Անարդյունավետ պայքար. մի կողմից հորդորում են, մյուս կողմից՝ թերանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության՝ անցյալ տարվա հոկտեմբերի 31-ի որոշումը Հայաստան ժամանող քաղաքացիներին խիստ զայրացրել է: Տեղեկացնենք, որ, ըստ այդ որոշման, «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց րոպեներ անց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողները քաղաքացիներին պարտադրում են կորոնավիրուսի ՊՇՌ տեստ հանձնել հենց օդանավակայանում տեղակայված լաբորատորիաներում: Լաբորատորիաները մի քանիսն են, որոնք ՊՇՌ թեստի հետազոտության համար պահանջում են վճարել 10000-15000 դրամ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ քաղաքացիներից:

Նրանք կառավարության այս որոշումը համարում են անարդյունավետ, որովհետեւ այս ճանապարհով հաստատ հնարավոր չէ պայքարել կամ կանխել կորոնավարակը: Ամենից շատ քաղաքացիներին զայրացնում են լաբորատորիաները, որոնք օդանավակայանում են տեղակայված, եւ թեստ հանձնելու համար պահանջում են վճարել 10000-15000 դրամ, իսկ պատասխանը տրամադրում են մեկ կամ երկու օր անց: Կան քաղաքացիներ, որոնք պատասխանը ստացել են երեք օր հետո: Սրան զուգահեռ նկատենք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում. քաղաքացիների մի մասն առանց դիմակ է, կամ էլ այն ծնոտի տակ է, սոցիալական հեռավորություն ընդհանրապես չի պահպանվում, երկար հերթեր են, բոլորն իրար կպած են կանգնած:

Մինչեւ ՊՇՌ թեստի պատասխանը ստանալը նրանք օդանավակայանից դուրս են գալիս, շփվում հարազատների, ընտանիքի անդամների հետ. կա՛մ վարակվում են, կա՛մ էլ վարակում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը օդանավակայանից հետաքրքրվեց՝ հնարավոր է այս որոշումն առաջիկայում չեղարկվի, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ընկերության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ, ոչ, այս պահին նման հրահանգ չկա:

Ասել է թե՝ կառավարությունը, մի կողմից, քաղաքացիներին հորդորում է հակահամաճարակային կանոնները պահպանել, մյուս կողմից՝ անարդյունավետ պայքար տանում վիրուսի կանխարգելման դեմ:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս