Գազի մատակարարման շուրջ ռուս-մոլդովական բանակցություններն ավարտվել են անարդյունք, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Բանակցություններն անցկացվել են Մոսկվայում: Մոլդովական կողմը ներկայացրել են փոխվարչապետներ Վլադիսլավ Կուլմինսկին և Անդրեյ Սպինուն, ռուսական կողմը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը և «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչներ:
Ըստ տեղեկությունների՝ Մոսկվան Քիշնևին առաջարկել է գազի շուկայական գին՝ լրացուցիչ 25% զեղչով, իսկ մոլդովական կողմը պնդել է, որ գազի գինը Մոլդովայի համար շուկայականից կրկնակի ցածր լինի:
Գործակալության աղբյուրը նշել է, որ նման զեղչի համար ռուսական կողմի ներկայացրած միակ պայմանը եղել է այն, որ Մոլդովան երեք տարվա ընթացքում պետք է վերադարձնի նախորդ տարիներին մատակարարված գազի դիմաց կուտակված մոտ 700 մլն դոլարի պարտքը՝ չհաշված Մերձդնեստրը:
Քանի որ բանակցություններն արդյունք չեն տվել, հնարավոր է՝ նոյեմբերի 1-ից ամբողջովին դադարեցվի Ռուսաստանից Մոլդովա գազի մատակարարումը: