Ուշագրավ իրավիճակ Աղվան Հովսեփյանի քրեական գործով. հանցագործության մասին հաղորդում իրավապահներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Աղվան Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը հայտնեց, որ ստացված տեղեկությունների համաձայն, այսօր «Սուրբ աղբյուր» ընկերության ներկայացուցիչը հաղորդում է տվել իրավապահ մարմիններին՝ նախկին սեփականատեր Ա.Ս.-ի կողմից մոտ 28.5 մլն դրամ հափշտակելու մասին։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Սուրբ աղբյուրը» ծառայություն է մատուցել գործընկեր կազմակերպություններից մեկին, որի գինը կազմել է մոտ 28.5 մլն դրամ։ Որոշ ժամանակ անց, Ա.Ս-ն այդ կազմակերպությունից կանխիկ ստացել է նշված գումարը, սակայն «Սուրբ աղբյուրի» դրամարկղ մուտք չի արել և ենթադրաբար հափշտակել է։

Հիշեցման կարգով նշենք, որ Ա.Ս.-ն Աղվան Հովսեփյանի դեմ ակնհայտ կեղծ ցուցմունքներ տված անձանցից մեկն է։ Տեսնենք իրավապահ մարմինները արդյո՞ք նույն ջանասիրությամբ ձեռնամուխ կլինեն իրենց սրտի վկայի կատարած արարքի բացահայտմանը, թե՝ կհիմնավորվի մեր այն տեսակետը, որ վերջինիս երաշխիքներ են տրվել, թե կկոծկվեն նրա կատարած բոլոր ապօրինությունները։

Նշենք, որ խոսքը Արշավիր Սարգսյանի մասին է, որի մասին Armlur.am-ին եւս ուշագրավ մանրամասներ էին հայտնի դարձել:

Մասնավորապես գրել էինք, որ «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն է իրականացրել եւ պարզել, թե մինչ իրավապահներին դիմելը Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված, նրա ընտանիքի հետ մտերիմ Արշավիր Սարգսյանը ինչ պատմություն է «սարքել» Հովսեփյանների գլխին, որին խառնված է եղել անգամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Արդյունքում, պարզեցինք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված Արշավիր Սարգսյանը խաբել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին: Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ընկերության, ինչպես նաեւ Աղվան Հովսեփանի որդու՝ Միսակ Հովսեփյանի միջեւ գումարային պարտք ու պահանջի հարց է առաջացել: Բանն այն է, որ 2017 թվականի մայիսի 17-ին Արշավիր Սարգսյանին եւ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող «Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ն դիմում է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Աժ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին պատկանող «ԲԻԷՍԲԻ» ՍՊԸ-ին իրեն վճարի 20 միլիոն դրամ մատակարարված ապրանքների գումարը: Ի դեպ, գումարի վճարման պահանջով անձամբ դատարան է դիմում Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակ Հովսեփյանը, քանի որ պարզել է, որ պատգամավոր Բագրատյանի ընկերությունը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարել՝ պարտքեր կուտակելով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ավելի ուշ Աղվան Հովսեփյանի որդին բացահայտել է իրականությունը:

Բանն այն է, որ Սերգեյ Բագրատյանի ընկերությունը Հովսեփյանների ընտանիքին ցույց է տվել հավաստի փաստաթուղթ՝ վճարման կտրոնը, որ ինքը գումարը վճարել է, եւ նույնը պնդել է նաեւ դատարանում։ Ստացվում է, որ գումարը վճարվել է, բայց այն չի հասել Աղվան Հովսեփյանի որդուն, ավելին՝ նրանից գաղտնի է պահվել: Հովսեփյանների ընտանիքը, հասկանալով, որ հայտնվել է անհարմար դրության մեջ, ստիպված է լինում չներկայանալ դատարան, ու գործը մնում է առանց քննության: Ի՞նչ է ստացվում. Սերգեյ Բագրատյանն իր պարտավորությունը կատարել է, պարտքերը մարել է, սական նախկին դատախազի որդուն գումար չի հասել: Եթե իրավաբանորեն ձեւակերպենք, ստացվում է՝ Հովսեփյանների գործընկեր Արշավիր Սարգսյանը հափշտակություն է արել, ինչը իրավապահները քննության առարկա պետք է դարձնեն: Հավելենք, որ երեկ, դատարանի որոշմամբ, Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանքը չի փոխվել, նա կմնա կալանքի տակ:

Ք. Մ. 




Լրահոս