ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին հանդիպել է Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսին:
Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Կիպրոս բարեկամ երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Կողմերը փաստել են միջպետական հարաբերություններում վերապահված խորհրդարանական դիվանագիտության առաջնահերթությունը` բարձր գնահատելով խորհրդարանների համագործակցությունը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների գործունեությունը: Ալեն Սիմոնյանը հայտնել է մոտ ապագայում Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման մասին, ինչը նոր հեռանկարային ուղղություն է միասնական օրակարգերի առաջմղման համար:
Զրուցակիցներն ընդգծել են միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականների արդյունավետ փոխգործակցությունը` հատուկ կարևորություն ունեցող հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: ԱԺ նախագահը շեշտել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման համատեքստում:
Քննարկմանն անդրադարձ է եղել Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձևաչափի կիրարկման անհրաժեշտությանը: Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը կնպաստի բարեկամ երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացմանը և զարգացմանը: