Երևանի թիվ 14 մանկապարտեզ հաճախող փոքրիկները լա՛վ գիտեն՝ հատակի որ հատվածով քայլեն, որ ստիպված չլինեն լսելու տհաճ ճռճռոցների ձայնը: Երեխաներն անգիր են արել նաև այն տեղերը, որտեղ հատակը փոս է ընկած. դրանք նույնպես շրջանցում են:
Համայն հայության մայրաքաղաք Երևանի կենտրոնում գտնվող մանկապատեզը դեռևս 8 տարի առաջ է 3-րդ կարգի վթարային ճանաչվել, երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր անակնկալ այցելել այնտեղ: Վթարային վիճակը շարունակում է խորանալ:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ մանկապարտեզի ծնողների ահազանգով էր գնացել Երևանի կենտրոնում՝ Կիլիկիա թաղամասում գտվող մանկապարտեզ, որը սպասարկում է նաև Նորագյուղ թաղամասը:
Շուրջ 70 սան ունեցող մանկապարտեզի ճաքճքած պատերից երեխաների վրա անընդհատ ծեփ է թափվում: Շենքի դրսի պատերին առկա ճաքերը մի քանի մատի հաստություն ունեն: Սանիտարահիգենիկ պայմանների մասին խոսելն այս իրավիճակում նույնիսկ ավելորդ է: Խոնավության հոտն ու ճնշող, նեղլիկ սենյակները ժիր, վազվզել ցանկացող մանուկների համար հաստատ լավագույն պայմանները չեն: Իսկ քաղաքային իշխանություններն ասես աչքաթող են արել մանուկների դաստիարակությամբ զբաղվող այս կրթօջախը. տարիներ շարունակ լուծում չի տրվում:
Հուսով ենք՝ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Հայկ Մարությանի, քայլեր կձեռնարկի խնդրին լուծում տալու ու մանկապարտեզը նոր՝ առավել բարեկարգ տարածք տեղափոխելու համար:
Պատգամավորի պահանջն է օր առաջ փոխել մանկապարտեզի շենքային պայմանները և ապահովել 2 թաղամաս սպասարկող միակ համայնքային մանկապարտեզի անվտանգ գործունեությունը:
Սևակ Վարդումյան