ԻՆՉ ԷՐ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՆ, ՈՐ ՉՀԱՍՑՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխող կոալիցիան երեկ պատրաստակամություն է հայտնել վերսկսել Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսությունը: Կոալիցիոն պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ այդ մասին հայտարարել է. «Մենք երկխոսությանը պատրաստ ենք, եթե երկխոսության մյուս կողմը եւս պատրաստ է բովանդակային երկխոսության: Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց պատրաստ չենք խնդրելու»: Դատելով այն հանգամանքից, որ Կոնգրեսի համար այս հարցն արդեն ոչ այժմեական է, ու նրանք դրան կանդրադառնան կոալիցիայի խնդրանքի դեպքում, թեման գոնե առժամանակ կարելի է փակված համարել: Այնուամենայնիվ, հետաքրքիր է իմանալ, թե ինչ էին պատրաստվում քննարկել կողմերը՝ փակ դռների հետեւում: Հայ ազգային կոնգրեսի առաջարկով օրակարգում ներառված ՀՀ-ում արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելու 85 էջանոց հիմնավորումները ժամանակին ներկայացվեցին ոչ միայն կոալիցիոն պատվիրակությանը, այլեւ հասարակությանը: Իսկ ահա իշխանությունների առաջարկով օրակարգի երկրորդ կետը սահմանվել էր այսպես. «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում»: Սակայն երկխոսության առկախման պատճառով կոալիցիան այդպես էլ չհասցրեց հրապարակել ոչ միայն այս փաստաթուղթը, այլեւ Կոնգրեսի հիմնավորումների դեմ իր առարկությունները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ կոալիցիայի առաջարկած օրակարգային կետի վերաբերյալ ներկայացվելիք փաստաթուղթը կազմում է մոտ 5 էջ, ունի 10 կետ: Այստեղ կոալիցիան մշակել է կանոններ, որոնց պարտավոր են ենթարկվել այն ընդունած կուսակցությունները, դաշինքները, ընտրական գործընթացի մասնակից շարժումներն ու հ/կ-ները: Սակայն հետաքրքրականն այն է, որ կանոններում առկա կետերը բխում են ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ օրենքների պահանջներից, որոնք ցանկացած քաղաքացի պարզապես պարտավոր է պահպանել: Ու, փաստորեն, կոալիցիան առաջարկում է եւս մեկ անգամ գրավոր պարտավորվել՝ պահպանել օրենքները: Նորմալ մարդու, նորմալ քաղաքական ուժի համար սա, մեղմ ասած, անիմաստ, եթե չասենք՝ վիրավորական կհնչեր: Բայց այս իշխանությունները, փաստորեն, եւս մեկ անգամ ցանկանում են առաջին հերթին իրենց գրավոր հիշեցնել օրենքները պահպանելու մասին:Օրինակ` կոալիցիան «Լեգիտիմ իշխանության ձեւավորման սկզբունքները» կետում առաջարկում է ամրագրել շատ պարզ ու հասկանալի դրույթ. իշխանության լեգիտիմության հիմքում ընկած է ՀՀ օրենքներին համապատասխան ընտրությունների անցկացումը: Այսինքն՝ որպեսզի անցկացված ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունը համարվի լեգիտիմ, ընտրությունները պետք է անցկացվեն առանց օրենքը խախտելու: Մի բան, որն այս իշխանությունների դեպքում կարծես թե անհնար է: Համենայնդեպս, մեզանում օրենքները խախտվել են կոպտորեն, իսկ խախտողները՝ մնացել անպատիժ: «Կանոնների պահպանումը» կետում նշված է, որ ընտրական գործընթացի մասնակիցները ոչ միայն պարտավոր են այդ կերպ վարվել, այլեւ. «Կանոնների խախտումների վերաբերյալ բողոքելը պետք է օգտագործի միայն ընտրական գործընթացի իրողությունները բացահայտելու նպատակով եւ չպետք է չարաշահի այն, ինչպես, օրինակ, ներկայացնելով անհիմն կամ ոչ էական բողոքներ»: Այլ կերպ ասած՝ դժվար չէ կռահել, որ իշխանությունները կարող են անհիմն կամ ոչ էական համարել ընդդիմության ցանկացած բողոք ու նրան մեղադրեն կանոնները խախտելու մեջ՝ հրաժարվելով դրանք քննարկել: Կոալիցիայի առաջարկում խոսք կա հավասար քարոզարշավի ու ընտրական գործընթացների վերաբերյալ, նաեւ՝ ընտրարշավի ժամանակ քաղաքական գործընթացների մասնակիցների պահվածքի մասին: Բացի այն, որ նրանք պարտավոր են նպաստել խաղաղ մթնոլորտի ապահովմանը, այլեւ չպետք է իրենց խոսքում օգտագործեն սադրիչ կամ զրպարտիչ բառապաշար, նաեւ՝ ուղղակի կամ անուղղակի բռնության սպառնալիք հանդիսանան կամ նման բաներ հրահրեն: Իսկ «Դիրքի չարաշահում» կետում պահանջում են գործընթացի մասնակիցներին չչարաշահել իրենց իշխանությունը կամ ազդեցությունը՝ քաղաքական նպատակներով, չօգտագործել ի պաշտոնե իրենց տրամադրության տակ առկա հանրային ռեսուրսները: Այսինքն՝ ճիշտ նույն դրույթը, ինչ կա ԸՕ-ում: Նույն կերպ նաեւ ամրագրված է կոռուպցիան բացառող դրույթ: Սրանք, թերեւս, այն սկզբունքներն են, որոնք իշխանությունները ոտնահարել են ջերմեռանդորեն ու ամենակոպիտ ձեւով: Իսկ ահա նրանց փաստաթղթի 6-րդ կետը վեր է բոլոր սպասումներից. քաղաքական գործընթացի մասնակիցներին պարտավորեցնում է ընդունել ընտրությունների վերջնական արդյունքները: Սա կարելի է համարել ամենազավեշտալին ողջ փաստաթղթում: Պատկերացրեք՝ մինչեւ հիմա Ստեփան Դեմիրճյանը չի ընդունում 1998թ., 2003թ., Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքները, եւ առ այսօր հետեւողականորեն պայքարում են այդ ուղղությամբ՝ երկրում սահմանադրական կարգի հաստատման համար: Մինչդեռ, իշխանությունների առաջարկած կետը, փաստորեն, արգելում է մարդկանց պայքարել իրենց իրավունքների համար ու պարտավորեցնում ընդունել դրանք:Այսքանից հետո, թերեւս, դժվար չէ հասկանալ, թե ինչու էր Կոնգրեսը ոչ այժմեական համարում երկխոսությունը:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս