ՍՏԻՊՈՂԱԲԱՐ ԱՐՁԱԿՈՒՐԴ` ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ Երեւանի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասում գտնվող 20-րդ պոլիկլինիկայում տնօրենը բոլոր աշխատակիցներին պարտադրել է հերթով իրենց «հաշվին» արձակուրդ վերցնել, քանի որ պոլիկլինիկան գումարային խնդիրներ ունի: Մեզ տեղեկացրին, որ տնօրենն ասել է, թե այժմ պոլիկլինիկան ճգնաժամային վիճակում է, եւ իրենք չեն կարողանում աշխատավարձերը վճարել: Որպես իրավիճակի ելք` տնօրինությունից աշխատակիցներին հորդորել են «փուլերով» իրենց հաշվին 15 օրով արձակուրդ գնալ: Բայց մի «մեծահոգություն», այնուամենայնիվ, տնօրինությունը ցուցաբերել է. նրանք բուժհաստատության աշխատակիցներին հնարավորություն են տվել ընտրություն կատարել, թե երբ են կամենում արձակուրդ գնալ:Մեզ ահազանգած երկու տարբեր աշխատակիցներն ու նրանց հարազատները խնդրեցին աջակցել իրենց, քանի որ չեն ցանկանում արձակուրդ գնալ ու հետեւաբար զրկվել աշխատավարձից: «Բա մենք ո՞նց ապրենք էդ ընթացքում, ստիպողաբար ասում են գնացե՛ք, ինչ ա թե պոլիկլինիկան ծանր վիճակում է գտնվում: Իսկ մեր մասին մտածող չկա»,-վրդովված նշեց պոլիկլինիկայի աշխատակիցը, որը խնդրեց իր անունը չհրապարակել` հետագայում տնօրինությունում խնդիրներ չունենալու պատճառաով:«Ժողովուրդ»-ն այցելեց պոլիկլինիկա` ստացած տեղեկությունը տեղում ճշտելու համար: Պոլիկլինիկայի առաջին հարկում հանդիպեցինք մի քանի աշխատակիցների: Սկզբում, երբ ուղղակի զրուցում էինք նրանց հետ, միանգամից սկսում էին բողոքել, թե այո՛, իրենց ստիպողաբար արձակուրդ են ուղարկում, խոսում էին շատ կամաց` վախեցած այս ու այն կողմ նայելով:Բայց հենց խնդրում էինք ձայնագրել, միանգամից հրաժարվում ու հեռանում էին` առանց որեւէ բան ասելու: «Վա~յ, չէ՛, աղջի՛կ ջան, հարցրեցիր, ասեցինք, մեզ կրակի մեջ մի՛ քցի, մենք հլը պիտի էստեղ աշխատենք, ինչ արած, եթե ասում են, պիտի անենք»,-նշում էին պոլիկլինիկայի աշխատակիցները:Երբ ձայնագրիչը միացրած էր լինում, ապա լսվում էր այնպիսի պատասխան, ինչպիսին  մանկաբարձուհի Գրետա Բաղդասարյանինն էր. «Մենք արձակուրդ գնում ենք, երբ ցանկանում ենք, ես իմ արձակուրդը գնացել եմ օգոստոսին, մեկ էլ մյուս տարի, երբ որ ցանկանամ, ես առաջին անգամ եմ լսում, որ ստիպողաբար են արձակուրդ ուղարկում»: «Հիմնականում ցանկությամբ են գնում, հատկապես ամռանը, ում երբ հարմար է, եւ միշտ գնում ենք այնպես, որպեսզի փոխարինող լինի, հարմարվում ենք միմյանց, ֆսյո, էսքանը, արդեն բոլորն էլ գնացել եկել են, ազնվությամբ եմ ասում, որ նման բան չի եղել, որ պետք է ձեր հաշվին արձակուրդ գնաք, ես նման բան չեմ լսել, հիմա մենք արձակուրդ գնացող չունենք, ու բոլորն էլ աշխատում են լիարժեք, մեզ ոչ ոք նման բան չի ասել»,-վստահեցրեց կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ Նարինե Մարտիրոսյանը:Այսինքն` ձայնագրիչը միացնելու դեպքում պոլիկլինիկայի աշխատակիցները միաբերան պնդում էին, որ նման բան չկա, եւ իրենք արդեն արձակուրդից վերադարձել են:Փորձեցինք զրուցել նաեւ Դավիթաշենի 20-րդ պոլիկլինիկայի տնօրեն Էդուարդ Բարսեղյանի հետ, սակայն տեղեկացանք, որ պարոն Բարսեղյանը քաղաքապետարան է գնացել: Հորդորեցին հաջորդ օրը գալ` նրան հանդիպելու համար:Ստիպված եղանք պարզաբանումների համար դիմել պոլիկլինիկայի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանին: Վերջինս եւս պնդեց, որ իրենք գրաֆիկ են կազմում եւ հերթով աշխատակիցներին արձակուրդ են տրամադրում, իսկ այժմ բոլորն էլ վերադարձել են արձակուրդից: Մեր այն հարցին, թե ինչու է տնօրենը հրահանգել աշխատակիցներին հերթով իրենց հաշվին արձակուրդ գնալ, տիկին Ղազարյանն ասաց. «Նման բան չկա, մի քանի աշխատող մասնակցելու են մարդահամարին, այդ պատճառով չեն կարող գալ աշխատանքի, եւ իրենք այդ 10 օրն ամբողջ ժամանակ կաշխատեն տներում, դա իրենք են ուզել, հիմա ամենաակտիվ ժամանակներն են, եւ մենք լայն թափով սկսել ենք աշխատել, տնօրենը ո՞նց կարող է նման բան ասել»:Տիկին Ղազարյանը հավելեց, որ ոչ ոքի չի արգելում իրենց հաշվին արձակուրդ գնալ, բայց դա չի արվում ստիպողաբար:ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել, թե արդյոք իրենք տեղյակ են, որ մարդկանց ստիպողաբար արձակուրդ են ուղարկում եւ այն էլ «իրենց հաշվին»: Առողջապահության մամլո խոսնակ Շուշան Հունանյանը մեզ ասաց, որ իրեն այնտեղից տեղեկացրել են, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում: Իսկ քանի որ պոլիկլինիկաները գտնվում են քաղաքապետարանի հսկողության տակ, փորձեցինք նաեւ այնտեղից ճշտել տեղեկությունը: Երեւանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը եւս «Ժողովուրդ»-ին ասաց, որ նման բան չկա:Սակայն պոլիկլինիկայի աշխատակիցները շարունակում են գաղտնի կերպով պնդել, որ իրենց իրականում ստիպողաբար են արձակուրդ են ուղարկում` իրենց հաշվին: «Ժողովուրդ»-ը տվյալ դեպքում հակված է հավատալու աշխատակիցներին, այլ ոչ թե պետական մարմիններին: Ի վերջո, առաջին անգամը չէ, որ պետական մարմինների ներկայացուցիչները ստում են:Բայց սարսափելի է, որ 21-րդ դարում կան ինտելիգենտ կոչվող բժիշկներ (այս դեպքում՝ պոլիկլինիկայի ղեկավար), որոնք մարդկանց ստրուկի նման են վերաբերվում: Այն աստիճան են վախեցրել բուժհաստատության աշխատակիցներին, որ վերջիններս շշուկով են խոսում: Ահա թե ինչ Հայաստանի մասին էր ասում Սերժ Սարգսյանը, որը բղավում էր «Առաջ, Հայաստա՛ն»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս