«ԸՆՏՐԵԼ ԵՆ «ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում ոչ թե բովանդակային ու քաղաքական, այլ տեղային մակարդակի ընտրություններ էին: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին տեսակետ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր, արտակարգ իրավիճակների փոխնախարար Կարեն Սարուխանյանը: «Մարդիկ ընտրել են «ծանոթ-բարեկամ» սկզբունքով, ոչ թե կուսակցության ծրագրային դրույթները հաշվի առնելով»,- նշեց նա:

 

-Պարո՛ն Սարուխանյան, ուզում եմ Ձեր կարծիքը լսել Գյումրու ընտրությունների մասին: «Քաղաքացիական պայմանագիր»-ն այստեղ չկարողացավ միանձնյա իշխանություն ձեւավորել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Նախ մասնակցությունն էր շատ ցածր: Իմ կարծիքով՝ մի քանի հանգամանքներով էր պայմանավորված, կապում եմ, օրինակ, համավարակի հետ, վերջին մի քանի տարում շատ ընտրություններ անցկացնելու հետ, ոնց որ մի տեսակ հոգնած լինեին ընտրություններից, հետաքրքրություն չկար: Իմ կարծիքով՝ ընտրությունները եղան ավելի շատ ոչ գաղափարական, տեղային, ամեն թեկնածուի բարեկամ-հարազատ-ընկեր-ծանոթ սկզբունքով եղան ընտրությունները, դրա համար այս արդյունքն ունեցանք: Համենայնդեպս, հենց ՏԻՄ ընտրություններին բնորոշ մեխանիզմ եղավ:

-Բայց Դուք Ձեզ համար կուսակցության ներսում վերլուծե՞լ եք համապետական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո հանրապետության երկրորդ քաղաքում չհաղթելը, նաեւ գուցե Ձեր թերացումների հետեւանք լինի:

-Ընտրություններըմ, որպես այդպիսին, ես միայն Գյումրիի օրինակն եմ բերում: Մենք որքան էլ ձգտում էինք քաղաքական ընտրություններ անցկացնել, փաստորեն, ժողովուրդն ավելի շատ տեղային ընտրություն կատարեց: Լոկալ ընտրության գնացին, դրանով էր հենց պայմանավորված քիչ մասնակցությունը, որովհետեւ մարդիկ ընտրելու են քաղաքական ուժի: Դրա համար էլ մասնակցությունը շատ չի եղել: Ես վստահ եմ, որ սրանք բացարձակ տարբեր ընտրություններ են՝ Ազգային Ժողովի եւ ՏԻՄ ընտրությունները, ու վստահ եմ, որ եթե ԱԺ ընտրություններ լինեին, հաստատ այլ մասնակցություն կլիներ, եւ այլ ցուցանիշ կունենայինք: Մենք շատ բարձր ցուցանիշ կապահովեինք:

-Բայց ինչքան էլ պայմանավորված լինի տեղական, լոկալ ընտրություններով, այսինքն՝ Ձեր ասած բարեկամ-հարազատ-ընկեր-ծանոթ սկզբունքով, Ձեր թեկնածուն էլ ենթարդաբար պետք է այնպիսի մեկը լիներ, որ ունենար այդ շրջապատը, մարդկանց հետ կարողանար խոսեր, այսինքն՝ մեսիջը տեղ հասցնել: Ի՞նչն է խանգարել, թեկնածուի ընտրությո՞ւնն է ոչ տեղին եղել:

-Թեկնածուի հետ չկապենք, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաակտիվ քարոզարշավն է արել: Այսինքն ե՛ւ թեկնածուն է եղել ակտիվ, ե՛ւ հանդիպումներ են շատ եղել՝ մյուս ուժերի համեմատ, ե՛ւ բակային հանդիպումները, տուն առ տուն այցերը, ելույթները շատ են եղել: Այսինքն՝ այդ առումով ամեն ինչ արվել են, բոլոր աշխատանքները կատարվել են: Ուժեր կան, որ, կարելի է ասել, շատ  քիչ բաներ են արել, եւ քաղաքական մեսիջ բացարձակ չի տրվել, բայց մարդիկ որոշակի ձայներ են ստացել՝ պայմանավորված տեղային, լոկալ ֆոնի վրա: Այդ ֆակտորն է աշխատել: Իսկ այն մարդիկ, որոնք պետք է գնային եւ գաղափարական ընտրություն կատարեին, շատերը ուղղակի չէին գնացել ընտրության: Սա իմ վերլուծությունն է՝ պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով:

-Կա՞ն դաշինք կազմելու կոնսուլտացիաներ:

-Ես լիազորված չեմ այդ մասով որեւէ բան ասել, որովհետեւ այդ կոնսուլտացիաներին չեմ մասնակցում ու տեղեկություններ չունեմ:

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՀՈ

Հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինիս՝ իրավասու մարմինը պահանջ է ներկայացրել դատարանին Ազգային անվտանգության ծառայության գնադապետ, «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանից եւ Անուշ Արարատի Անտոնյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 

l Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 187.250.000 ՀՀ դրամ,

l Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6.000.000 ՀՀ դրամ,

l Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղիի 97.6 տոկոսը, իսկ անհնարինության դեպքում բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 5.880.400 ՀՀ դրամ:

Սերոբ Ռազմիկի Հարությունյանից բռնագանձել՝

l Երեւան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8.000.000 ՀՀ դրամ,

l եւ այլ անշարժ գույքեր:

Հիշեցնենք, որ Սերոբ Հարությունյանը ԱԱԾ նախկին գնդապետ է, որը հայտնի դարձավ այն բանից հետո, որ ներկայիս փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր՝ դատվածություն ունենալու մասին տեղեկությունը։ Այս փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ, 2020 թվականի փետրվարի 28-ին էլ Սերոբ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար։

Իսկ ո՞վ է լինելու հաջորդ պաշտոնյան, որի մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ դիմում կներկայացվի դատարան: Վերջինս ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն է, որի նկատմամբ արդեն երեք տարի է, ինչ իրավապահները հետախուզում են հայտարարել:

Ի դեպ, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ վերջինիս կնոջը ծանուցել են ներկայանալ դատարան եւ ծանոթանալ իրենց նկատմամբ սկսված վարույթից, վերջինս իր ներկայացուցչի հետ ներկայացել է դատախազություն եւ ծանոթացել է գործի նյութերին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊՐՈՑԵՍՆԵՐ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Համայնքների խոշորացման ծրագիրը նախընտրական նոր կրքեր է բորբոքում մեր երկրում: Օրեր առաջ իշխող «ՔՊ»-ն պարտություններ կրեց  Գորիսում, Մեղրիում եւ Գյումրիում ու ի ցույց դրեց այն, որ կուսակցության  ներսում, առանց Նիկոլ Փաշինյանի՝ թեկուզ եւ թեթեւ հարցեր լուծելու, կազմակերպելու ունակ մարդ չկա: Սրան զուգահեռ մեզ տեղեկություններ են հասնում, որ թիմի ներսում շատ են առանձին «խաղեր տվողները», որոնք, առանց համաձայնեցնելու իշխանությունների հետ, սկսել են խոշորացվող նոր համայքներում «իշխանիկներ» կարգել: Երեկ ահազանգ ստացանք, որ Շիրակի՝ մեծության երկրորդ խոշորացվող քաղաք Արթիկում սկսել են գլուխ բարձրացնել կիսակրիմինալ տարրերը, որոնք ցանկանում են գալիք ընտրություններում իրենց թեկնածուն ունենալ՝ ի դեմս Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի: Վերջինս ավելի շատ հայտնի է որպես Երկրապահի Անան, մինչեւ իշխանափոխությունը ամենուր ներկայանում էր որպես գեներալ Մանվելի մարդ, իսկ  այդ ընթացքում հասցրել է խոշոր չափերի գույք ձեռք բերել, այդ թվում՝ իրենց համայնքի գազալցակայանը, Երեւանում բնակարան, թանկարժեք ամենագնաց եւ այլն: Նախկին իշխանությունների հետ սերտաճած, հատկապես ընտրությունների ժամանակ հայտնի ձեւերով  ՀՀԿ-ի համար աշխատած անձը գլուխ է գովել, որ հարցերը լուծել է. մասնավորապես խոսում են, որ նա կարողացել է դուրս գալ ՊՆ ՌՈ մի աշխատակցի վրա, վերջինս կապվել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ, ու ինչ-ինչ հանգամանքներից հետո սկսել է իրեն հայտարարել իշխանական թեկնածու, կամ գոնե վերեւից «դաբռո»  ունեցող մարդ: Ի դեպ, Անանիկը սերտ հարաբերությունների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ, որն արդեն հասցրել է երկրից տանել իր բիզնեսը, կապիտալը ու հիմա ՌԴ հարավային երկրամասում  ծաղկող  բիզնեսներ ունի, իսկ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ հետ էր վերադարձել Արթիկ ու բացել Քոչարյանի շտաբ` իր շրջապատին ակտիվորեն լծելով հականիկոլական պայքարի:

Այնուամենայնիվ, Արթիկի մեր աղբյուրները պնդում են, որ, չնայած, այսպես կոչված, գյուղապետերի հնարովի դաշինքի, Անդրանիկ Քոչարյանի ու մյուսների ջանքերի, խոշորացված համայնքի ղեկավարը կլինի հենց Արթիկ քաղաքի բնակիչ, առավել եւս չեն ուզում լսել նախկինների հետ առնչվող որեւէ անուն` մատնանշելով 30 տարի այդ քաղաքում ու շրջակա գյուղերում  զերոյական աշխատանքը: Մեզ հետ զրույցում իշխող կուսակցության մարզային ներկայացուցիչներից մեկը նշեց, որ կուսակցության անդամների նման քայլերն են, որ հանգեցնում են ՏԻՄ-երում Նիկոլի կուսակցության պարտությանը, գնում ու աշխատում են հին, ժամանակին փող բաժանած ու հովանավորչություններից օգտվածների հետ՝ դրանով իսկ հիասթափություն մտցնելով մարդկանց  մեջ եւ՛ երկրի ապագայի, եւ՛ հենց Փաշինյանի անձի նկատմամբ:

 




Լրահոս