ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեկ կիլոգրամ հացը 500 դրամ է, ո՞նց կարող են կարտոֆիլի 350 դրամ արժեքից դժգոհեն». որն է կարտոֆիլի թանկացման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարտոֆիլի բարձր գինը շարունակում է անհանգստացնել քաղաքացիներին: Տեղեկացնենք, որ կարտոֆիլի մեկ կիլոգրամի արժեքը գերազանցում է 300 դրամը: Կարտոֆիլից բացի թանկ վաճառվում է նաեւ կաղամբն ու գազարը:

Ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի ղեկավար Հրաչ Բերբերյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ կաղամբի գինը նախորդ տարվա համեմատ այս տարի 5-7 անգամ բարձրացել է, գազարը նույնպես մի քանի անգամ եւս թանկացել է:

«Գազարը 150 դրամ էր, հիմա 500 դրամ է, կաղմաբը 50 դրամ էր, հիմա 150 դրամ է: Եթե կարտոֆիլն անցյալ տարվա համեմատ երեք անգամ է թանկացել, ապա շատ ուրիշ կուլտուրաներ 7 անգամ են թանկացել»,- լրացրեց Բերբերյանը:

Մասնագետի խոսքով, առաջին հարվածը գյուղատնտեսությանը այն էր, որ ջրամբարները սխալ աշխատացրեցին եւ ժամանակին ջուր չկուտակեցին. «Իսկ մենք այն հնարավորությունը ունեինք, որ անսահմանափակ ջուր կարող էինք կուտակել: Մենք այնքան տեղումներ ենք ունեցել, որ ջրամբարներում լեփ-լեցուն պետք է լիներ: Ջրով չեն ոռոգվել դաշտերը, դրա համար անհրաժեշտ քանակությամբ բերք չենք հավաքել: Մենք ունենք բերքի 40 տոկոսի կորուստ, այդ թվում` կարտոֆիլը»:

Հրաչ Բերբերյանը ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ գյուղացու համար ամեն ինչ թանկացել է, սերմացուն, թունաքիմիկատը: «Թող էկոնոմիկայի նախարարն այդ մասին մտածի: Միայն Հայաստանում չէ, որ կարտոֆիլի բերք չկա, մեզ մոտ ունեինք արհեստական երաշտ, որը չինովնիկների կողմից կազմակերպված ջուրը վաճառեցին տարբեր կազմակերպություններին: Պատահական բան չեմ ասում: Մեկ կիլոգրամ կարտոֆիլը մեկ կիլոգրամ հաց չարժի՞: Մեկ կիլոգրամ հացը 500 դրամ է, ո՞նց կարող են կարտոֆիլի 350 դրամ արժեքից դժգոհեն:

Այս տարվա անհաջողությունները միայն ու միայն էկոնոմիկայի նախարարության թույլ աշխտանաքի արդյունքն է»,- նկատեց մասնագետը:

Ս.Հ.




Լրահոս