ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՇՔԵՐԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը՝ պատգամավորներն ու աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ, հոկտեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատավածում տարբեր գործուղումների են մեկնելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 12 օրվա կտրվածքով 6 երկիր գործուղվող խորհրդարանականների կազմում միայն իշխանության ներկայացուցիչներն են ընդգրկված: Հոկտեմբերի 25-29-ը, օրինակ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հանդիպմանը մասնակցելու են մեկնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու ու փոխնախագահ Լուսինե Բադալյանը: Հոկտեմբերի 20-23-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենք, իսկ 23-26-ը՝ Կիպրոս՝ Նիկոսիա է մեկնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում, բացի իշխանական պատգամավորներ Գեւորգ Պապյանից ու Վահագն Ալեքսանյանից, նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ու նրա տեղակալը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի ու արտաքին կապերի վարչությունների ղեկավարները, ԱԺ նախագահի խորհրդականն ու մամուլի քարտուղարը, ինչպես նաեւ այլ աշխատակիցներ են ներառված՝ ընդհանուր թվով 13 անձ: Հոկտեմբերի 21-25-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ կմեկնեն ՔՊ-ական երկու պատգամավորներ՝ Սերգեյ Մովսիսյանն ու Ալեքսեյ Սանդիկովը: 25-27-ը Էդուարդ Աղաջանյանի ու Մերի Գալստյանի հետ մեկտեղ Ժնեւ կմեկնի նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը, իսկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, նրա ղեկավարած հանձնաժողովի փորձագետ Մարի Մանուկյանն ու ԱԺ աշխակատազմի ղեկավար Նարիբեկյանը, նրա տեղակալը՝ Հեղինե Խաչիկյանը, հոկտեմբերի 17-ին 5-օրյա այցով Հռոմ են մեկնել: Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ վերոնշյալ բոլոր այցերի համար Ազգային ժողովի բյուջեից օրապահիկի ու ճանապարհածախսի գումար է հատկացվելու: 44-օրյա պատերազմից հետո, երբ բոլորը խոսում են ամեն մի լուման խնայելու, գումարները Զինված ուժերի վերազինմանն ու զինվորականների արժանապատիվ վարձատրությանը ուղղելու մասին, իշխանության ներկայացուցիչները արտերկրյա վոյաժներից, այուամենայնիվ, չեն հրաժարվում:

 

 

 

Իշխանության ներսում իսկական խուճապ ու տրամադրությունների անկում է՝ կապված հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում խայտառակ ու անսպասելի պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանության աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրությունները չեն կարողանում «մարսել» իշխանավորները ու, կարելի է ասել, տակտիկա են մշակում իրենց «թշնամի» ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալու համար: Իշխանության ներսում քննարկվել է այն հարցը, որ պետք է շատ արագ ուշքի գալ ու պատրաստվել հաջորդ համայնքապետերի ընտրություններին, այս անգամ՝ շատ ավելի լուրջ: Նշենք, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում նոյեմբերի 14-ին կանցկացվեն համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Նշված մարզերի պատգամավորներին ու ՔՊ ներկայացուցիչներին արդեն հորդորել են սթափ լինել, քարոզարշավն անել առանց մատերի արանքով նայելու, համայնքների բնակիչների հետ հաճախ հանդիպել, խոստումներ տալ, հակառակ դեպքում կրկին կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ: Հավելենք, որ իշխանությունը պետք է նախապատրաստվի նաեւ դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին: Բանն այն է, որ նշված օրը պետք է լինեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի համայնքների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրություններ: Թեժ օրեր են սպասվում:

 

 

 

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն արդեն 1,5 ամսից ավելի է, ինչ կալանքի տակ է պահում ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Վերջինիս պաշտպաները դիմել են ՔԾ, որ ՀՔԾ-ն այս գործով քննի Շանթի Յուրայի դեմ քրեական գործով քննիչին ու դատախզին: Կմտածեք՝ ինչ կապ ունի Աղվան Հովսեփյանը, նրա կալանքը Շանթի Յուրայի տան հարձակման հետ. բանն այն է, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը՝ խարդախության, կաշառքի գործով, հիմնված է նույն Յուրայի տված ցուցմունքների վրա: Նրա դեմ ցուցմունք տվողներից մեկը իր մտերիմ ընկեր, գործարար Յուրա Ղարիբյանն է կամ Շանթի Յուրան, ուստի ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանները պահանջում են հարցաքննել Շանթի Յուրա մականունով հայտնի Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։ Ու մինչ Հատուկ քննչական ծառայությունը կքննի դեպքի հանգամանքները ու հարցաքննության կկանչի այս քրեական գործով դատախազին ու քննիչին, «Ժողովուրդ» օրաթերթը տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպով ուշագրավ մանրամասներ է պարզել: Բանն այն է, որ 7 տարի առաջ գործարար Յուրա Ղարիբյանի տունը օրը ցերեկով իբր գողության նպատակով մտել է հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան՝ Գեւորգ Սարգսյանը։ Ըստ լուրերի՝ նա Շանթի Յուրայի տուն էր մտել ոչ թե գողության, այլ մեկ ուրիշ նպատակով: Բանն այն է, որ հարձակում գործած անձը ամենեւին էլ չքավոր խավի ներկայացուցիչ չէ, ուստի չի բացառվում, որ Յուրա Ղարիբյանը ինչ-ինչ հարցեր է ունեցել իր տուն ներխուժած անձի հետ, եւ դա է եղել պատճառը, որ Գեւորգ Սարգսանը օրը ցերեկով մտել է Շանթի Յուրայի տուն՝  նրա հետ հաշիվներ մաքրելու, եւ սպանվել։ Ստացվում է, որ ՀՔԾ-ն, դատախազներին ու քննիչներին հարցաքննության հրավիրելուց բացի, պետք է կրկին քննի 7 տարի առաջ տեղի ունեցած ավազակային հարձակման խորքային պատճառները եւ հասկանա, թե ինչու սպանեցին հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսային:

 

 

Երեւանում հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են: Պատճառը Երեւանի քաղաքապետարանն է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի վարորդները, որոնք հայտնեցին, որ այս օրերին քաղաքապետարանի ներկայացուցիչները հանրային տրանսպորտի վարորդներին «պարտադրում են»  ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք պատասխանատվություն են կրելու նաեւ այն դեպքում, եթե ուղեւորը դիմակ չի դնում: Խոսքը վարչական պատասխանատվության մասին է: Իսկ դիմակ չդնելու դեպքում ուղեւորի նկատմամբ արձանագրություն է կազմում ոստիկանությունը, գումարի չափն է 10 հազար դրամ, նույնն է նաեւ վարորդների դեպքում: Նշենք, որ հասարակական տրանսպորտը շահագործող կազմակերպության նկատմամբ արձանագրությունը կազմում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը: Վարչական վարույթ ընդունվելու դեպքում հետեւանքը կարող է լինել նախազգուշացումից մինչեւ 300 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամ:

 




Լրահոս