Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ զինված ուժերում` Մարտակերտի N զորամասերից մեկում, հոկտեմբերի 9-ին` առավոտյան, 19-ամյա Վլադիմիր Ասատրյանի դին են գտել. նա ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել է: Երեկ պարզվեց, որ ժամկետային զինծառայողը մահվանից առաջ ձեռքի ափին գրել է անուններ, որոնք ենթադրվում է, որ նրա մահվան պատճառ են դարձել: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողն Արարատի մարզի Խարբերդ գյուղի բնակիչ էր, որին, ըստ մեր տեղեկությունների, սպանել են ծառայակից ընկերները, երբ ՊԲ դիրքերում հերթապահության ժամանակ նրանց միջեւ վիճաբանություն է ծագել: Վեճը հասել է նրան, որ ժամկետային զինծառայողները միմյանց անպատիվ խոսքեր են ասել, որը Վլադիմիրի մահվան պատճառ է դարձել:Երեկ երեկոյան «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 19-ամյա Վլադիմիրը մահվանից առաջ ձեռքի ափին գրել է իր մահվան պատճառ հանդիսացող մարդկանց անունները: Մեր աղբյուրների հավաստմամբ` այդ «ցուցակում» ընդգրկված երկու ժամկետային զինծառայողներից մեկն արդեն ձերբակալվել է:Մինչդեռ ըստ ԼՂՀ պաշտպանական բանակի պաշտոնական տեղեկատվության` պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ` հոկտեմբերի 9-ին` ժամը 10:40-ի սահմանում, Վլադիմիր Ասատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է գործել: Նշենք նաեւ, որ 19-ամյա զինվորի մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` զինվորի հայրն ու մայրը, որոնք թեեւ պաշտոնապես ամուսնալուծված են, այնուամենայնիվ, մասնակցել են Վլադիմիրի դիահերձմանը եւ անձամբ տեսել նրա ձեռքի ափին գրված անունները:Հավելենք, որ հոկտեմբերի 9-ին ԼՂՀ-ի N զորամասերից մեկում («Եղնիկներ») ծառայակից ընկերների կողմից բռնաբարված եւ խոշտանգված զինվորը դեռեւս գտնվում է Երեւանի զինվորական հոսպիտալում, եւ մեր աղբյուրների փոխանցմամբ` ժամկետային զինծառայողը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում, ու դեռեւս որեւէ բան չի պարզվել նրա հետ կատարվածի վերաբերյալ: Դրա համար էլ շատ աղբյուրներ պնդում են, որ զինվորը չի բռնաբարվել:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԶԻՆՎՈՐԸ ՁԵՌՔԻ ԱՓԻՆ ԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ