Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4.4 տոկոսով. սա այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Բայց սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 1.5 տոկոսի չափով: Փոխարենը՝ վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել՝ 6.4 տոկոս: Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները եւս 6.4 տոկոսով ավելացել են: Իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 0.7 տոկոսով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն 9 ամիսների ընթացքում արձանագրել է 6.7 տոկոս գնաճ: Վերջին ամիսներին, մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Իսկ արտահանման ծավալները, եթե դիտարկենք հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով, ապա դրանք աճել են 17.2 տոկոսով, բայց մեկ ամսվա ընթացքում պատկերը տխուր է. արձանագրված անկումը կազմել է 16 տոկոս, ինչը մասնագետների կարծիքով խիստ մտահոգիչ է: Մյուս կողմից, ներմուծման ծավալներն են աճել. հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 9.4 տոկոսով են աճել:
Ս.Հ.