7 տարի առաջ գործարար Յուրա Ղարիբյանի տանը սպանվածը հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան էր: Ըստ լուրերի՝ նա Շանթի Յուրայի տուն էր մտել ոչ թե գողության, այլ մեկ ուրիշ նպատակով: Իսկ թե ինչ նպատակով, պետք է պարզի ՀՔԾ-ն:
Պաշտպանները պահանջում են
Ինչպես հայտնի է, ՀՔԾ արդեն 1,5 ամսից ավել է, ինչ կալանքի տակ է պահում ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Կմտածեք՝ ինչ կապ ունի Աղվան Հովսեփյանը, նրա կալանքը Շանթի Յուրայի տան հարձակման հետ. բանն այն է, որ Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը՝ խարդախության, կաշառքի գործով, հիմնված է նույն Յուրայի տված ցուցմունքների վրա: Բանն այն է, որ նրա դեմ ցուցմունք տվողներից մեկը իր մտերիմ ընկեր, գործարար Յուրա Ղարիբյանն է կամ Շանթի Յուրան:
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանները պահանջում են հարցաքննել Շանթի Յուրա մականունով հայտնի Յուրա (Վարշամ) Ղարիբյանի գործը նախկինում քննած քննիչներին ու դատախազներին։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ միջնորդությունն արդեն ներկայացվել է ՀՔԾ։ Խնդիրն այն է, որ Աղվան Հովսեփյանին կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում դրված է բացառապես Վարշամ Ղարիբյանի ցուցմունքն առ այն, թե Վարշամ Ղարիբյանն իր մասնակցությամբ եւ առնչությամբ քննվող քրեական գործերով Աղվան Հովսեփյանի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու եւ ապագայում այդ գործերով իր օգտին կոնկրետ գործողություններ կատարելու համար նրա հանձնարարությամբ «Երեւան» հեռուստաընկերության 50 բաժնետոմսը նվիրաբերել է վերջինիս որդուն՝ Ա. Հովսեփյանին։ Ըստ Վարշամ Ղարիբյանի՝ իր վերաբերյալ քննվել են տարբեր քրեական գործեր, որոնց շրջանակներում ունեցել է մեղադրյալի, տուժողի դատավարական կարգավիճակներ, որոնց վարույթը կասեցվել է։ Հետաքրքիրն այն է, որ նախաքննական մարմինը չի ստուգել Շանթի Յուրայի ցուցմունքները ու շտապել է դրանց հիման վրա միանգամից մեղադրանք առաջադրել Ա. Հովսեփյանին։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գտնում է, որ վարույթն իրականացնող մարմինը, ելնելով գործի օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտությունից, պետք է վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրի Վարշամ Ղարիբյանի առնչությամբ քննված քրեական գործերով քրեական հետապնդման մարմինների իրավասու ներկայացուցիչներին՝ քննիչներին, դատախազին, վարչության պետին՝ պարզելու, թե արդյոք այն քրեական գործերով, որոնցով Վարշամ Ղարիբյանը հանդես է եկել տարբեր դատավարական կարգավիճակներով, Աղվան Հովսեփյանը, զբաղեցնելով այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, հովանավորչություն իրականացրել է Վարշամ Ղարիբյանի համար այդ քրեական գործերով ցանկալի ելք ապահովելու առումով, թե ոչ։
Առեղծվածային սպանություն
Ու մինչ Հատուկ քննչական ծառայությունը կքննի դեպքի հանգամանքները ու հարցաքննության կկանչի այս քրեական գործով դատախազին ու քննիչին, «Ժողովուրդ» օրաթերթը տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպով ուշագրավ մանրամասներ է պարզել:
Ինչպե՞ս սկսվեց «կռիվ կինոն»
2014թ. դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին: Սակայն ավազակային հարձակումը բավականին հարցականներ է առաջացրել իրավապահների շրջանում, որոնք փորձում են գտնել գործարարի եւ ավազակային հարձակում իրականացնողի կապը: Տեղեկացնենք, որ, ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 14:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ 39-ամյա Գեւորգ Սարգսյանը զինված եւ դիմակավորված մուտք է գործել նշված հասցեի տուն, ընտանիքի անդամներից սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար: Նա իր մոտ եղած «Cherchill» տիպի ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ: Տան անդամները Գեւորգ Սարգսյանին դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ վերջինս կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է ստացել եւ գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել: Նշենք, որ երբ Գեւորգ Սարգսյանը մուտք է գործել գործարարի տուն, տանը եղել են միայն կանայք (տանտիրուհին, մայրը, դայակը) եւ 1 տարեկան երեխան: Ընտանիքի հայրը` Յուրա Ղարիբյանը, տուն է եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայներ: Քննության տվյալներով՝ ամուսինը զանգահարել է կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել է, սակայն կինը չի խոսել, փոխարենը լսվել է մի տղամարդու ձայն, ով ահաբեկել է ընտանիքի անդամներին, նրանցից պահանջել է գումար` սպառնալով սպանել: Նա անմիջապես գնացել է տուն, իսկ վարորդին հանձնարարել զանգել ոստիկանություն: Զինված տղամարդու կողմից կրակոցներ են արձակվել ընտանիքի հոր, կնոջ եւ դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է մանկահասակ երեխա:
Ավազակային հարձակման առեղծվածը
Նկատենք, որ այս ավազակային հարձակումը մի շարք հարցականներ է առաջացրել ոչ միայն հասարակության, այլեւ իրավապահների շրջանում: Դատելով մինչ այս տեղի ունեցած դեպքերից՝ ավազակային հարձակում իրականացնողները սովորաբար բնակարաններ կամ առանձնատներ են մուտք գործում երեկոյան ժամերին, սակայն այս դեպքում Գեւորգ Սարգսյանը գործարարի տուն էր մտել ժամը 14:00-ի սահմաններում, ինչը կասկածի տեղիք է տալիս: Միգուցե Գեւորգ Սարգսյանի նպատակը գործարարին թալանելը չի եղել, այլ նա ուրիշ հարց է ունեցել Վարշամ (Յուրա) Ղարիբյանի հետ: Իսկ ո՞վ է Գեւորգ Սարգսյանը եւ ի՞նչ կապ կարող էր ունենալ գործարարի հետ:
Հայտնի փեսայի առեղծվածը
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի` Գեւորգ Սարգսյանը ապրում է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի կամ առավել հայտնի` Չերեմուշկայի տարածքում: Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան է: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Գեւորգ Սարգսյանի հարեւանների, ինչպես նաեւ նրան ծանոթ տղաների համար կատարվածը շատ զարմանալի է: Մեզ հետ զրույցում նրան ծանոթ տղաները նորմալ անձնավորություն բնութագրեցին. «Մարգարյան 29 հասցեում գտնվող «Պեգաս» բենզալցակայանը պատկանում է նրան, սակայն խնդիրներ ուներ, հարկայինի հետ էր, թե բանկերի, չգիտենք, բայց այդ բենզալցակայանը կա՛մ վաճառեց, կա՛մ ձեռքից վերցրեցին: Բայց այնպես չէ, որ նրանք վատ պայմաններում են ապրում, հացի խնդիր ունեն, որ գնար այդ քայլին, մենք էլ ենք շատ զարմացած»: Այսպիսով, ի՞նչը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին, հուսանք, որ այսքան տարի անց իրավապահները կպարզեն կարեւորագույն հարցի պատասխանը: Սակայն մեկ ուշագրավ հանգամանք էլ կա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ շատ տարիներ առաջ Գեւորգ Սարգսյանի աները՝ հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոն, աչք է ունեցել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վրա, որը նախկինում եղել է հացի արտադրամաս: Ըստ լուրերի՝ «Էլիտ Շանթ» հացի արտադրամասի տնօրեն Աշոտ Մանուկյանը լուրջ «ռազբորկաների» մեջ է եղել նրա հետ: Բանը հասել է նրան, որ Աշոտ Մանուկյանը սպանել է Գեչի Սամոյին: Ավելի ուշ վենդետա է տեղի ունեցել, եւ Գեչի Սամոյի որդին հենց հիվանդանոցում սպանել է Աշոտ Մանուկյանին:
Յուրա Ղարիբյանը իրավապահներին հայտնել է, որ իր տան վրա իրականացված հարձակման նպատակը եղել է գողությունը, եւ այլ բան չէր կարող լինել: Ավելին՝ վերջինս հայտնել է, թե բոլորը գիտեն, որ նա գործարար է, մեծ ունեցվածքի տեր, դրա համար էլ հարձակվել են: Մինչդեռ հարձակում գործածներից մեկը ամենեւին էլ չքավոր խավի ներկայացուցիչ չէ, ուստի չի բացառվում, որ Յուրա Ղարիբյանը ինչ-ինչ հարցեր է ունեցել իր տուն ներխուժած անձի հետ, եւ դա է եղել պատճառը, որ Գեւորգ Սարգսյանը օրը ցերեկով մտել էր Շանթի Յուրայի տուն, ու նրա հետ հաշիվներ մաքրելու համար սպանեցին: Ստացվում է, որ ՀՔԾ-ն, դատախազներին ու քննիչներին հարցաքննության հրավիրելուց բացի, պետք է կրկին քննի 7 տարի առաջ տեղի ունեցած ավազակային հարձակման խորքային պատճառները եւ հասկանա, թե ինչու սպանեցին հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսային:
Ք.Մ.
ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԴԻԵՐ
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 00։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է եւ ներսում գտնվող տարեց ամուսինները չեն արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ դուռը բացելու համար։ Փրկարարները, բացելով տան դուռը, ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել են ամուսիններ 67-ամյա Լ. Սարգսյանի եւ 72-ամյա Ս. Գեւորգյանի դիերը: Տանը հայտնաբերվել է երկտող, որի վրա գրված է. «Սա մեր ճիշտ որոշումն է, չունենք ոչ մի բարեկամ»: Ենթադրվում է, որ, հնարավոր է, ամուսինները ինքնասպանություն են գործել։
ԱՆՁՆԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը ներկայացրել է պարզաբանում անձնագրերին առնչվող ՀՀ կառավարության վերջին օրենսդրական նախագծերին: Անդրադառնալով այն կարգավորմանը, որ նախատեսվող փոփոխությամբ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր կտրամադրվի մինչեւ 19 տարին լրանալը, Մկրտչյանը պարզաբանել է. «Ներկա կարգավորումների համաձայն՝ 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագիր տրամադրվում է մինչեւ 18 տարին լրանալը, նշված նորմի կիրառումն անձանց համար առաջացնում է մի շարք խնդիրներ ՀՀ-ից դուրս իրենց իրավունքների իրացման շրջանում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օտարերկրյա պետություններում կրթության իրավունքի, միջազգային սպորտային մրցումներին մասնակցելու կամ առողջության հետ կապված խնդիրների լուծման դեպքում: Անձնագրի ժամկետի սահմանափակման պատճառով այդ անձինք մշտապես բախվում են խոչընդոտների, որոնք կլուծվեն առաջարկվող փոփոխությամբ»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ գործող օրենսդրությամբ անձնագրում ծննդավայր նշվում էր երկիրը, իսկ նախատեսվող փոփոխությամբ արդեն քաղաքացու ցանկությամբ կարող է նշվել քաղաքը, Մկրտչյանն ասել է. «Այս փոփոխությունը նախատեսվում է՝ ելնելով մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների իրացման նպատակից, եւ այստեղ անհարկի շահարկումներ իրականացնելը ճիշտ չէ: Ներկայումս գործող իրավակարգավորումներով հստակեցված չէ ծննդավայրի նշման որեւէ հստակ պահանջ, որի կապակցությամբ որպես ծննդավայր նշվում է պետությունը: Առաջարկվող փոփոխությամբ անձի ցանկությամբ կնշվի ծննդավայրը՝ գյուղ, քաղաք, մարզ, ինչի անհրաժեշտությունն առաջանում է միջազգայնորեն չճանաչված պետություններում կամ վիճարկելի տարածքներում ծնված անձանց իրավունքներն իրացնելիս: Նշված փոփոխությամբ կկարգավորվի նաեւ այդ անձանց իրավունքների իրացումը»:
Նա, որպես նախագծում առկա կարեւոր փոփոխություն, առանձնացրել է ՀՀ կառավարության 199-ի դեկտեմբերի 25 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետի երկարաձգումը, որն ապահովելու է անձը հաստատող ճամփորդական փաստաթղթի անընդհատականությունը եւ նպաստելու է քաղաքացիների իրավունքների անարգել իրացմանը: «Ներկայումս անձնագրի տրման ժամկետը սահմանված է մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը. այս փոփոխությամբ կերկարաձգվի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,- ասել է Մկրտչյանը: Նա նշել է նաեւ, որ անգիտակից վիճակում գտնվող անձանց անձնագրավորման գործընթացը դյուրացվել է: