«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը «մուննաթ» է գալիս ամբողջ հայ հասարակության վրա, որ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ մեկտեղ բոլորով չեն լծվել որոնողական աշխատանքներ իրականացնելուն: Նա նաեւ մատ է թափ տալիս լրագրողների վրա, թե բավ է շահարկեն անհետ կորածների հարցը: Երիտասարդ պաշտոնյային թերեւս հիշեցնելու ու հուշելու անհրաժեշտություն կա, որ թե՛ իր զոհված եղբոր (նրա հիշատակը՝ անմար), թե՛ հարյուրավոր անհետ կորածների ճակատագրերի խեղման մեղավորը ո՛չ լրագրողներն են, ո՛չ էլ հայ հասարակությունը:
Հանուն հայրենիքի պաշտպանության ՀՀ զինված ուժերում ծառայություն իրականացնողների ու բանակին կամավորագրվածների հետագա ճակատագրով ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը պետք է զբաղվեր, հետեւաբար առնվազն գեղեցիկ ու ճիշտ չէ պատկան մարմինների սխալների ու անգործության համար այլ մեղավորներ փնտրել, դեռ մի բան էլ «մուննաթ» գալ: Հարգելով զոհված ու անհետ կորած յուրաքանչյուր զինծառայողի վիշտը՝ լրագրողները երբեք ու երբեք այնպիսի հարցեր չեն բարձրաձայնել, որ ցավեցնեն կամ վիրավորեն որեւէ մեկի հարազատի, իսկ վարչապետի երիտասարդ օգնականն իրեն իրավունք է վերապահում վեհ կերպարի մեջ մտնել ու դաս տվողի բառապաշարով խոսել բոլորիս հետ: Ծնունդով իջեւանցի երիտասարդը վարչապետի օգնականի պաշտոնին է նշանակվել պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին:
Իր իսկ նշանակման մասին նույնպես իրոնիայով է խոսում. լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես վարչապետի օգնական նշանակվեց, պատասխանել է. «Տունը քնած էի, զանգեցին, ասին՝ կուզե՞ս օգնական, ես էլ մանկուց երազում էի, ասացի՝ այո»: Ի դեպ, անհետ կորած զինծառայողների ընտանիքները հայտնվել են անհարմար դրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ից կառավարության կողմից դադարեցվել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության գումարների տրամադրումը: Այն անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում բողոքի ալիք է առաջացրել: Տեղեկացնենք, որ ամսական 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրվում էր յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով:
Ի դեպ, աջակցության վճարման ժամկետը 9 ամիս էր սահմանվել, սակայն սեպտեմբերին այն դադարեցվել է: Լավ կլիներ՝ զոհվածի եղբայրը, որը վարչապետի օգնական է դարձել, այս հարցը նույն «մուննաթով» փորձեր բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի մոտ, եթե կհամարձակվի:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում