Ինչպես գիտեք՝ գովազդի մասին ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պետք է ամբողջությամբ արգելվի վիճակախաղերի (տոտալիզատորների) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Նախագծի հեղինակները, որպես հիմնավորում նման ծայրահեղ քայլի՝ ի թիվս այլ փաստարկների, բերում են նաև եվրոպական երկրների փորձը։
Սակայն «եվրոպական փորձի» ամենամակերեսային հետազոտությունն անգամ ցույց է տալիս, որ վիճակախաղերի (տոտալիզատորների) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը չի արգելվում այն երկրների բացարձակ մեծամասնությունում, որտեղ դրանք կազմակերպելու գործունեությունը թույլատրված է օրենքով։ Այսինքն՝ եթե տվյալ երկրում թույլատրվում է կազմակերպել, օրինակ՝ առցանց կազինո խաղեր, ապա գովազդել այդ նույն խաղերը տվյալ երկրում նույնպես թույլատրվում է։ Որոշ դեպքերում կիրառվում են տարատեսակ սահմանափակումներ, ինչպիսիք են՝ գովազդի հեռարձակման տևողությունը, խաղամոլության վերաբերյալ նախազգուշացումները և այլն: Սակայն ի սպառ արգելել գովազդել գործունեության մի տեսակ, որը միանգամայն թույլատրելի է և օրինական՝ եվրոպացիների մտքով դեռևս չի անցել։
Արևմուտքում ընդամենը գործում են ողջամիտ սահմանափակումներ։ Մասնավորապես, մի շարք երկրներում առկա են հեռուստատեսությամբ կամ ռադիոյով գովազդի սահմանափակումներ միայն որոշակի ժամերի համար ( Գերմանիա , Միացյալ թագավորություն, Իսպանիա, Պորտուգալիա, Նիդերլանդներ)։ Երկրների մեկ այլ հատվածում առկա են նաև համացանցով գովազդի հստակ և մասնակի սահմանափակումներ, այն է՝ գովազդի թույլտվություն միայն սպորտային տեղեկատվության տրամադրմամբ մասնագիտացած կայքերում (Ռուսաստան)։ Կա նաև վիրտուալ սլոթերի, առցանց կազինոյի և առցանց պոկերի գովազդի արգելք ժամը 6:00-ից 21:00-ն (Գերմանիա)։ Ընդ որում՝ անգամ այն երկրներում, որտեղ վիճակախաղերի, շահումով խաղերի գովազդի արգելք է սահմանված, այդ արգելքը չի տարածվում տոտալիզատորների գովազդի վրա (Էստոնիա) ։
Եվրոպական երկրների գերակշռող մեծամասնությունում սահմանափակումները վերաբերում են գովազդում տրամադրվող տեղեկատվության բովանդակությանը և մատուցման ձևերին, ինչպես նաև հասանելիությանը անչափահասներին։
Միևնույն ժամանակ, «Պատասխանատու խաղի» կանոնակարգումները, որոնք հենց Եվրոպայում համարվում են խաղացողների իրավունքների պաշտպանության հիմնական և ամենաարդյունավետ միջոցը, կարող են դառնալ փայլուն այլընտրանք գովազդի արգելքին: Օրենսդրական փոփոխությունները պետք է միտված լինեն ոչ թե առհասարակ խաղերի մասնակցությունը սահմանափակելուն կամ արգելելուն, այլ, օրինակ՝ «Պատասխանատու խաղի» կանոնակարգումներ ներդնելուն և խաղերը որպես ժամանցի տեսակ, այլ ոչ թե խաղամոլության կամ գումար աշխատալու միջոց ընկալվելուն։