Անհետ կորած զինծառայողների ընտանիքները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ից դադարեցվել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության գումարների տրամադրումը: Այն անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում բողոքի ալիք է առաջացրել:
Տեղեկացնենք, որ ամսական 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրվում էր յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով: Ի դեպ, աջակցության վճարման ժամկետը 9 ամիս էր սահմանվել, սակայն սեպտեմբերին այն դադարեցվել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարաությունն առաջարկում է աջակցության վճարման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը թվով 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարություն: