Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթը (նստավայրը՝ ք․ Վալետտա):

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ կարևոր առաքելության առնչությամբ և համոզմունք հայտնել, որ նրա աշխատանքի շնորհիվ երկկողմ հարաբերությունները, որոնք մեծ ներուժ ունեն, ավելի կբարելավվեն:

Դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ ձևավորելու ակտիվ միջպետական հարաբերություններ:

Զրուցակիցները նշել են, որ Հայաստանը և Մալթան ունեն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ և կարող են հաջողությամբ համագործակցել մասնավորապես թվայնացման, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, բանկային ոլորտներում՝ փոխանակելով նաև կուտակած փորձն ու գիտելիքները: Նախագահ Սարգսյանը Հայաստանի համար կարևոր է համարել ջրային պաշարների կառավարման ոլորտում Մալթայի փորձը:

Նշվել է, որ երկու երկրների համար, որոնք հարուստ չեն բնական ռեսուրսներով, կարևոր ու վճռորոշ է մարդկային կապիտալը:

Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական սերտ առնչություններին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն պատմաբանների, հետազոտողների համար ուսումնասիրության հարուստ նյութ է, որը կարող է հավելյալ տեղեկություններ բացահայտել խաչակիրների և Կիլիկիայի հայկական թագավորության միջև համագործակցության մասին:




Լրահոս