեն, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակավ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը դեռեւս 1996-ին է պատրաստ եղել կրակել ցուցարարների վրա, եւ միայն իր  շնորհիվ է, որ մարդիկ չեն գնդակահարվել, ինչպես 2008թ. մարտի 1-ին:  Այդպիսով, փաստորեն, Տեր-Պետրոսյանը հավասարության նշան դրեց Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Սակայն որքան էլ տարօրինակ է, այս դեպքում եւս Սերժ Սարգսյանը գերադասեց լռել` տարբեր մեկնաբանությունների առիթ տալով: Ավելին, Տեր-Պետրոսյանի այդ  հայտարարությունը գերադասեցին «չլսելու տալ» նաեւ ցանկացած առիթով շեֆի համար կուրծք ծեծող հանրապետականները: Եւ բավական ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի «թասիբին կանգնելու» գործն իր վրա վերցրեց քոչարյանական կայքերից մեկը` հակադարձելով Տեր-Պետրոսյանին եւ պնդելով, որ 96-ին ուժայինների հետ կապված ցանկացած որոշում կայացվում էր ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի կողմից: Թե ինչու է լռում Սերժ Սարգսյանը, դժվար չէ կռահել: Ըստ ամենայնի, նա դեռ սպասում է` կողմնորոշվելու համար, թե ՀՀ երկու նախկին նախագահներից  ով է  իր համար չարյաց մեծագույնը` միավորվելու համար չարյաց փոքրագույնի հետ: Սակայն դատելով առկա քաղաքական իրավիճակից, դա որոշելն ամենեւին էլ հեշտ չի լինելու:




Լրահոս