ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ համար ընտանիքը երկրի մոդելն է. Նունե Եսայանը՝ նոր տեսահոլովակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանը հոկտեմբերի 26-ին ներկայացրել է հանդիսատեսին նոր տեսահոլովակ՝ «Իմ սրտով»: Երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Նունե Եսայանը:

«Ժամանակահատվածը առհասարակ կապ չունի, պարզապես որոշեցի այս գեղեցիկ երգը ներկայացնել իմ հանդիսատեսին: Երգի հիմքում ընկած է գեղեցիկ ընտանիքի պատմություն, ընտաիքի մոդել, որը կարող է եւ շատերի համար օրինակ լինել: Միշտ պետք է սիրել եւ ամեն ինչից վեր դասել ընտանիքդ ու հարազատներիդ, պետք է միմյանց հանդեպ խնամքով եւ հոգատարությամբ լցված լինել»,-նշեց երգչուհի:

Նունե Եսայանի խոսքով՝ նրա համար շատ կարեւոր է իր լսարանի կարծիքը. «Ինձ համար շատ կարեւոր է իմ երկրպագուների, իմ հանդիսատեսի կարծիքն ու արձագանքները, եւ ի ուրախություն ինձ՝ արդեն շուրջ երկու տեսահոլովակ շրջանառության մեջ է եւ միայն դրական եւ ոգեւորող մեկնաբանություններ են հնչել: Եվ ինձ համար շատ հաճելի է լսել, որ իմ համախոհները կիսում են իմ կարծիքը: Ինձ համար ընտանիքը՝ դա երկրի մոդելն է: Ինչքան մենք սիրով լինենք, այնքան մեր կյանքն ավելի հետաքրքիր կլինի»:

Երգչուհու փոխանցմամբ՝ շուտով հանրության դատին կհանձնի նաեւ նոր ստեղծագործություններ, որոնք այս պահին դեռեւս գտնվում են ձայնագրման եւ գործիքավորման փուլում:

«Այս պահին մշակում ենք մեծ համերգային ծրագիր, եւ կամաց-կամաց կլինեն նաեւ համերգներ»,-ասաց նա:

Անդրադառնալով կորոնավիրուս համավարակին՝ երգչուհին նկատեց, որ շուրջ երկու տարի աշխարհը փոթորկած համավարակը խանգարում է լիապես զբաղվել երաժշտական գործունեությամբ՝ թե՛ ֆիզիկապես, եւ թե հոգեպես:

«Շատ է խանգարում մարդկային շփման մեջ, եւ ամենակարեւորը մեծ ազդեցություն է ունենում տրամադրության վրա, բայց ամեն դեպքում փորձում ենք դրական լինել եւ գոյատեւել»,-այս մասին մեզ հետ զրույցում եզրափակեց Նունե Եսայանը:

Նկատենք, որ երգչուհին վերջին շրջանում սկսել է ակտիվ երաժշտական գործունեություն ծավալել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս