ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ մարդատար «ԳԱԶԵԼ»։ Վիրավորներ եւ զոհեր չկան: Տեղում բժիշկները օգնություն են ցույց տվել քաղաքացու: Բուժօգնություն են ցույց տվել վերջերս ադրբեջանական գերեվարումից փրկված Մարալ Նաջարյանին, որի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում:

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը:

Անի Մելքոնյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Անվան փոխման պետական գրանցման հիմքերն են՝

l տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը,

l տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձն իր անվան եւ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի,

l տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:

Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝

1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկներում,

2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ ՀՀ-ն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ պարտավորություն ունի նպատակային ուսուցմամբ ուսանողը:

Ալիսա Մկրտումյան

(43 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ նպատակային ուսուցմամբ ուսանող համարվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի:

Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի եւ ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է:




Լրահոս