Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում արձակուրդ չի հայտարարվի: Երեւանի քաղաքապետարանից ArmLur.am-ին փոխանցեցին, որ այս պահին մանկապարտեզներում գործունեությունը բնականոն հունով շարունակվում է եւ արձակուրդի մեկնելու պաշտոնական որոշում չկա:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարությունից գրություն չի ստացել՝ մանկապարտեզներին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ:
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը գրություն է ուղարկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկրարացնելու վերաբերյալ: ԿԳՄՍ-ից երեկ հայտարարեցին, որ հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակը և վերջին օրերի ընթացքում հիվանդության կտրուկ աճի միտումը՝ համաճարակային իրավիճակը վերահսկելու ու հիվանդության տարածումը զսպելու նպատակով առաջարկվել է 2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առցանց ուսուցմամբ:
Իսկ դպրոցներում աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար երկարաձգվել են ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: ArmLur.am-ը դիմել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարություն եւ հետաքրքրվել՝ ինչու քաղաքապետարան նախարարությունը գրություն չի ուղարկել: Դեռ արձագանք չունենք: Նախարարությունից պատասխան ստանալուն պես կհրապարակենք: Բայց մյուս կողմից, չի բացառվում, որ մանկապարտեզները եւս մեկշաբաթյա արձակուրդի մեկնեն:
Ս.Հ.