Նոյեմբերի 5-ին Առուշ Առուշանյանի գործով դատական նիստն է, որի ժամանակ վերջինիս պաշտպաները պատրաստվում են բարձրաձայնել նրա խափանման միջոցի հարցը, ինչ սպասելիքներ ունեն նրա պաշտպանները դատարանից: Նշենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած ընտրություների ժամանակ Առուշ Առուշանյանը ընտրվեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել նա 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Բացի այդ, Առուշ Առուշանյանը, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի երկու և ավելի ընտրողի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Առուշ Առուշանյանի պահանջով Լուսինե Ավետյանը կազմակերպել է նրա հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի շարք բնակիչների, այդ թվում՝ Սաթենիկ Սինանյանի, Նարինե Արզումանյանի, Լիանա Մկրտչյանի, Ալինա Օհանջանյանի և Նաիրա Սարգսյանի հետ, ովքեր Առուշ Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 265-Ա որոշման հիման վրա Սաթենիկ Սինանյանի որդուն՝ Հարութ Սինանյանին, Նարինե Արզումանյանի, Ալինա Օհանջանյանին և Նաիրա Սարգսյանին բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100000-ական ՀՀ դրամ, իսկ Լիանա Մկրտչյանին՝ 220000 ՀՀ դրամ:
Հետագայում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Հայաստանի դաշինքի օգտին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, կազմակերպել է սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փատով պայմանավորված կախվածության մեջ գտնվող երկու և ավելի ընտրողներին ընտրությանը մասնակցելուն և Հայաստան դաշինքի օգտին կողմ քվերակելուն հարկադրելը:
Ք.Մ.