Հայաստանում կորոնավիրուսային տվյալները խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին: Այս մասին ասել է ՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը: Նոր դեպքերի, մահացության ցուցանիշների աճող թվերը, խոսում են այն մասին, որ գտնվում ենք վարակի բուռն փոխանցման փուլում, ինչը մտահոգիչ է:
«Նախորդ տարի՝ պատերազմի ժամանակ, երբ հիվանդանոցները գերծանրաբեռնված էին վիրավորների առկայության պարագայում, կորոնավիրուսով հիվանդների համար տեղ չկար բուժհաստատություններում, եւ շատ էին տնային պայմաններում բուժում ստացողները: Այսօր հիվանդանոցները, առանց վիրավորների, նույն գերծանրաբեռնվածությունն ունեն: Մի քանի հարյուր մարդ սպասում է հոսպիտալացման. սա արդեն ահազանգ է»,- ասել է Արման Բադալյանը: Մասնագետի խոսքով՝ Դելտա շտամն ագրեսիվ ձեւով տարածվում է ու բավական կայուն է այսօրվա թերապեւտիկ միջամտությունների նկատմամբ: Ու եթե այս տեմպերով շարունակվի, ապա մահացության ցուցանիշի նկատելի աճ կգրանցվի:
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսի նոր ալիքն ունի իր առանձնահատկությունները. մահերի մեծ թիվ, հիվանդացության երիտասարդացում, հիվանդության բարդ ելքով դեպքերի աճ:
«Եթե մինչեւ մայիս հղիների խումբը չէր համարվում ռիսկային, ապա Դելտա շտամի առավել ագրեսիվ տարածվածության պայմաններում հղիությունը նույնպես դարձավ ռիսկային: Այսօր, ցավոք, ունենք հոսպիտալացված հղիների բավական մեծ թիվ: Հղիության ժամանակ կորոնավիրուսով վարակվելը բավական ռիսկային է վաղաժամ ծննդաբերության առումով, լինում է ներարգանդային վիճակում պտղի թոքաբորբ, որը նախկինում այդքան հաճախ չէր գրանցվում: Սա շարժառիթ է, որ հղիները մտածեն պատվաստման մասին»,- ասել է Մերի Տեր-Ստեփանյանը: Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելուց զատ, տեւական ժամանակ քաղաքացիները հետեւանքների դեմ են պայքարում: Հետկորոնավիրուսային շրջանում հաճախ հանդիպող խնդիրներն են ոտքերի թուլությունը, աղեստամոքսային խանգարումները, նյարդաբանական խնդիրները: Մերի Տեր-Ստեփանյանի խոսքով՝ այսօր խոսվում է, այսպես կոչված, երկարատեւ քովիդի («long covid») մասին, երբ ապաքինվելուց 3 ամիս անց պահպանվում են հին ախտանիշները եւ որոշ դեպքում ի հայտ են գալիս նորերը:
«Առավել հաճախ հանդիպող ախտանիշներից է հեւոցը, որը բավական երկար պահպանվում է բուժառուների մոտ, մկանացավերը, հոդացավերը, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումներ: Այն, որ վարակն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա, արդեն հաստատվել է բազմաթիվ հետազոտություններով: Սա միայն շնչուղիների վարակ չէ, այն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա»,- ասել է Մերի Տեր-Ստեփանյանը: Մասնագետները հորդորում են անպայման պատվաստվել, այն այս պահին միակ եղած կանխարգելիչ, հակազդող միջոցն է: Ըստ Արման Բադալյանի՝ անընդունելի է պատվաստումային գործընթացը շահարկելը:
«Նեղ մասնագիտական խրթին հարցերը հանրության հետ քննարկելը ճիշտ չէ, դա ունենում է բացասական հետեւանք: Եթե պատվաստումային գործընթացը վարկաբեկվում է, ապա լուրջ խնդիրներ են առաջանում: Սա շատ նուրբ հարց է, երբեք չպետք է քաղաքականացվի, վրեժխնդրության չվերածվի, որովհետեւ մարդկանց կյանքն է հարցականի տակ»,- ասել է Արման Բադալյանը: Մասնագետները նշում են, որ այն երկրներում, որոնք ունեն կորոնավիրուսի դեմ բավական մեծ պատվաստումային ծածկույթ, ինչպես, օրինակ, եվրոպական երկրներն են, ԱՄՆ-ն, Իսրայելը, իհարկե, կան նոր դեպքեր, սակայն բավական թերծանրաբեռնված են հիվանդանոցները, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է պատվաստման արդյունավետությունը:
Ն. Պ.
2066 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2066 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 286303 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1925266, վերջին մեկ օրում` 15065 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 22670 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1331-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 256525 անձ, վերջին մեկ օրում՝ 704 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 5870 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է:
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշվում է, որ հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՆՎԱԶԻ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում: Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը եւ 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում, հատկապես՝ Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչեւ -1, հողի մակերեւույթին` -3, -4 աստիճան ցուրտ:
7.
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ՝ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՊՐԵՄԻԵՐԱՅԻ ՄԱՍԻՆ
Օրերս երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը ռուսական «ծց-ՍՈ, Չրպ ՉՎպրՑպ!» շոուում տարած հաղթանակից հետո ներկայացրել է նոր տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է հատուկ երեկույթի շրջանակում:
Երգչուհու նոր տեսահոլովակը հայալեզու «Լուսնի վրա» երգի հիման վրա է, այն նվեր է երգահան Րաֆֆի Ալթունյանի կողմից: Տեսահոլովակը նկարահանվել է Լաստիվերում, ռեժիսորը երգչուհու կուրսընկերն է՝ Վազգեն Ծատինյանը:
ArmLura.am-ը երգչուհու հետ զրուցել է տեսահոլովակի մանրամասների եւ այլ հետաքրքիր փաստերի շուրջ:
«Արդեն մեկ ամիս էր, ինչ հայտնի էր, որ ես հաղթել եմ «ծց-ՍՈ, Չրպ ՉՎպրՑպ!» երգի մրցույթում, եւ ընդհանուր ընկերներից մեկի առիթի ժամանակ, երբ ես եւ Րաֆֆին հանդիպեցինք, նա անձամբ ինձ մոտեցավ եւ շնորհավորեց եւ ասաց, որ ինձ պես ոկալիստի համար ունի նվեր: Մի քանի օր հետո հանդիպեցինք, երկար քննարկումներ ունեցանք, թե ինչպես պետք է մրցույթից հետո հանդես գամ նոր ասելիքով, որը մեծ անակնկալ կլինի նաեւ իմ հանդիսատեսի համար: Րաֆֆին ասաց, որ կցանկանար ինձ տեսնել ավելի լիրիկական տեմբրի մեջ, ավելի նուրբ եւ քնքուշ ձայնով Սյուզաննայի, այլ ոչ թե մեծ դիապազոնով, «մսոտ» ոկալով, որը միշտ լսել են ինձանից իմ երկրպագուները, եւ փորձեցինք անել հակառակը»,- պատմեց Սյուզաննա Մելքոնյանը:
Երգչուհու խոսքով՝ ի ուրախություն իրեն՝ երկրպագուների եւ հանդիսատեսի կողմից ջերմ եւ ոգեւորող արձագանքներ է լսել, ինչն է՛լ ավելի պարտավորեցող են դարձրել Սյուզաննային:
«Անկեղծ ասած, երգի ամեն տողը ձայնագրելիս մտավախություն ունեի, թե արդյոք ճիշտ ենք անում, արդյոք հակառակ տպավորությունը չի ունենա, բայց, ի տարբերություն ինձ, Րաֆֆին համոզված էր, որ երգը աշխատող է լինելու, եւ մարդկանց ավելի հուզառատ են դարձնում ոչ թե ուրախ նոտաները, այլ պիանո երգեցողությունը, որը երգելը եւ տեղ հասցնելը բավականին դժվար է: Երգի պրեմիերայից հետո այնքան դրական էին կարծիքները, նույնիսկ եղան մարդիկ, որոնց կարծիքներն ինձ համար մեծ պատիվ եւ պարտավորեցնող էին»,-ընդգծեց նա:
Սյուզաննա Մելքոնյանի փոխանցմամբ՝ տեսահոլովակը նկարահանել են շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում. «Նկարահանումներն անցել են Իջեւանի Լաստիվերում, եւ լինելով ոչ այնքան էքստրեմալ ճամփորդությունների սիրահար՝ պատկերացրեք, թե որքան դժվար է եղել ինձ համար իրականացնել այդ նկարահանումները, քանի որ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ տեխնիկապես բավականին դժվար էր սարերի եւ բնության մեջ նկարահանել տեսահոլովակը: Ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, քանի որ, անկախ դժվարություններից, ջանք ու եռանդ չխնայեցին այն իրականություն դարձնելու համար»:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՍԻՆ
«Իմ Հայաստան» ծրագրի մարզային թանգարանների զարգացման ծրագրերի շրջանակում լույս է տեսել «Վայոց-ձոր. պատմամշակութային ժառանգության դրվագներ» հավաքական մենագրությունը։ Գիրքը հրատարակության է պատրաստվել Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի եւ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ համատեղ։
Հայաստանի ազգային գրադարանը հայտնում է, որ գրքում ամփոփված են այն հոդվածները, որոնք ներկայացվել են 2020 թվականին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի «Վառ անցյալ, վառ ապագա. Վայոց ձորի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին։ Գիտաժողովի նիստերից մեկը վարել եւ զեկույցով հանդես է եկել Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության եւ գրադարանագիտության բաժնի գրադարանագիտության եւ տեղեկատու մատենագիտության ենթաբաժնի վարիչ Մհեր Ղազինյանը։
Հատորն ընդգրկում է Վայոց ձոր պատմաաշխարհագրական երկրամասի մշակութային ժառանգության զանազան հայեցակետերին վերաբերող հետազոտություններ, որոնք խմբավորված են չորս հիմնական բաժիններով՝ միջնադարյան քրիստոնեական ժառանգություն, ոչ նյութական մշակութային ժառանգություն, հնագիտական ժառանգություն, նյութական մշակույթի հանրահռչակում։
Այդ բաժիններից զատ կա եւս մեկ ընդարձակ բաժին, որում ընդգրկված հոդվածներն ընդհանուր տեղեկություններ են պարունակում Վայոց ձորի մասին։ Հետազոտությունների հեղինակները ՀՀ տարբեր գիտակրթական եւ մշակութային հաստատությունների գիտաշխատողներ են։
Հայաստանի ազգային գրադարանի աշխատակից Մհեր Ղազինյանի հեղինակած գիտական հաղորդումը՝ «Վայոց ձորի մարզի գրադարանները. անցյալը, ներկան եւ ապագան» եւս ընդգրկված է գիտական մենագրությունում։
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿԸ
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 5։1 հաշվով հաղթանակը բելգիական «Բրյուգեի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում։ «Մեր լավագույն հանդիպումներից մեկն էր եվրագավաթներում։ Հավաքականների հանդիպումների ժամանակ ուսումնասիրել եւ վերլուծել էի «Բրյուգեի» բազմաթիվ հանդիպումներ։ Գիտեմ, որ նրանք լավ էին խաղացել ՊՍԺ-ի դեմ։ Այս խաղում մենք շատ փոխանցումներ կատարեցինք Ֆիլ Ֆոդենի շնորհիվ։ Շատ արագ խաղացին մեր պաշտպանները։ Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, ունեինք բազմաթիվ գոլային պահեր։ Բոլորս գոհ ենք մեր խաղից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը։ A խմբում «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար ՊՍԺ-ից։ «Բրյուգեն» 4 միավորով երրորդն է։ Գերմանական «ՌԲ Լայպցիգը» 3 պարտություն է կրել։
ՄԱՀԱՑԵԼ Է ՎԻԿՏՈՐ
ԵՎԳՐԱՖՈՎԸ
Սամարայում 74 տարեկանում մահացել է դերասան Վիկտոր Եվգրաֆովը։ Այդ մասին հայտնել են Կինեմատոգրաֆիստների միությունից։ «Մահացել է Վիկտոր Իվանովիչ Եվգրաֆովը՝ համաշխահային կինեմատոգրաֆիայի գլխավոր Մորիարտին։ Հնարավո՞ր է հավատալ դրան։ Նա երեկ է զագահարել, խնդրել կապ հաստատել Կինեմատոգրաֆիստների միության Սամարայի բաժնի հետ արխիվը փոխանցելու համար։ Վիկտոր Իվանովիչը վերականգնվում էր քովիդից հետո»,- ասված է «Սամարաֆիլմի» «ԹԽՏվՑՈՍՑպ» սոցիալական ցանցում։ Մահվան են հանգեցրել սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները։
ՀԵՌԱՑՐԵԼ Է ՄԱՐԶՉԻՆ
Անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» անգլիացի Սթիվ Բրյուսին հեռացրեց գլխավոր մարզչի պաշտոնից: Պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ։ Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել անգլիացի մարզիչ Գրեմ Ջոնսը։ «Նյուքասլը» դիտարկում է նաեւ «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի, Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի, շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի եւ իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի թեկնածությունները։ Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Նյուքասլը» 3 միավորով նախավերջինն է։ Թիմը կրել է 5 պարտություն, 3 հանդիպում ավարտել է ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ներդրումների հիմնադրամը 300 միլիոն եվրոյով գնել է «Նյուքասլը» եւ առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում կազմը ուժեղացնելու համար մտադիր է ծախսել 200 միլիոն եվրո։