Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի՝ կլիմայական փոփոխությունների 26-րդ համաժողովի շրջանակում հանդիպելու է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին հայտնել է հենց Էրդողանը:
Հանդիպմանը օրակարգում գլխավոր հարցը լինելու է F-35 կործանիչների հարցը, որի համար թուրքական կողմը վճարել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն ամերիկյան կողմը դեռևս ոչ մի կործանիչ չի մատակարարել:
«Մենք պետք է քննարկենք, թե ինչպես է սա մեզ փոխհատուցվելու»,- ասել է Էրդողանը:
2019 թվականին Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից՝ կապված Անկարայի կողմից ռուսական S-400 հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու փաստի հետ: Թուրքական կողմը հայտարարել էր, որ ռուսական հակահրթիռային համակարգերը սպառնալիք չեն կարող դառնալ ՆԱՏՕ-ի համար: