Նախագահն ու վարչապետը կարող են ունենալ հասարակական հիմունքներով խորհրդականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքում:

Ըստ դրա, Հանրապետության նախագահը եւ վարչապետը կարող են ունենալ նաեւ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ: Հանրապետության նախագահի՝ հասարակական հիմունքներով խորհրդականների թիվը չի կարող գերազանցել երկուսը:

Վարչապետի համաձայնությամբ փոխվարչապետները եւ նախարարները կարող են ունենալ հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականներ, իսկ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը՝ օտարերկրյա պետություններում հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականի կարգավիճակով՝ սփյուռքի գործերի հանձնակատարներ:

Նույն օրենքի համաձայն՝ Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն: Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները եւ սփյուռքի գործերի հանձնակատարները չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի եւ աշխատաժամանակի ռեժիմ:

Հասարակական հիմունքներով նշանակված խորհրդականները մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում հասարակական հարաբերությունների որոշակի բնագավառի վերաբերյալ, իսկ սփյուռքի գործերի հանձնակատարները՝ մասնագիտական խորհրդատվություն են տրամադրում սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառի եւ իրականացվող աշխատանքների արդյունավետության վերաբերյալ:

Վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդականները կարող են ընդգրկվել վարչապետի կողմից ստեղծվող հանձնաժողովներում:




Լրահոս