Արտակ Բեգլարյանը չի բացառում Արցախում պատվաստումները որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Արցախում համաճարակային վիճակը գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք:

«Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի: Վերջին օրերին ևս չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների, բայց թոքերի բարձր տոկոսով ախտահարմամբ: Ցավոք, մեզնից յուրաքանչյուրը ու հատկապես մեր խոցելի հարազատները կարող են լինել հաջորդ մահվան կամ ծայրահեղ ծանր դեպքի զոհը: Ուստի, հորդորում եմ ամենուրեք պահպանել անվտանգության կանոնները՝ չվարակվելու և չվարակելու համար, ինչպես նաև հանրային անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել անվտանգության կանոնները չպահպանող անձանց հանդեպ, քանի որ նրանք վտանգի տակ են դնում այլոց (այդ թվում՝ ձեր) կյանքն ու առողջությունը»,-նշել է նա:

Արտակ Բեգլարյանը հորդորում է առանց տատանվելու գնալ և պատվաստվել, քանի որ դա բազմապատիկ անգամ նվազեցնում է վարակվելու և հատկապես մահանալու ու առողջությունը խեղելու հավանականությունը: Նա ընդգծել է, որ որքան էլ պատվաստումների մասին տարբեր տեղեկություններ տարածվեն, միևնույն է՝ անառարկելի փաստ է, որ բարձր տոկոսով պատվաստված հասարակություններում ծանր ու մահվան դեպքերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են:

«Եվ այս ճշմարտությունը վկայում են նաև վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ-ում ու ԱՄՆ-ում իմ ունեցած փորձառությունը և զրույցները ծանրակշիռ մասնագետների հետ: Ի դեպ, չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ»,-հավելել է Արտակ Բեգլարյանը:

Նա խորհուրդ է տալիս խուսափել մեծ կուտակումներով վայրեր այցելելուց, չտրվել գիտականորեն չապացուցված տեղեկություններին ու առասպելներին, քանի որ դրանք նույնքան վտանգավոր են կյանքի համար, որքան՝ կորոնավիրուսը:




Լրահոս