Վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանը «մուննաթ» է գալիս ամբողջ հայ հասարակության վրա, որ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ մեկտեղ բոլորով չեն լծվել որոնողական աշխատանքներ իրականացնելուն: Նա նաեւ մատ է թափ տալիս լրագրողների վրա, թե բավ է շահարկեն անհետ կորածների հարցը: Երիտասարդ պաշտոնյային թերեւս հիշեցնելու ու հուշելու անհրաժեշտություն կա, որ թե՛ իր զոհված եղբոր (նրա հիշատակը՝ անմար), թե՛ հարյուրավոր անհետ կորածների ճակատագրերի խեղման մեղավորը ո՛չ լրագրողներն են, ո՛չ էլ հայ հասարակությունը: Հանուն հայրենիքի պաշտպանության ՀՀ զինված ուժերում ծառայություն իրականացնողների ու բանակին կամավորագրվածների հետագա ճակատագրով ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունը պետք է զբաղվեր, հետեւաբար առնվազն գեղեցիկ ու ճիշտ չէ պատկան մարմինների սխալների ու անգործության համար այլ մեղավորներ փնտրել, դեռ մի բան էլ «մուննաթ» գալ: Հարգելով զոհված ու անհետ կորած յուրաքանչյուր զինծառայողի վիշտը՝ լրագրողները երբեք ու երբեք այնպիսի հարցեր չեն բարձրաձայնել, որ ցավեցնեն կամ վիրավորեն որեւէ մեկի հարազատի, իսկ վարչապետի երիտասարդ օգնականն իրեն իրավունք է վերապահում վեհ կերպարի մեջ մտնել ու դաս տվողի բառապաշարով խոսել բոլորիս հետ: Ծնունդով իջեւանցի երիտասարդը վարչապետի օգնականի պաշտոնին է նշանակվել պատերազմից հետո՝ 2021-ի հունվարին: Իր իսկ նշանակման մասին նույնպես իրոնիայով է խոսում. լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես վարչապետի օգնական նշանակվեց, պատասխանել է. «Տունը քնած էի, զանգեցին, ասին՝ կուզե՞ս օգնական, ես էլ մանկուց երազում էի, ասացի՝ այո»:
Ի դեպ, անհետ կորած զինծառայողների ընտանիքները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 1-ից կառավարության կողմից դադարեցվել է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության գումարների տրամադրումը: Այն անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում բողոքի ալիք է առաջացրել: Տեղեկացնենք, որ ամսական 300 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն տրամադրվում էր յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով: Ի դեպ, աջակցության վճարման ժամկետը 9 ամիս էր սահմանվել, սակայն սեպտեմբերին այն դադարեցվել է:
Լավ կլիներ՝ զոհվածի եղբայրը, որը վարչապետի օգնական է դարձել, այս հարցը նույն «մուննաթով» փորձեր բարձրաձայնել Նիկոլ Փաշինյանի մոտ, եթե կհամարձակվի:
Մեղրիում առավելագույն ձայներ ստացած թեկնածու Բագրատ Զաքարյանը, որ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն է ներկայացնում, նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ է համագործակցել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընտրությունների ժամանակ նա անգամ ՔՊ շտաբի պետ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով իշխանության ու Զաքարյանի ջրերը մի առվով չեն հոսել, եւ նա միացել է Արամ Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Զաքարյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն է ավարտել, աշխատել ԱԻՆ-ում ու մաքսային համակարգում: Եվ ինչպես բոլոր կայացած անձանց դեպքում, իշխող ՔՊ-ն նրան նույնպես որոշ ժամանակ անց չի հանդուրժել: «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցելու փաստը Զաքարյանը չբացառեց մեզ հետ զրույցում: «Այս պահին քաղաքական հարցերի չեմ պատասխանում»,- նշեց նա՝ այդպես էլ չհերքելով, որ իշխանության հետ ինչ-որ ժամանակ հարաբերություններ է ունեցել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի բացառում, որ Զաքարյանը նախկինում կարող է համագործակցած լինի իրենց հետ: «Համենայնդեպս, նրա անունը ծանոթ է,- ասում է ու հավելում։- Քաղաքական գործընթացների ժամանակ երբեմն-երբեմն նեղացվածության դեպքեր լինում են, առաձին անհատներ, գործընկերներ չեն հասկանում միմյանց: Կարող է եւ այդպես է, չեմ կարող ասել, բայց կոնկրետ ես այդքան էլ ընկճված չեմ, որ «Հանրապետություն» կուսակցությունը Մեղրիում հաղթանակ է տոնել»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նպատակ ունեն այնպես անել, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ խորհրդարան ներկայանան կառավարության առաջին դեմքերը եւ ներկայացնեն բյուջեի նախագիծը, պատասխանեն պատգամավորների հարցերին: Այժմ հենց այդ աշխատանքներն են տարվում, որպեսզի բոլոր առաջին դեմքերն այդ օրերին լինեն Հայաստանում եւ ներկայանան խորհրդարան: Խոսքը հատկապես նոյեմբերի 3-ին խորհրդարանում սպասվող քննարկումների մասին է, երբ խորհրդարան պետք է գան իրավապահ համակարգի ներկայացուցիչները եւ մասնակցեն Պետաիրավական հանձնաժողովի նիստին: Այդ օրը սպասվում է, որ խորհրդարան են գալու Հառակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Նշենք, որ այդ օրը բյուջեի քննարկումների ամենաթեժ օրերից է, երբ խորհրդարան են գալու նաեւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ՊՊԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ այլք: Նշենք, որ այսքան ժամանակ առաջին դեմքերը շատ հազվադեպ են ներկայացել խորհրդարան, ինչպես, օրինակ, Արմեն Աբազյանը, Արգիշտի Քյարամյանը. այս պաշտոններում նրանք նոր են նշանակվել, եւ բոլորը, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, անհամբեր սպասում են, որ նշված պաշտոնյաները գան խորհրդարան:
Ինչպես հայտնի է, իշխանությունները 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատերազմ հայտարարեցին բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնք քննադատել էին ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին կամ ընտրությունների ժամանակ աշխատել են այժմյան ընդդիմության օգտին: Արդյունքում Երեւանից Սյունիքի մարզ գործուղվեցին մի շարք քննիչներ, ու սկսվեց համայնքների ղեկավարների ձերբակալման ու Երեւանում հարցաքննելու գործընթաց: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մի շարք համայնքի ղեկվարների ձերբակալման ու Երեւան տեղափոխման օրը իրավապահներն ուշագրավ պատմության մեջ են ընկել: Մեր տեղեկություններով՝ մինչ քննիչները ձերբակալված համայնքի ղեկավարներին մեքենայով տեղափոխել են Երեւան, նրանց հարազատներն ու գործով անցնող վկաները ուղղաթիռով քննիչներից շուտ հասել են Երեւան ու բաժիններում դիմավորել են իրենց հարազատներին: Ասել է թե՝ կալանավորված համայնքի ղեկավարների գործով անցնող վկաները ավելի օպերատիվ են գտնվել, քան քննիչները: Քննիչները մինչ օրս հիշում, քննարկում են այդ օրերի իրադարձությունները: